կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 10:16
Հասարակություն Քաղաքական

Ոչ մի իշխանություն չի կարող լռեցնել ճշմարտությունը․ ես վաղը ներկա կլինեմ Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունենալիք ակցիային․ Մհեր Մելքոնյան

Ոչ մի իշխանություն չի կարող լռեցնել ճշմարտությունը․ ես վաղը ներկա կլինեմ Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունենալիք ակցիային․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Մեր երկրում քաղաքական հետապնդումներն այլևս բացառություն չեն, այլ դարձել են փաշինյանական իշխանության գործելաոճ։

Քաղբանտարկյալների երևույթը սոսկ իրավական խախտում չէ․ դա երկրի քաղաքական համակարգի քայքայման բացահայտ փաստ է։ Այն մեր պետության դեմոկրատական ինստիտուտների հիվանդության ամենավառ ախտորոշումն է: Երբ իշխանությունը այլ կարծիք ունեցողին պատասխանում է կալանքով, դա նշանակում է՝ իշխանությունն այլևս չի կառավարում, այլ՝ պահում է բռնի ուժով։

Այս կարևորագույն խնդիրը չի կարող անտեսվել կամ երկրորդական համարվել․ այն վերաբերում է ոչ միայն անհատներին, այլև՝ ամբողջ հասարակությանը, մեր ժողովրդավարական ընթացքին և օրենքի նկատմամբ վստահությանը։

ՀՀ-ում գործող իշխանությունը փորձում է փոխարինել քաղաքական մրցակցությունը դատական շոուներով, ազատ խոսքը՝ վախով, անհամաձայնությունը՝ կալանքով:

Հայաստանը չի կարող վերածվել մեկ կուսակցական փակ համակարգի։

Իշխանությունները պարտավոր են անհապաղ`

-դադարեցնել քաղաքական հետապնդումները,

-ազատ արձակել կալանքի տակ պահվող բոլոր քաղբանտարկյալներին,

-վերականգնել դատարանների անկախությունը,

-վերադարձնել պետական իշխանությանը ժողովրդավարական լեգիտիմություն։

Ես իմ պարտքն եմ համարում կանգնել արդարության կողքին և ներկա լինել նոյեմբերի 20-ին, ժամը` 15:00-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունենալիք ակցիային` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Կոչ եմ անում յուրաքանչյուր քաղաքացու, ում համար արժեք ունի ազատությունը, օրենքի գերակայությունը և մարդկային արժանապատվությունը, միանալ այս խաղաղ ու հրապարակային պահանջին։

Ոչ մի իշխանություն չի կարող լռեցնել ճշմարտությունը»։