Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրում է․
«Աստծով:
Ցավոք, շատ ենք հեռացել Աստծուց: Մենք կանգնեցնում ենք կուռքեր, շենքերի գլխին՝ խաչեր, սակայն, դա որևէ կապ չունի Աստծո հետ: Մեր հավատքն առ Աստված ու հոգևորը փորձ է արվում վերածել իմիտացիայի: Ամեն կերպ փորձում են արժեզրկել եկեղեցին: Համակարգը գործում է, մենք շատերին չենք էլ տեսնում…
Միայն Աստծուն գալով մենք կարող ենք փրկվել և չհեռանալ մեր առաքելությունից: Եթե մենք կանք, ուրեմն Աստված մեզ դեռ հավատում է, սակայն, Աստված մի արասցե, եթե Տերը սկսի չհավատալ մեզ:
Կենաց ծառը:
Ինչ-որ մի փուլում Հայոց կենաց ծառը, որը մեր Աստծո հետ կապի և լինելիության առանցքն է, սկսեցին խեղել: Այդ ծառից ենք մենք ստանում իմաստություն: Սակայն, այդ ծառի վրա սկսեցին պատվաստել շատ գեղեցիկ և հրապուրիչ պտուղներ: Դե մենք էլ շարունակ ուտում ենք դրանք ու մոռանում մեզ, շեղվում մեզանից: Մեր իրական տեսիլքները փոխարինվում են արհեստածին միֆերով: Մենք սկսում ենք հավատալ այդ միֆերին, պայքարել դրանց համար, միֆը դառնում է համոզմունք: Մինչդեռ, մենք ունենք ազգային տեսիլք ու առաքելություն…
Ազնվականություն:
Մենք այսօր ազնվականություն չունենք: Ազնվականները Հայոց տերերն են: Օրինակ, Վրաստանում, ազնվական տոհմերի դերը շարունակում է կարևոր մնալ: Երբ սկսեցին վերանալ մեր ազնվական տոհմերը, մեր ազնվականները, մենք սկսեցինք հեռանալ մեր ինքնությունից: Օր առաջ հարկավոր է ստեղծել Հայոց ազնվականությունը վերականգնելու մոդելներ: Որպես այդպիսին, շատ հետաքրքիր է Մեծ Բրիտանիայում ասպետի տիտղոսը: Նրանք դառնում են իրենց բնագավառների էլիտան, իսկ նրանց սերունդներն ընկալվում են որպես ասպետի ժառանգներ:
Կազմակերպված փոքրամասնություն:
Մենք հայացքներս ուղղում ենք տարբեր կողմեր: Սակայն, կողմերին նայելու, սեղան նստելու համար, պետք է ինչ-որ բան ներկայացնել: Մեր հայացքը պետք է լինի դեպի Արարատը: Մեզ շատ հաճախ համոզել և համոզում են, որ մենք մեզնից բան չենք ներկայացնում, առանց այս կամ այն արտաքին ուժի մենք ոչ ոքի պետք չենք:
Իրականում, մենք աշխարհի կարևորագույն կենտրոններից Երուսաղեմում ունենք մեր թաղամասը: Պատկերացրեք, Երուսաղեմն ունի 4 թաղամաս՝ քրիստոնեական, մահմեդական, հրեական և հայկական: Սա չի կարող պատահական լինել:
Մեզ օդի պես անհրաժեշտ է կազմակերպված փոքրամասնություն: Իսկ կազմակերպված փոքրամասնությունը հզոր ուժ է:
Կրթություն:
Մեզ շեղում են մտածելու ունակությունից: Կրթությունը խեղվում է: Կրթություն ստանալը շատ տեղերում համարվում է ոչ հարկի: Գիրք կրծող, դոդիկ, ծակ պրոֆեսոր, սոված գիտնական և նման արտահայտությունները ներդրվեցին մեր առօրյա: Կրթությունը դարձավ ինչ-որ ցածր արժեք: Եթե ինչ-որ անգրագետ կարող է մեծ կարողություն դիզել, ուրեմն կարելի է և չսովորել: Կրթության դեգրադացումը կործանարար է:
Մեզ անհրաժեշտ է այստեղ ևս ստեղծել համակարգ: Մեկ կամ երկու դրական բարեփոխումները արդյունք չեն տալու: Կրթությունն ու պետությունը չպետք է կախված լինեն անձերից, այլ գործող համակարգից: Ազգային-պետական մտածելակերպը պետք է լինի կրթության առանցքում:
Համակարգ և ցանց:
Մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեպ պետք է պայքարենք: Մեր դիմաց գործում է ցանց, համակարգ: Եվ այդ ցանցի կարևոր մի հատվածին մենք չենք տեսնում: Մենք կարող ենք տանել որոշ հաղթանակներ, ուրախանալ, բայց ցանցում արագ շտկում են իրենց սխալները: Դժվար չէ մի անդամին փոխարինել մյուսով: Ցանցն այնպես է արված, որ նրա շատ անդամներ իրար չեն էլ ճանաչում, բայց վտանգի ժամանակ, ցանցը սկսում է գործել սարդի, կամ ինչպես կգրեր Չարենցը, ուղեղասարդի պես: Համակարգին, ցանցին դիմագրավելու և հաղթելու համար պետք է ստեղծել համակարգ և ցանց: Այլ կերպ բոլոր փորձերը, չնայած որոշակի գլխապտույտ խաբուսիկ հաջողություններին, մեզմ ասած դատապարտված են կործանման:
ԻՄԱՆԱԼ, ՑԱՆԿԱՆԱԼ, ԿԱՐՈՂԱՆԱԼ, ԼՌԵԼ…»։