կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 18:43
Առանց Կատեգորիա

Ինչու է անհրաժեշտ եւ ինչու անհրաժեշտ չէ հանրաքվեն

Ինչու է անհրաժեշտ եւ ինչու անհրաժեշտ չէ հանրաքվեն

ԵՄ  ընդլայնման հարցերով նախարար Շտեֆան Ֆյուլեն Ստրասբուրգում` Եվրախորհրդարանի լսումների ժամանակ, հայտարարել է, թե Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք է հանրաքվեի անցկացումը, որը կլուծի Հայաստանի հետագա ինտեգրման հարցերը:  Ֆյուլեն միակ գործիչը չէ, որ Մաքսային միության եւ եվրաինտեգրման ուղղությունների միջեւ ընտրություն է առաջարկում կատարել հանրաքվեի միջոցով: Հարցն այն է, թե այդ հանրաքվեն արդյո՞ք ժողովրդին ձեռնտու է: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, օրինակ, թեեւ արդեն հրապարակել է եվրաինտեգրման ճանապարհով գնալու մասին, այնուամենայնիվ, հարցը դնում է հանրաքվեի: Մեզ մոտ ժողովրդի ընտրության հետ ոչ ոք հույս երբեք չի կապել:

 

Իհարկե, ըստ Սահմանադրության, երկրի նախագահն իրավունք ունի գնալ եւ մտնել` որ միություն ուզում է` առանց ժողովրդի հետ խորհրդակցելու: Սակայն սա այն հարցը չէ, որ պետք է լուծել առանց սեփական ժողովրդի գիտության ու համաձայնության. սա նրա ճակատագիրն է: Իհարկե, Սերժ Սարգսյանի թիմակիցները եւս առաջինը ռուսական մամուլից են տեղեկացել, թե ինչ է որոշել Հայաստանի նախագահը ու Մաքսային միություն մտնելու քայլի գովերգությանը հանպատրաստից անցել: Սակայն ասենք, որ նրանք այդպես հանպատրաստից նախագահին գովերգում են արդեն երկար տարիներ` ուրանալով ու մոռանալով սեփական անձն ու կարծիքը:

 

Դառնալով հանրաքվեին` նշենք, որ եթե անգամ նման որոշում կայացվի, ապա դա լինելու է ոչ շուտ. Մաքսային միության փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014թ. աշնանը, եւ նոյեմբերին հնարավոր է զեկույց արդեն պատրաստել եւ նախաստորագրումներ անել: Սակայն մինչ այդ հազիվ կարողանան մեր երկրի բնակչությանը լիարժեքորեն բացատրել, թե ինչ բան է Մաքսային միությունը եւ ինչ է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին: Մեր քաղաքացին այսօր տեղյակ չէ ոչ մեկից, թեեւ հարցումներ են հրապարակվում:

 

Սակայն այս պարագայում եւս հարցումները փաստում են, որ հայաստանցիները գնալով հեռանում են Ռուսաստանից ու Եվրասիական միությունից: «Եվրասիական մոնիտոր» կազմակերպության պատվերով 2012-ի գարնանը «Գելլափ»-ը Հայաստանում հարցումներ է իրականացրել ու պարզել, որ Հայաստանի բնակիչների 61 տոկոսը կողմ է եվրասիական տնտեսական միավորմանը: Մեկուկես տարի անց հարցում է հրապարակում Ահարոն Ադիբեկյանը եւ նշում, որ հասարակության 40 տոկոսը ցանկանում է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, երկրորդ տեղում Եվրամիությունն է: Նրանք իրենց հարցումների սխալականությունը չնչին են համարում (թեեւ երկուսն էլ կասկածելու բազում առիթներ են տվել): Ստացվում է, որ մեկուկես տարում Հայաստանի բնակչության 21 տոկոսը Ռուսաստանից հրաժարվել է, այսինքն` մեր բնակչությունը գնալով չի ուզում Ռուսաստանի հետ սերտ կապեր ունենալ, իշխանությունը ուզում է: Այս պարագայում արժե հանրաքվե անցկացնել` պարզելու, թե իրականությունը որտեղ է:

 

Սակայն հանրաքվեն մեծ պատասխանատվություն է: Բանն այն է, որ մեր ներկա ընտրական համակարգի ու բարքերի պայմաններում, երբ ամենաթունդ հակաիշխանականը Թումանյանի պատկերով թղթադրամը տեսնելուն պես կարող է դառնալ իշխանասեր, նույնությամբ կարող է եվրոպական արժեքները փոխարինել ռուսականով: Եվ կամ կարող է մնալ նույն սկզբունքներին, երկու ոտքը դնել մեկ կոշիկի մեջ ու ընտրել հօգուտ եվրաինտեգրման, սակայն եթե իշխանությունը ցանկանում է Եվրասիական միություն, ուրեմն ընտրական հանձնաժողովների այվազովսկիներն ու պիկասոները եւ ԿԸՀ-ի մեծագույն նկարիչ սալվադորդալիները գերակշռող կհամարեն իշխանության կամքը:

 

Մաքսային միությունը, բացի տնտեսական հեռանկարներից, մեր իշխանության համար նաեւ իշխումը երկարաձգելու լավ հնարավորություն է` հանուն որի իրենք կարող են կեղծել ցանկացած հանրաքվեի ցանկացած արդյունք: Այսինքն` կկազմակերպվի հանրաքվե, կխեղաթյուրվի ժողովրդի կարծիքը, սակայն, միաժամանակ, ամբողջ պատասխանատվությունը կթողնվի ժողովրդի վրա, թե' դու էիր այսպես ուզում: Մեր իշխանությունները ժողովրդի փոխարեն արդեն ամեն ինչ որոշել են, կարիք կա՞ այդքան գումար ծախսել, հանրաքվե անցկացնել, մեկ է` էլի իրենք են որոշելու: Իսկ մեղավորը միշտ ժողովուրդն է դուրս գալիս:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