Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Հանդիպման սկզբում դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին բարձր է գնահատել ինչպես Հայաստանում ԵՄ գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ կայուն ու արդյունավետ փոխգործակցության երկարամյա փորձը։
Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերի, կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին, ինչպես նաեւ ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետությունում կալանավորված զինծառայողներին իր կատարած այցի մանրամասները։
Դեսպանը կարեւորել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունը, ներառյալ նաեւ փաստահավաք աշխատանքները, դրանց հիման վրա մշակված զեկույցները, որոնք միջազգային հանրության համար ծառայում են որպես հավաստի եւ վստահելի աղբյուր։
Կողմերը քննարկել են նաեւ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական մարտահրավերները, ի թիվս այլնի անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող նոր գործողությունների ծրագրի մշակման ընթացքին, իրավունքի գերակայության ապահովմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը, ընտանեկան բռնության դեմ պայքարի, ատելության խոսքի դեմ համապարփոակ քաղաքականության մշակման եւ իրականացման կարեւորությանը։
Հանդիպման վերջում կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը եւ նախանշել են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ: