կարևոր
3412 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 16:28
Աշխարհ

Իվանաշվիլի․ Վրաստանին անհրաժեշտ է մինչեւ խրհրդարանական ընտրությունները շահել «կարճ ժամանակ»

Իվանաշվիլի․ Վրաստանին անհրաժեշտ է մինչեւ խրհրդարանական ընտրությունները շահել «կարճ ժամանակ»

Վտանգն այն է, որ հավաքական Արեւմուտքը, պարտվելով Ուկրաինայում, կարող է փորձել ռեւանշ վերցնել Անդրկովկասում եւ ամեն ինչ սկսել վրացական պլացդարմից։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կավարտվի ոչ ուշ, քան մեկ տարի անց։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կուսակցության նախընտրական քարոզարշավի պաշտոնական բացման ժամանակ: Նրա խոսքով՝ «եթե Ամերիկայի նախագահի ընտրություններում հաղթեն հանրապետականները, պատերազմը կարող է ավարտվել արդեն հունվարին»: Ընդ որում, նա ընդգծել է՝ հենց Ուկրաինայում պատերազմն ավարտվի, «Թբիլիսիի եւ Բրյուսելի, ինչպես նաեւ Վաշինգտոնի միջեւ թյուրըմբռնումը կվերանա, եւ Վրաստանը կդառնա «գլոբալ քաղաքականության խաղացողների համար հետաքրքրության բոլորովին այլ առարկա»: Իսկ առայժմ Իվանիշվիլին կարծում է՝ կուսակցության նպատակը «երկրում ուկրաինական սցենարի կրկնությունը թույլ չտալն է, քանի որ պատերազմի մեջ մտնելու դեպքում Վրաստանն ավելի վատ արդյունքներ ձեռք կբերի, քան Ուկրաինան», եւ այդ կապակցությամբ Վրաստանի համար առաջնային կարեւորություն ունի կարճ ժամանակահատվածի շահումը, իսկ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» պետք է հերթական անգամ ստանա մանդատների մեծամասնությունը:

Այս հայտարարության մեջ նկատվում է այնպիսի կարեւոր պահ, ինչպիսին է «Վրաստանի կարճ ժամանակահատվածի շահումը «մինչեւ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները»։ Ի դեպ, այս մասին օրերս զգուշացրել էր նաեւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը՝ հայտնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱՄՆ-ը մտադիր է այս երկրում հասնել իշխանափոխության։ Սցենարն արդեն մշակված է։ Խնդիր է դրված վրացական ընդդիմության ուժերով պատրաստել հասարակության մեջ բողոքական տրամադրություններ, որոնք պետք է իրենց հիմքում հակառուսական բնույթ կրեն։ Միաժամանակ, Արեւմուտքը պետք է առավելագույնս օգտագործի հանրապետության վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները։ Մասնավորապես, «Վրացական երազանքի» կառավարության վրա է դրվելու Եվրամիությանը Թբիլիսիի անդամակցության շուրջ բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը եւ «Մոսկվայի հետ Թբիլիսիի մերձեցման աղետալի հետեւանքների» մասին թեզը:

