կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 22:53
Քաղաքական

Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները

Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ ճնշումները մեծանում են։

ԱԱԾ-ն օր առաջ պետք է վերադարձնի Վերաքննիչ քրեական դատարանից առգրաված համակարգիչները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը։

«Ընդհանրապես համակարգիչ առգրավելն արդեն իսկ խնդիր է։ Հնարավորինս պետք է զերծ մնալ նման գործողություններից, այլ միջոցներ ձեռնարկել, ոչ թե գալ, համակարգիչը վարդակից անջատել, ամբողջությամբ վերցնել, տանել»,- ասաց նա։ 

Ղազարյանի խոսքով` քրեական դատավարության մեջ գորյություն ունի համարժեքության սկզբունք. եթե կարելի է այլ միջոցներով իմֆորմացիա ստանալ, պետք է առաջին հերթին դա անել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների տարանջատման սկզբունքին։ 

«Գործադիրը չպետք է տրվի գայթակղությանը, որ ինքն ուժ ունի, իսկ դատական համակարգը չունի ուժ։ Ինֆորմացիայի համար ԱԱԾ-ն կարող է դիմել և այդ իմֆորմացիան ստանալ։ Անհամարժեք կոշտ միջոց է սա`ուղղակի մտնել համակարգիչներ վերցնել, տանելը։ Դրա համար կարելի էր դիմել դատական համակարգին, խնդրել տեղեկություններ տրամադրել, ասենք` ԲԴԽ-ի միջոցով»,- նշեց նա։

Ղազարյանն ասում է`դատական գործերը, կալանավորումների բողոքարկման դիմումները ոչ համակարգչային համակարգով մակագրելու մեխանիզմը կիրառելի է, սակայն դատարաններում համակարգչային տեխնիկայով մակագրումների պրակտիկան ներդրվել է, որ մակագրումներն արվեն ըստ գործերի հաջորդականության, և ոչ թե կոնկրետ գործով կոնկրետ դատավոր «ընտրեն»։

Փաստաբանի կարծիքով`այստեղ բախվում են դատարանի անաչառության, անկողմնակալության խնդրի հետ։ 

Նրա համոզմամբ` 2004 թվականից սկսած, երբ դատական համակարգն առանձնացվեց արդարադատության նախարարությունից, դատարաններն սկսեցին անկախանալ և չենթարկվել գործադիրի ճնշումներին։ Նրա խոսքով` չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարիներին ճնշումներն էլ դատական համակարգի նկատմամբ մեծանում են։

Հիշեցնենք` հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, որ ներազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք և մի քանի համակարգիչներ առգրավել։ 

Պատճառը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որը վերաբերում է դատական գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։

Աղբյուրը՝  Sputnik Արմենիա