կարևոր
64495 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-03 19:49
Քաղաքական

Սուտն ու կեղծիքն անձամբ ձեր և ձեր քաղաքական խմբակի մենաշնորհն է. չհամարձակվեք ուրիշներին մեղադրել դրանում․ Մելքոնյանը՝ Պապոյանին

Սուտն ու կեղծիքն անձամբ ձեր և ձեր քաղաքական խմբակի մենաշնորհն է. չհամարձակվեք ուրիշներին մեղադրել դրանում․ Մելքոնյանը՝ Պապոյանին

Հայաստանի Հանրապետությունում տիրող քաոսային իրավիճակն անպատկառ պաշտոնական ստի հետևանք է։ Այս մասին գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

«ՔՊ-ական չինովնիկների կողմից ստեղծած խնդիրներին կարծես թե վերջ չկա։ Նրանց հակապետական քայլերն օրեցօր դառնում են ավելի ու ավելի ցինիկ և կործանարար։

Տեղավորվելով իրենց համար ջերմ և հարմարավետ աշխարհում, ապազգային պաշտոնյաներն սկսեցին շատ արագ մոռանալ, թե ում շնորհիվ են հայտնվել իշխանության ղեկին։ Անտեսելով մեր քաղաքացիների մոտ կուտակված բազմաթիվ խնդիրները՝ ստախոս իշխանության ներկայացուցիչները զբաղված են միայն սեփական և թշնամու շահերը սպասարկելու գործընթացով։

Օրերս ահազանգել էի Շիրակի մարզի գյուղատնտեսական ոլորտում տիրող ծանր վիճակի մասին։ Արդեն երկրորդ տարին է ինչ շիրակցի ֆերմերները վնասներ են կրում կրծողների պատճառով։ Ինչպես անցած տարի այնպես էլ այս տարի իրավիճակը գրեթե դուրս է եկել վերահսկողությունից․ լուրջ և կտրուկ միջոցներ չձեռնարկելու պարագայում այս ամենը սպառնում է վերածվել աղետի:

Անբարեխիղճ ու փնթի գործելաոճին հավատարիմ մնալով՝ կառավարություն կոչվածն այս անգամ ևս գյուղացիներին թողեց մենակ։

Իմ ահազանգից մեկ օր անց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ի դեմս բախտախնդիր Գևորգ Պապոյանի, որն իբրև թե նախարար է աշխատում, անդրադարձել էր բարձրացված խնդրին։

Սույն անձնավորությունն ինձ մեղադրել էր հարյուրավոր մարդկանց կողմից կատարված ու կատարվող աշխատանքը չտեսնելու, անհիմն ու ստահոդ հայտարարություն տարածելու մեջ։

Խելքի աշեցեք․․․․

Խաբեբայությունից ու ստից խոսում է մի խմբակի անդամ, որտեղ ամեն բան հիմնված է կեղծիքի վրա։ Ուրիշներին անհիմն մեղադրելու փոխարեն, խորհուրդ կտամ դիտել վարչապետի աթոռը զավթած անձնավորության մամլո խոսնակի հարազատ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը։ Հուսամ դրանից հետո կգտնեք շատ ու շատ հարցերի պատասխաններ։ Չնայած ձեր պարագայում խիստ կասկածելի է։

Նորից ու նորից վերահաստատում եմ իմ տեսակետը՝ ձեր զեղծարար քաղաքական թիմը թքած ունի երկրի գյուղատնտեսության վրա։ Ինչպես թքած ունեցաք երկրիս տարածքային ամբողջականության, ազգային մշակույթի, հարյուրավոր գերիների, հաղթանակած բանակի, մեր դարերից եկած ավանդույթների ու սովորույթների վրա։

Մի օր փորձեք կտրվել ձեր իսկ ստեղծած վիրտուալ Հայաստանից ու շփվել իրականության հետ։ Վստահեցնում եմ, իրականությունը ձեր համար շատ դաժան կլինի։

Պարոն իբր նախարար, սուտն ու կեղծիքն անձամբ ձեր և ձեր քաղաքական խմբակի մենաշնորհն է։ Չհամարձակվեք ուրիշներին մեղադրել դրանում։

Ի դեպ, մյուս անգամ բարոյականության մասին խոսելուց առաջ անպայման հայելու մեջ կնայեք, որովհետև դուք ու բարոյականությունը՝ անհամատեղելի են»։