Բոլոր հատկանիշներով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն սկսել է գործել ամերիկյան նոր ձեռնարկով՝ դիմակայության էպիկենտրոն մտցնելով Սահմանադրական դատարան, որտեղ նախաձեռնվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարելու հայցերի հոսք։ Հետագայում, անկախ ընտրությունների արդյունքներից, դրանք կճանաչվեն ոչ լեգիտիմ, և «վրացական մայդանը» կպատրաստվի՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները։ Նշենք նաեւ իրավիճակի նկատելի առանձնահատկությունը։ Վրաստանի կառավարությունը, ինչի մասին ակնարկում է Իվանիշվիլին, երբեք չի ձգտել դուրս գալ արեւմտյան վեկտորի ուղեծրից եւ փորձել է այդ ձեւաչափով լուծել բոլոր խնդիրները Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ՝ համոզելով, որ շահերի բախումն աշխարհաքաղաքական բնույթ չի կրում։ Բայց Արեւմուտքը Թբիլիսիին պահանջներ էր ներկայացնում միանալ հակառուսական պատժամիջոցներին եւ Ռուսաստանի դեմ բացել այսպես կոչված «երկրորդ ճակատ»։ Իրական կատարման մեջ այս թեզը կհանգեցներ ոչ այնքան Ռուսաստանի դեմ պատերազմի, որքան Վրաստանում հերթական քաղաքացիական պատերազմի նախաձեռնմանը եւ ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերակազմավորմանը։ Վրացական ճգնաժամին Արեւմուտքը նախապատրաստում է նաեւ Հայաստանին՝ նշելով այնտեղ ոչ միայն իր տնտեսական կամ քաղաքական ներկայությունը։ Ենթադրվող իրադարձությունների ընթացքի մեջ կներգրավվի նաեւ Ադրբեջանը, որը կկանգնի ինչ-որ մեկի իրավիճակային դաշնակիցը դառնալու ընտրության առաջ։ Այս առումով Ռուսաստանը, հավանաբար, պատահական չէ, որ սկսել է շտապել Լեռնային Ղարաբաղից խաղաղապահներին դուրս բերել, որպեսզի նրանց իրավիճակի պատանդ չդարձնի։ Ինչ վերաբերում է Երեւանին, ապա նա, զգալով աշխարհաքաղաքական գլուխկոտրուկը, հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ԵՄ ձգտելու մասին, այնուամենայնիվ, սպասում է։ Այսպես, «Հրապարակ»-ը, հղում անելով իշխող քպ կուսակցության աղբյուրին, հայտնում է, թե իբր վարչապետը վերջերս նեղ շրջանակում հայտարարել է, թե  «աշնանը (ընտրությունները Վրաստանում) արտաքին քաղաքական ճակատում անակնկալներ են սպասվում»։

Սակայն ամենաինտրիգային այն է, որ Թբիլիսին ու Երեւանը հայտնվում են ընտրության առաջ։ Առաջինը Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ, նույնիսկ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակի վերացումից հետո, երկրորդը՝ Մոսկվայի հետ իրական դաշինքի եւ Բրյուսելի հետ վիրտուալ դաշինքի միջեւ։ Երկու երկրների համար էլ արեւմտյան մարտահրավերները չեն բացառում իրադարձությունների զարգացման ուժային սցենարը, եւ նրանց կողմից նույնիսկ փոքր սխալը կարող է շատ թանկ արժենալ։ Այս կարծիքին է նաեւ Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի (Բրյուսել) հետազոտական բաժնի ղեկավար Ջորջ Վլադ Նիկուլեսկուն։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայի ճգնաժամը ոչնչացրել է եվրոպական անվտանգության նախկին համակարգը, եւ Ջո Բայդենի վարչակազմը ձգտում է այդ գործընթացները վերահեռարձակել Հարավկովկասյան պետություններ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան՝ Արեւելյան Եվրոպայում մեծ տերությունների մրցակցության «հաղորդակցվող անոթների» համատեքստում»: Այդ պատճառով, նրա խոսքով, «Ուկրաինայում պատերազմի հնարավոր արդյունքներն ուղղակիորեն կանդրադառնան Հարավային Կովկասի ճակատագրի վրա»։ Նման կարծիքի հետ համակարծիք է նաեւ Իվանիշվիլին։ Վտանգն այն է, որ հավաքական Արեւմուտքը, պարտվելով Ուկրաինայում, կարող է փորձել ռեւանշ վերցնել Անդրկովկասում եւ ամեն ինչ սկսել վրացական պլացդարմից։ Իրավիճակը սրվում է նաեւ նրանով, որ միջազգային հարաբերությունների նախկին վրացական համակարգը «փշրվում է», իսկ քաղաքական ճգնաժամն ընդամենը այդ բարդ գործընթացի ներքին դրսեւորումն է։ Հետագայում կախված նրանից, թե ուր կգնա Վրաստանը՝ Արեւմուտք, թե Արեւելք, կախված կլինի Անդրկովկասի ապագան եւ կայունությունն ընդհանրապես։ Իսկ առայժմ, ըստ վրացի քաղաքագետ Զաալ Անդրոնիկաշվիլիի, ««եթե նախկինում Արևմուտքը խոսում էր միայն իշխանության հետ՝ ստիպելով նրան ինչ-որ բան անել, ապա այժմ ընդդիմությանը նույնպես պետք է ստիպել գործել»։ Նրա խոսքով՝ «դա բավական բարդ դիվանագիտական հնարք է», որի դեպքում «ընդդիմությունը պարտվողական դիրքերից է խաղում»։ Մոտենում է վրացական հանգուցալուծումը։

 

Ստանիսլավ Տարասով

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ iarex.ru