կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 13:41
Իրավական

Բողոքարկելով Պերմյակովի վճիռը` փորձում են ժամանակ շահել

Բողոքարկելով Պերմյակովի վճիռը` փորձում են ժամանակ շահել

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Աղաջանյանը Yerkir.am-ին հայտնեց, որ բողոքարկելու է իր պաշտպանյալին ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) ազատազրկման դատապարտելու որոշումը՝ նշելով, որ կոնկրետ այդ մեղադրանքն անհիմն է:

Մեր այն դիտարկմանը, թե, միևնույն է, այդ մեղադրանքը որևէ կերպ չի կարող ազդել նրան ցմահ ազատազրկման դատապարտելու վճռի վրա, փաստաբանը պատասխանեց. «Այո, դա այդպես է, սակայն անձն իրավունք ունի բողոքարկելու վճիռը, և նա պետք է դատապարտվի միայն այն հանցանքի համար, որը կատարել է: Ամեն դեպքում` դա կատարվել է`նրա շահերից ելնելով»:

Պաշտպանի խոսքով՝ դատավճռից հետո Պերմյակովը չէր ցանկանում այն բողոքարկել, և այժմ էլ, երբ ինքը բողոքարկել է վճիռը, Պերմյակովը կարող է հետ վերցնել այն:

Այն, որ Պերմյակովի նկատմամբ ընտրված պատժի բողոքարկումը ձևական բնույթ է կրում և նպատակ ունի ձգձգել նրան՝ ՌԴ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու գործընթացը, ակնհայտ է: Ըստ ամենայնի` մեր երկրի համապատասխան մարմիններն այս գործընթացը ձգձգում են՝ գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը սպառելու և Պերմյակովին ՌԴ տեղափոխելու գործընթացի նկատմամբ ուշադրությունը չեզոքացնելու համար: Սակայն մեր երկրում ոչ ոք դեռ չի մոռացել, որ ժամանակին նրանց անգործության արդյունքում տապալվեց Պերմյակովին Հայաստանին հանձնելու գործընթացը, իսկ այսօր  նրան՝ ՌԴ տեղափոխելն ընդամենն այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է:

Դիտարկելով հարցի մյուս կողմը` առանձնացնենք մեկ այլ ուշագրավ հանգամանք: Ռուսական բանտային համակարգին ծանոթները կփաստեն, որ ցմահ ազատազրկման դատապարտվածների համար այդ երկրի կալանավայրներն իսկական մղձավանջ են: Փաստեր կան, որ ռուսական կալանավայրերում ցմահ ազատազրվածների կյանքի տևողությունը բավականին կարճ է, անգամ` մեր երկրի՝ բազմաթիվ խնդիրներ ունեցող ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող ցմահ դատապարտվածների համեմատ: Այս պարագայում ակնհայտ է, որ ռուսական կալանավայր տեղափոխվելուց հետո Պերմյակովին այնքան էլ «հաճելի» օրեր չեն սպասվում, ինչպես կարծում են շատերը: Պարզապես փաստը մնում է փաստ, որ ոճրագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում, և Պերմյակովը ի սկզբանե պետք է պահվեր ՀՀ կալանավայրում և դատվեր հայաստանյան դատարանում, ոչ թե ռուսական ռազմաբազայի տարածքում տեղակայված ինչ-որ դահլիճում:

Մեր հասարակությունն այդպես էլ չի իմանալու, թե ինչպես է Պերմյակովը բանտում անցկացնում իր տարիները, ինչպես և չի իմացել մինչ այս պահը, թե ինչպես է նա իրեն պահում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կալանատանը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ին Վալերի Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել առանձնակի դաժանությամբ կատարած սպանության՝ զուգորդված՝ ավազակությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Գյումրիում տեղակայված 5-րդ կայազորային ռազմական դատարանի վճռով Պերմյակովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման դասալքության, զենք գողանալու եւ ապօրինի զենք կրելու համար: