կարևոր
928 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 17:28
Քաղաքական

Այսօր էլ պահպանում ենք հնարավորություն` քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար. Աբրահամյան

Այսօր էլ պահպանում ենք հնարավորություն` քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, յուրաքանչյուր տարի, հունվարի 28-ի խորհրդանշական օրը, շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ հանրային-քաղաքական դաշտում մոտեցումները տարբեր են այն հարցում, թե արդյո՞ք առհասարակ դեռ նշելու տոն կամ առիթ կա:

Ես կարծում եմ, որ հունվարի 28-ն այսօր ևս մեկ առիթ է հիշելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն անձանց, ովքեր մեր հայրենիքի համար ծանր օրերին ոտքի կանգնեցին, հայրենիքի պաշտպանի առաքելություն ստանձնեցին, միավորեցին իրենց ջանքերը զինված ուժեր կազմավորելու և այն կայացնելու համար:

Այն, որ մենք այսօր էլ պահպանում ենք հնարավորություն` քաղաքական անհրաժեշտ փոփոխությունների պարագայում, բեկում մտցնելու և մեր բանակն անհրաժեշտ զարգացման ու արդիականացման հուն վերադարձնելու համար, հիմքում ունեն այն ոգին, կամքն ու ջանքերը, որոնք դրվել են 90-ականների սկզբին:

Մեր բանակի կազմավորման ընթացքն անխոչընդոտ չի եղել և նրա կայացման ու անհրաժեշտ մարտունակության հասցնելու ընթացքն ուղեկցվել է լարված իրադարձություններով, մարտական գործողություններով, պատերազմներով և շատերն այս սրբազան ճանապարհին հերոսի մահով ընկել են:

2015 թվականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական որոշում կայացրեց` Սրբադասելու 20-րդ դարի սկզբին, հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանության զոհերին:

Կարծում եմ` այսօր էլ, առնվազն քննարկելի է Սրբադասել մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին, ովքեր իրենց գիտակցված առաքելությունն իրականացրել են` վճարելով իրենց, իրենց ընտանիքների և պետության համար ամենաթանկ գինը` մարդկային կյանքով:

Խորը հարգանք ու անսահման գոհունակություն բանակի հիմնադրման և կայացման գործում ավանդ ունեցած մեր հայրենակիցներին:

Հավերժ փառք մեր անմահ նահատակներին»: