«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
Հայաստանի պատմության թանգարանում օրեր առաջ տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Անահիտ աստվածուհուն Հայաստան բերելու գաղափարը եղել է Միքայել Բադալյանինը: 2023թ. փետրվարի 24-ին նա հարցազրույցներից մեկում բարձրաձայնել էր դրա կարևորության մասին. «Իմ երազանքներից մեկն է, որ մի օր մենք կարողանանք Բրիտանական թանգարանի հետ պայմանավորվել և Հայաստանի պատմության թանգարանում գոնե 6 ամսով ցուցադրել Անահիտ աստվածուհու գլուխը. Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ արթնացում կլինի Հայաստանում, ցուցադրությունը տեսնելու ինչ հերթեր կլինեն»:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- «Անահիտն» այսօր եկել է Հայաստան՝ Մայր հայրենիք, և անկախ բոլոր հանգամանքներից՝ սա շատ կարևոր իրադարձություն է։ Ցավոք, փորձ է արվում մարդկանց բաժանել հեթանոսների և քրիստոնյաների, կենտրոնանալ միայն քրիստոնեական ժառանգության վրա։ Անահիտը նախաքրիստոնեական շրջանի հայոց մայր աստվածությունն է։ Իմ երազանքն այն էր, որ Անահիտի կերպարը բերելով հայրենիք՝ վերարթնացում կունենանք, որովհետև գտնվում ենք բավականին բարդ հոգեբանական իրավիճակում։
- Պետք է հիշել, որ Հայաստանը գտնվել և գտնվում է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում, ու մենք անմասն չենք մնացել բոլոր այն գործընթացներից, որոնք տեղի են ունեցել այդ տարածաշրջանում։
- Բրիտանական թանգարանը, Լուվրը գիգանտ թանգարաններ են, որոնց հետ պետք է կարողանալ ճիշտ աշխատել։
- Բրիտանական թանգարանի պրոֆեսոր, ոլորտի լեգենդ Իրվինգ Ֆինկելը մեր ջանքերով և հրավերով եկավ Հայաստան։ Նա ներկայացրեց աշխարհի հնագույն քարտեզը, որտեղ նաև նշված է Հայաստանը: Նա զբաղվում է սեպագրերով։ Դասախոսություններով հանդես եկավ և դարձավ մեր պատմության կրողը։
- Այսօր գրեթե բոլոր հայ պատմաբաններն ասում են՝ իշխանությունների կողմից առաջ մղվող «Հայաստանի պատմություն» եզրույթն ընդունելի չէ։ Ու հայ պատմաբանների այդ կարծիքը չեն լսում և առաջնորդվում են 1-2 հոգու դիրքորոշմամբ։ Մեր ինքնությունը խեղելու միտում եմ տեսնում։ Գործընթացը տանում է դրան։ «Հայոց պատմությունը» բազմաշերտ եզրույթ է։ Դուք կօգտագործե՞ք «Հայաստանի լեզու» եզրույթը… Իհա՛րկե ոչ… Որովհետև «Հայոց լեզուն» խորը, բազմաշերտ հասկացություն է, նշանակում է և՛ հայերի, և՛ Հայաստանի լեզու։ Նույնը «Հայոց պատմության» դեպքում է։
- Հակապետական են բոլոր նրանք, ովքեր գործում են հակառակ մեր պետության շահի։
- Այն, ինչ տեղի ունեցավ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հետ, ամոթ և խայտառակություն է։ Երբ մենք ենք դիտողություն անում, մատնանշում սխալները, մեզ ասում են՝ ռուսամետ։ Երբ որպես մասնագետ՝ ասում էինք՝ «Հայաստանը բռնակցվեց Ռուսաստանին» ձևակերպումն անթույլատրելի է, մեզ էլ էին ասում՝ ռուսամետ, բայց երբ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրապարակային հայտարարում է, որ նման բանն անթույլատրելի է գրել, մի քանի ժամ հետո տառացիորեն ձևակերպումը հանվում է։ Կրկնում եմ, սա խայտառակություն է։ Մեզ անվանարկելու փոխարեն թող նայեն՝ ով ումից է գրանտ ստանում, ով ում է գիշերները տանում պատիվ տալիս, ով ում է շողոքորթում պաշտոն ստանալու համար։
- Շատերը մտածում են՝ էս ամենն էսպես հավերժ շարունակվելու է։ Բայց այդպես չէ։ Ոչինչ ու ոչ ոք հավերժ չէ: Մի օր ամեն ինչ փոխվելու է, և բոլորը պատասխան են տալու։ Հավերժ է միայն Աստված։ Ընտրությունը մերն է. մենք ուզում ենք պետություն ունենա՞լ, թե՞ դրոշ կիսալուսնի երանգներով։
- Շատ-շատերին պիտի հիասթափեցնեմ։ Ինձ չեն հանել աշխատանքից, իմ պայմանագիրն է ավարտվել «Էրեբունի» թանգարանի հետ, հետո պայմանագիրս չեն երկարաձգել, և արդեն 4 ամիս է՝ մրցույթ նշանակված չէ։ Եղել են նաև հետապնդումներ, ինչի մասին ես ասել եմ մի քանի անգամ։ Եթե մի թանգարան համագործակցում է Լուվրի, Բրիտանական թանգարանի, Էրմիտաժի հետ, հենց իրենք՝ իշխանության ներկայացուցիչները գալիս-գովում էին ինձ, ու հետո պայմանագիրս չեն երկարաձգում, Աստված իրենց հետ… Ես շատ լավ գիտեմ՝ ովքեր են կանգնած այս հետապնդումների հետևում։ Իմ շրջապատը բավականին մեծ է, տարբեր ոլորտներում, տարբեր գաղափարների ու ընկալումների ընկերներ ունենմ։ Սկզբում շատ ծանր էի տանում, հիմա՝ ոչ։ Ֆանտաստիկ մասնագիտական նախագծերի մեջ եմ ներգրավված, որոնք պատիվ են բերելու մեր երկրին, կարողանում եմ լավ վաստակել ու հոգալ ընտանիքիս ծախսերը։ Օրինակ՝ Կարմիր բլուրը, Էրեբունին առաջարկ կա մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկ՝ որպես ուրարտական ժառանգության կրողներ։ Ես համակարգում եմ այդ աշխատանքները։ Հիմա դա լա՞վ է, թե՞ վատ։
- Քաղաքապետարանին կոչ եմ անում՝ ամոթ է, բարձրացրեք «Էրեբունի» թանգարանի աշխատակիցների աշխատավարձերը։ Թանգարանի աշխատակիցը 68 000 դրամ աշխատավարձ է ստանում, տնօրենը, հարկերը հանած, ստանում էր 173 000 դրամ աշխատավարձ։ Թանգարանը մեր տունն էր, մենք մեր ժամանակը զոհաբերում էինք՝ հանուն թանգարանի անվան։
- Այս տարվա փետրվարի 14-ին բացվեց Էրեբունու անկյունն Էրմիտաժում։ Սա բացառիկ իրադարձություն է։ Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիոտրովսկու հետ միասին պայմանավորվեցինք ստեղծել Կարմիր բլուրի հայ-ռուսական արշավախումբ։ Ես խոսքիս տերը եղա, և ստեղծեցինք։
- Հայ-ֆրանսիական հնագիտական մեր արշավախումբն Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել և ֆանտաստիկ արդյունքներ գրանցել:
Կարասային սրահում երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Կարասի բեկորի վրա գրված էր՝ արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, և արուսի ձևով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արևմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի: Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր՝ 5 ակարկի և 6 (տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ.՝ կրկին Էրեբունիից: 10 տարուց ավելի Հայաստանում սեպագիր չէր գտնվել:
- Մենք շատ կարևոր ազգ ենք, ուղղակի դրա մասին լավ չգիտենք։ Եթե մինչ օրս մենք մնացել ենք, նշանակում է՝ շատ կարևոր առաքելություն ունենք, որից փորձում են մեզ անընդհատ շեղել: Աշխարհի հոգևոր կենտրոններից մեկում՝ Երուսաղեմում, 4 թաղամասերից մեկը կոչվում է Հայկական։ Սա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Կան ուժեր, համաշխարհային ցանցեր, որոնց համար նպատակահարմար չէ հայ տեսակի գոյությունը։ Մեր մեջ ինչ-որ կոդ կա։ Մենք ունենք առաքելություն․ ցավոք, մեզ անընդհատ շեղելով՝ հեռացնում են Աստծուց ու մեզ վտանգում են՝ տանելով կործանման։
- Արարատը մեր ինքնությունն է, գերազգային սիմվոլ․ այն մեզ ուժ է տալիս։ Արտաքին որոշ ուժերի գլխավոր նպատակը մեզ էթնիկությունից զրկելն է։ Մեր դեմ գործում են ցանցեր, որոնք անընդհատ հյուսվում են մեր դեմ։ Շատ հաճախ նրանք, ում դեմ մենք պայքարում ենք, ամենաերևացողները չեն, այս ամենի հետևում են կանգնած։ Նրանց պահեստայինների նստարանը մեծ է, անընդհատ նորերն են գալիս։ Եթե մենք ուզում ենք հաղթել, մենք էլ պետք է ստեղծենք համակարգ, ցանց։ Նրանց գլխավոր դեմքերը տեսանելի չեն։ Հնարավոր է՝ մեկին վստահես, նրա հետ կիսվես քո մտահոգություններով, հետո պարզվի՝ այդ համակարգի մաս է։ Այդ համակարգը ստեղծելու մեջ մեծ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին, որին անընդհատ փորձում են անվանարկել, հեղինակազրկել։
- Մեր գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ մենք ազնվականություն չունենք, որովհետև ժամանակին մեր ազնվականությանն արմատախիլ են արել։ Մենք պետք է ստեղծենք ազնվականության մոդել։
- Ցավոք, մեր ռեսուրսները շատ չեն, բայց մենք ունենք Աստծո կողմից տրված շնորհ։
- Մեր ազգայինն ամենայն հայկականն է և ոչ միայն։
- Հոգևոր կապեր պետք է ստեղծել, օրինակ՝ Հունաստանի, Իրանի հետ։ Եթովպիան մեր քույր եկեղեցին է։ Այնտեղ ամենասիրված սուրբը Հռիփսիմեն է։ Եթովպիայի հետ կապեր փորձե՞լ են ստեղծել։
- Հիմա կրկնվում են 1917-1921թթ․պատմական շրջանի իրադարձությունները։ Պնդում եմ՝ սիստեմի դեմ սիստեմ պետք է ստեղծել, ցանցի դեմ՝ ցանց։ Մեր կենսական շահերը պահանջում են սերտ հարաբերություններ ստեղծել այն երկրների հետ, որոնց հետ ունենք դարավոր կապեր, քույր եկեղեցիներ։ Բայց հայոց կենսական շահը պահանջում է հարաբերություններ ունենալ բոլորի հետ։ Այդ ժամանակ մեզ Անտանտը չփրկեց, փրկեց Խորհրդային Ռուսաստանի հետ ճիշտ աշխատանքը։
- Նժդեհը երբ դուրս եկավ, ո՞ւր գնաց… Իրան… Իրանով թողեցին դուրս գա, չէ՞։
- Երևանը ե՞րբ կառուցվեց։ Հայաստանն այսօ՞ր է ազգային, թե՞ Խորհրդային ժամանակաշրջանում է եղել։ Երբ փոքր ես, չես կարող 4 հոգու հետ խոսել, անընդհատ աթոռ փոխել, պետք է մեկի հետ խոսես ու ճիշտ, ազնիվ լինես։ Այդ ժամանակ ճիշտ ընտրություն կատարվեց։
- Թուրքիան օսմանյան ժառանգությամբ կայսերական պետություն է։ Բայց պետք է հիշել, որ ժամանակին կայսրություն եղած երկիրը կորցրեց շատ տարածքներ։ Ժամանակին Թուրքիան մազից էր կախված։ Հունական զորքը տեսեք՝ ուր էր հասել, բայց փրկեցին, չէ՞։ Նույնը՝ Ճապոնիան, Իսրայելը, Սինգապուրը։ Ծանր իրավիճակից դուրս եկան ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԻԼՔ ստեղծելու միջոցով, և այսօր աշխարհի գերհզոր պետություններից են։ Մենք երբևէ չստեղծեցինք տեսիլք այն մասին, որ, օրինակ, Անին պետք է սահմանից այս կողմ լինի։
- Լրագրողները թող հետաքննություն անցկացնեն՝ ի՞նչ է «Մասնակցային դպրոցը», քանի՞ դպրոցի տնօրեն է մտել դրա կազմի մեջ, ովքե՞ր են այն ստեղծողները։ Օրինակ, Երևան քաղաքի հանրակրթության վարչության պետը «Մասնակցային դպրոցի» անդամ է։ Նրանք աշխատում են, մե՞նք ինչ ենք անում։ Որևէ մեկը գիտի՞՝ ինչու է դպրոցի տնօրեն դառնալու համար ներկայացվող զարգացման ծրագրերը «Մասնակցային դպրոցը» հաստատում, ինչո՞ւ են ուսուցիչները վերապատրաստում անցնում այդ կազմակերպությունում։ Շատ հավանական է, որ «Մասնակցային դպրոցի» տնօրենը շատ ավելի ազդեցիկ է, քան ԿԳՄՍ նախարարը։ Ես Վահրամ Սողոմոնյան անունը չէի էլ լսել, քանի դեռ դասագրքի հետ կապված պատմությունը չէր եղել։
- Ինձ համար մտավորականն Աշխարհաբեկ Քալանթարն է, ով ստալինյան ռեժիմի զոհ դարձավ, բայց իր կարծիքից չհրաժարվեց։ Ամեն շլյապա և ցիլինդր դնող մտավորական չէ։
- Մեր կրթական համակարգն այսօր կատաստրոֆիկ վիճակում է գտնվում։
- Չի կարելի 2 լարի վրա խաղալ։ Էս իրավիճակում այդ լարերը կկտրվեն, մենք կընկնենք փոսի մեջ, ու մեզ կթաղեն։ Խոսքն արտաքին քաղաքականության մասին է։
- Բոլորս պետք է սկսենք ապաշխարելուց ու չհեռանանք Աստծուց։ Աստված մի արասցե, եթե Տերը մեզ չհավատա։
Մանրամասները՝ տեսանյութում։