Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Որոշակի սպասելիքների մթնոլորտ է ձևավորվել և դրա հետ են կապված վերջին շրջանում ակտիվացած հայ-ադրբեջանական հանդիպումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպմանը, ինչպես նաև երեկ Դավոսում տեղի ունեցած` երկու երկրների ղեկավարների` Փաշինյանի և Ալիևի ոչ պաշտոնական հանդիպմանը:
Այվազյանի կարծիքով` միջազգային հանրության դրդումով են այսքան հանդիպումները` կողմերին խաղաղության են պատրաստում: «Համոզված եմ, որ այս շրջանակում վերջերս տեղի ունեցան Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև հանդիպումները: Երկու կողմերն էլ որոշ չափով իրենց վրա համապատասխան ճնշում են զգում միջազգային հանրության կողմից այս` չափից շատ ձգձգված հակամարտության լուծման հետ կապված: Երկու կողմերից էլ պահանջվում է շուտափույթ կարգավորել այդ հակամարտությունը: Համաշխարհային հանրությունը և մեծ երկրները շահագրգռված չեն խորանալ այս հակամարտության նրբությունների վերլուծության մեջ»,- ասաց նա:
Ըստ ադրբեջանագետի` երկու կողմերն էլ փորձում են համաշխարհային հանրությանը և խոշոր խաղացողներին չհակառակվել, այդ պատճառով էլ գնում են այդ բանակցություններին: «Հայկական կողմի` այս բանակցություններում ակտիվ ներգրավվածությունը հիմնականում մեկ նպատակ է հետապնդում` համաշխարհային հանրությանը ցույց տալ նոր իշխանությունների կառուցողական դիրքը հակամարտության լուծման հարցում: Ե'վ Հայաստանը, և' Ադրբեջանը, իհարկե, փորձում են ժամանակ շահել: Ամենակարևոր նպատակը ներկայիս բանակցությունների փուլում փաստացիորեն խաղաղության երկարաձգումն է»,- ասաց նա:
Այվազյանը շեշտեց, որ պետք է հիասթափեցնի Ադրբեջանին, նաև Հայաստանում որոշ ուժերի, համաշխարհային հանրության կառույցներին, որոնք ակնկալում են, թե կլինեն միակողմանի զիջումներ: «Փաստն այն է, որ Հայաստանում, որ ուժն էլ լինի իշխանության, չի կարող Արցախյան հարցում զիջումների, մանավանդ` միակողմանի զիջումների գնալ: Որովհետև երբ ցանկացած իշխանություն, որը փորձի մտածել անգամ դրա մասին, միանգամից իշխանությունից կզրկվի: Այս նրբությունը պետք է հասկանան համաշխարհային հանրության խաղացողները: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նա էլ պատրաստ չէ որևէ զիջման: Ատելության քարոզչությունն Ադրբեջանում ներկայումս միայն ուժգնանում է, ի տարբերություն հայկական կողմի, որն, իրոք, որոշ նշանակալի խաղաղասիրական քայլեր է ձեռնարկում:Ադրբեջանը դա չի անում բոլորովին»,- նշեց նա:
Իսկ թե ինչի՞ շուրջ են զրուցել Փաշինյանը և Ալիևը, Այվազյանի կարծիքով` հայկական կողմից ևս մեկ անգամ խոսակցությունը գնացել է ինչ-որ չափով լարվածությունը նվազեցնելու մասին: «Համոզել ադրբեջանական կողմին, որ երկու կողմերին անհրաժեշտ է որոշակի պաուզա, չսրել հարաբերությունները, որովհետև երկու կողմերի և առաջին հերթին Ադրբեջանի համար դա կարող է շատ բարդ հետևանքներ ունենալ: Եթե Ալիևն այս մեծ խաղում սխալվի, կնախանձի Քադաֆիի ճակատագրին: Հայկական կողմից կառուցողական մթնոլորտ ստեղծելու այս փորձերը հանիրավի են. ագրեսորին հնարավոր չէ կառուցողական դաշտ բերել, որովհետև Ադրբեջանը միայն ուժի լեզու է հասկանում, ուրիշ լեզու չի հասկանում: Ցանկացած խաղաղասիրություն Ադրբեջանն ընկալում է որպես թուլություն, և մենք պետք է լավ իմանանք, թե ում հետ գործ ունենք: Հայկական կողմի դիրքը սա է: Ադրբեջանը ստիպված է միջազգային հանրության, երկրում որոշակի շրջանակների ճնշման և, այսպես ասած, դիվանագիտական խաղին չհակադրվելու համար գնալ սրան: Իսկ թե ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ժամանակը ցույց կտա: Հուսով եմ, որ մեր իշխանությունները չեն կորցնեի զգոնությունը և ցանկացած իսկ վտանգի պարագայում կլծվեն մեր հայրենիքի, ժողովրդի պաշտպանության գործին, մանավանդ, որ հիմա սպառնալիքները չափից ավելին են, մենք կարող ենք հույսը դնել, ինչպես միշտ, առավել ևս` հիմա, միայն մեզ վրա»,- ընդգծեց ադրբեջանագետը:
Այվազյանը պատահական չի համարում այն հանրահավաքները, որոնք տեղի են ունենում Արդբեջանում: «Դա նույնպես Ալիևի կողմից կիրառվող գործիք է: Նա պետք է այդ միտինգներով ցույց տա, որ չի կարող հայատյացությունը փոխել: Մերոնցից շատերը չեն հասկանում, որ Ադրբեջանում այդ ուժերի, որոնց անունը դրվել է ժողովրդավարական ուժեր, առաջնորդներն ազգայնական են: Այդ միտինգներում խոսվում է ադրբեջանցի բլոգերին բաց թողնլու մասին, բայց լեյտմոտիվն ի՞նչն է` մահ` հայերին, Իլհամ Ալիևին մեղադրում են զիջողական դիրքորոշման մեջ: Մենք պետք է ուշի ուշով հետևենք դրան, երկու կողմից էլ Ալիևի համար դա շատ օգտակար վիճակ է, նաև նրանք կարող են, եթե այդ միտինգները վերահսկողությունից դուրս գան, դիմել իրենց սիրելի քայլին` ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բախում սադրեն Ղարաբաղյան ռազմաճակատում: Մենք բավականաչափ դժվար իրավիճակում ենք հիմա և պետք է ոչ թե արձագանքողի դերում լինենք, այլ նախաձեռնողականությունը վերցնենք, հակառակ պարագայում տարածաշրջանում բուռն զարգացող իրադարձությունները մեզ երկրորդ շանս այլևս չեն տալու»,- կարծիք հայտնեց ադրբեջանագետը:
Իսկ թե ի՞նչ քայլեր պետք է կատարի Հայաստանը, ըստ նրա` ամենակարևորը ադրբեջանահայության գործոնն է: «Ադրբեջանահայության գործոնն այստեղ կարևորագույն հարց է: Ադրբեջանահայության ճակատագրի ճիշտ ներկայացման ու մեկնաբանման մեջ են թաքնված Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծումները: Պիտի ճանաչենք Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը, պատրաստ լինենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը պետք է անեինք ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Մենք մի շարք գործիքակազմեր ունենք, պետք է աշխատենք Սփյուռքի, նաև բոլոր ավանդական կուսակցությունների հետ, հիմա հակասություն խաղալու ժամանակը չէ, որովհետև մեր երկրի, ժողովրդի լինել-չլինլու հարցն է սեղանի վրա: Եթե մենք այս շանսը բաց թողնենք, երրորդ շանսը մեզ չի տրվի»,- եզրափակեց Այվազյանը: