Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․
«Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է, որն ընկած է փաշինյանական կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում։ Սուտը դարձավ նրանց համար անհրաժեշտություն, քանի որ փաշինյանական խմբակը չկատարեց ժողովրդին տված իր «տնտեսական հրաշքի» մասին խոստումները՝ թաքցնելով այն խաբեության, կեղծիքի և բռնաճնշումների միջոցով։
Այսօր մեր երկրի տնտեսության և, հավանաբար, ամբողջ երկրում կյանքի առանցքային խնդիրներից մեկը ապագայի մասին ՀՀ-ի քաղաքացիների ընկալման բացակայությունն է: Քաղաքացիները հստակ պատկերացումներ չունեն ապագայի մասին. մեծամասնությունը փորձում է ապրել մեկօրյա կյանքով: Իրական աղքատության մեջ ապրող մեր քաղաքացիների թիվը ներկայումս մեծ տոկոս է կազմում։ Եվ հենց աղքատության վրա է կառուցված ամբողջ ՔՊ-ական պետական քաղաքականությունն այսօրվա Հայաստանում։
Ընտանեկան ընթացիկ խնդիրները (երբեմն չափազանց սուր և անհետաձգելի) լուծելու համար մարդիկ պատրաստ են անել գրեթե ամեն ինչ։ Հենց անհույս աղքատությունն է նման իրավիճակներում որոշումներ կայացնելու հիմնական շարժիչ ուժը։ Մնացած շատ հարցեր մեր քաղաքացիների մեծ մասի համար արդեն երկրորդական են։
Վերջերս փաշինյանական իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ շատ են սիրում քննարկել Հայաստանի տնտեսության աճի «բարձր» տեմպերը։
Ի՞նչ պետություն ենք կառուցում, ինչպիսի՞ հասարակություն ենք զարգացնում, ինչպիսի՞ տնտեսություն ենք կառուցում, տնտեսական արդյունքների բաշխման ի՞նչ սկզբունք ենք որդեգրում:
Այս հիմնարար հարցերի պատասխանների բացակայության պարագայում՝ տնտեսական աճի մասին խոսելը պոպուլիստական դեմագոգիա է։
Առանց հայկական տնտեսությունը բաց և թափանցիկ ներդրումային տնտեսության վերածելու, առանց տնտեսության վրա օլիգարխիկ և փաշինյանական խմբակի կողմից հովանավորվող անձանց ազդեցության ապամենաշնորհացման և այն մրցակցային, նորարարական, ինտելեկտուալ և ազգային դարձնելու, խոսել մեր երկրի քաղաքակիրթ զարգացման և տնտեսական աճի մասին ՝ անհեթեթ է և անխելամիտ։
Որտե՞ղ են տնտեսության կառուցվածքային փոփոխությունները: Որտե՞ղ է դրա իրական ապամենաշնորհացումը և փոքր ու միջին բիզնեսի առաջընթացը։ Որտե՞ղ է մարդկային ներուժի զարգացումը ՝ որպես ժամանակակից պետության միակ հիմք:
Պայքարո՞ւմ ենք օլիգարխիայի և մենաշնորհների դեմ։
Այսօր երկրում իբր տնտեսական աճի «բարձր» տեմպերի շղարշի տակ տեղի է ունենում հին օլիգարխների փոխարինումը յուրային՝ փաշինյանական օլիգարխներով։
Տնտեսական աճը՝ հիմնված իշխանության, սեփականության և բիզնեսի միաձուլման, պետությունից անկախ միջին խավի սահմանափակումների և ճնշումների վրա, դա աճ է առանց լուրջ հեռանկարային զարգացման»։