Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի մեծ ողբերգության նախօրեն էր: «Անուշ» նստած էինք իրար հետ՝ ես, Շառոյան Ռադիկը և Սահակ Սահակյանը: Սահակի ներկայությամբ, բնականաբար, խոսակցության թեման երաժտությունն էր: Խոսում էինք այն մասին, թե ազգային-հեղափոխական երգը, որքան դերակատար եղավ և ինչ ազդեցություն ունեցավ Արցախյան ազատամարտի, ազատամարտիկների ոգու բարձրացման և հայրենասիրական դաստիարակության գործում: Սահակն ինձ ասած, թե՝ «Այ էս թեմայով մի բան գրիր»: Մոտ երեք շաբաթ անց գրված պատմվածքը ներկայացրի ընկերների դատին: Հետո տեղի ունեցան աներևակայելի իրադարձությունները և մենք մեզ մոռացանք, ուր է թե ուրիշ բաների մասին հիշեինք: Սահակի հեռանալուց հետո հիշեցի այդ ամենը և որոշեցի պատմվածքը հրապարակել՝ նկատի ունենալով, որ երգչի նախատիպը Սահակն է և պատմվածքն էլ նվիրվել է սիրելի ընկերոջը:
Արտաշես Շահբազյան
***
Երգը քեֆի սեղանով տարածվեց լավաշ հացի հետ: Բազմաձայն երգը սենյակ խուժեց տղերքի խուռներամ բազմության, հատակին քսվող աթոռների աղմուկի, դանակ-պատառաքաղի, ափսե-բաժակի չխկչխկոցի հետ միաժամանակ: Սեղանի գլխին կանգնած Հրամանատարը փորձում էր հաղթական բազուկների պես դեպի վեր պարզել բեղի ծայրերը, բայց մազը չէր ենթարկվում: «Էս ձեւով չենք հաղթի, ամեն մեկը մի երգ է երգում՝ անսլուխ-անկանոն, բարձ ու ցածր, տեղին ու անկապ՝ անկազմակերպ: Անկազմակերպ, աներգ զորքը ո՞նց կհաղթի: Ա՜խ երգիչ, հենց հիմա՞ դու պիտի ցավ ու հոգսի բեռան տակայսպես տկարանայիր, ախր հույսս քո երգն էր»:
Վերջում սեղանին մոտեցավ երգիչը, դանդաղ քաշեց աթոռը, զգույշ, ասես ամեն շարժում ցավ էր պատճառում մարմնին, ինքնամփոփ տեղավորվեց տղերքի կողքին:
-Որտե՞ղդ է ցավում,- հարցրեց կողքին նստած խոհարարը:
-Հոգիս՝ եղբայր, հոգիս,- տնքաց երգիչը:
-Չէ՛, այսպես չենք հաղթի,- հաստատեց մտքում Հրամանատարը, մատների մեջ մտազբաղ տրորելով բեղի ծայրը, ինչպես կխաղար համրիչի քարերի հետ,- խեր, շառ, Աստված, խեր, շառ Աստված, Աստված, Աստված, Աստված՝ կարող է այնպես պատահել, որ էս պատերազմը հաղթենք՝ երկիրն ազատագրվի, էս երկրի վրա իշխի հայի շունչը, մանուկների անհոգ խաղը, սիրահարների երջանիկ ծիծաղը: Ամեն առավոտ, գետի պես, փողոցներ հորդան համազգեստավոր դպրոցականների խմբերը, իսկ նրանց ուղեկցի շինարարների մուրճերի ու հատիչների համերգը, հետո մեդալները կրծքերին շարած զինվորականները, իրենց պճնված կանանց հետ, երեխաների ձեռքները բռնած հպարտ-հպարտ գնան շքերթի, ու ամեն տարի ազգը շքերթ անի՝ հպարտ ու ձիգ զինվորներով, տանկերով ու հրանոթներով՝ բարձրում կանգնած ազգային իշխանության ղեկավարությամբ: Բայց, Աստված, դեռ կռիվը չսկսված ես էս ինչ ցնորքների մեջ եմ: Հույսս մեզ վրա դնելու փոխարեն, քո ամենակարողութանն եմ ապավինում...
Հրամանատարը սթափվեց, որովհետեւ տղերքը ծամելն ընդհատել՝ հայացքները հառել էին իր կողմը: Հրամանատարը վերցրեց օղիով լի բաժակը, մեկ անգամ էլ վեր ձգեց բեղի ծայրն ու մաքրեց կոկորդը,- ականջիս շշուկներ են հասնում, իբր որոշները շատ խիստ թերագնահատում են թշնամուն, իբրեւ թե, խաղ ու պար անելու պես հաղթելու ենք: Պաշտոնապես հայտարարում եմ, որ դատապարտում եմ, նման թեթեւամիտ խոսակցությունները: Եթե թշնամին իրենից բան չներկայացներ ու զանազան հանգամանքներից օգտվելու հունար չունենար այսօր նստած չէր լինի մեր հողերի վրա ու չէր պատահի այն՝ ինչ պատահել է: Մենք այս պատերազմը հաղթելու ենք, բայց ուրիշ պատճառով, հաղթելու ենք, որովհետեւ չենք կարող պարտվել՝ այլես չենք կարող պարտվել, մեր պարտությունների լիմիտը սպառվել է: Կամ մենք կհաղթենք ու սա կդառնա մեր հաղթանակների սկիզբը կամ՝ կպարտվենք ու պարտությունը կդառնա մեր վերջի սկիզբը: Խմում ենք հաղթանակի համար:
Տղերքը ոտքի կանգնեցին ու կնճռոտվելով կուլ տվեցին խաղողի թանձր օղին: Հրամանատարը միացավ հացկերույթին, որովհետեւ տղերքին անհանգստությամբ վարակել չէր կարելի՝ հաջորդ օրը տեղի էր ունենալու առաջին մարտը:
Սեղանի վրա իշխում էր քչփչոցների, շարժվող դանակ-պատառաքաղի խուլ ժխորը: Այս ժխորից զատվեց տխուր-մեղրածոր երգը.
Ով կամավոր է գրվում այն օրից հերոս է նա,
Իր ազգի ազնիվ կռվում ամենամեծ հույսն է նա,
Սիրահոժար, մահն աչքերին է գնում,
Առյուծի պես է կռվում:
Չի երազում ոչ անուն, ոչ ոսկի, ոչ գանձ,
Հայրենիքն է իր հոգում սրբազան նախանձ,
Կռիվներ է մղում նա բոցերում անշեջ,
Սխրանքները չի պատմում, պահում է իր մեջ:
-Երգի՛չ, - հուսահատ-թախանձագին կանչեց Հրամանատարը, առանց այն էլ իր կենացը մի բան չէր, հիմա էլ երգիչն էր ծանրացնում մթնոլորտը: Երգիչն ընդհատեց երգն ու լուռ-հարցական նայում էր Հրամանատարին: Հետո նա դողացող ձեռքը երկարեց, վերցրեց օղու շիշը, լցրեց բաժակն ու մոտեցրեց այն շուրթերին, բայց, միտքը փոխելով, ետ դրեց բաժակը, անձեռոցիկով սրբեց բերանն ու բազուկներին ուժ տալով ոտքի կանգնեց.
Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն,
Փայլեցն ում է արևի պես պատկերը մարդուն…
Տղերքն աշխուժացան,- ընկերների կենացը, մեր ընկերության կենացը,- կանչեցին այս ու այն կողմից՝ նրանց միացավ ևՀրամանատարը: Խմիչքը քաշեցին գլխներին՝ բաժակներն աղմուկով զարկելով իրար: Տրամադրությունը մի քիչ փոխվեց, տղերքը բարձրաձայն կատակում էին: Հրամանատարը հերթով նայում էր նստածներին ու զարմանում.«էս քսան օրում ոնց փոխվեցին տղերքը, անհոգ դեմքերին մտահոգությունը ակոսներ գծեց՝ լրջացան: Նորածիլ բեղ-մորուքը, խռիվ մազափնջերին խառնված ալյուրի նման փոշին, խոհուն տեսք հաղորդեցին երեկվա արհեստավորին, ուսանողին ու դպրոցականին,- Ճո՛ւտ, ճուտը ո՞րտեղ է,- ձայն տվեց հրամանատարը:
-Արջի թիկունքի ետևում եմ Հրամանատար, տնաշենի թիկունքն էնքան լայն է, որ կողքին նստած չեմ երեւում,-ասաց Ճուտը, ափով շփփացրեց արջի թիկունքին ու ոտքի կանգնեց՝ պատանեկան չարաճճի ժպիտը երկնքի պես ջինջ աչքերում: Հրամանատարի ասելիքը կատակից հեռու էր,- եկեղեցին լրիվ մաքրվե՞ց, աղբը հեռացրի՞ք տարածքից:
-Ոնց որ հրամայել էս, ընկեր Հրամանատար, մտնես եկեղեցի կհիանաս՝ յուղ շաղ տաս՝ յուղ կհավաքես:
-Լա՛վ,- պահպանելով դեմքի լրջությունը արձագանքեց Հրամանատարը, միաժամանակ ականջից չվրիպեց Լոլոզի քրթմնջոցը,- չեմ հասկանում կռվելու ենք եկել, թե՝ բարեգործական ածխատանքների, մի շաբաթ է եկեղեցի ենք բարեկարգում:
Հրամանատարի ներսում կուտակված տագնապներն ու մտահոգությունները կարծես միանգամից պրկվեցին ու վերածվեցին շիկացած զսպանակի: Նա ծառս եղավ տեղից ու գոչեց,- Լոլո՛զ եթե կարծում ես թե էս պատերազմը ձեռքիդ խաղալիքով էս հաղթելու, իմացիր, որ խորը մոլորության մեջ ես: Ես քեզ խնդրում եմ, չէ՛ պահանջում եմ, որ այսուհետև, պատերազմական ժամանակներին համապատասխան վերաբերմունք դրսևորես բոլոր հրամանների նկատմամբ եւ շուրջդ սադրիչ մտքեր չտարածես: Հակառակ դեպքում քաղաքի շորերդ կհագնես ու հայդա՝ որտեղից եկել ես:
Լոլոզը դժգոհ սսկվեց, մի պահ շփոթմունք տիրեց սենյակում, միայն ժպիտն էր ժպտալով նայում շուրջբոլորը: Տեղին միջամտեց երգը.
Երազ իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:
Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր, Հայաստան:
Կեսից բոլորը միացան երգին, հրամանատարի աչքերը կայծկլտացին, դեմքի ամպերը սկսեցին ցրվել:
- Տղե՞րք, բա չխմե՞նք մի բաժակ,- երգիչը խրոխտ ոտքի էր կանգնել, մեծ ափի մեջ, ականի պես թափահարում էր օղու շիշը:
Հետո երգիչը բազուկը գցեց Արջի թիկունքին ու իր հետ տարավ սրահի կենտրոն: Մեկ մարդու պես տղերքը շարվեցին կողք-կողքի, ամուր շղթա կազմեցին, անխոցելի բերդապարսպի նման, եւ երգի թնդյունի հետ սենյակը լցվեց հատակին զարնվող ոտքերի դոփ-դոփյունով, պարողների գոռում-գոչյունով: Պարի հրամանատարը երգը դրոշի պես առաջ պարզած երգիչն էր: Երգիչը ձգվել էր, թավ գլուխը ետ գցել՝ կծկված ուսերը բացել լայն, դարձել էր ճկուն, շարժումը հաստատուն, ոտքերն ամուր՝ ինչպես նախկինում: Ոգևորության լիցքերից սենյակը թնդում էր, երգի ու կանչերի ձայները դուրս էին թռչում բանտող պատերի միջից և թևածում էին դեպի լուսնի արծաթ շղարշով պատված լեռնալանջերը: Գիշերային մյուս ձայները սսկվել էին: Հեռվից ականջ դնողին կարող էր թվալ, թե կռիվն արդեն սկսվել է:
Երգիչը, քրտինքը սրբելով, մոտեցավ Հրամանատարին,- ընկե՛ր, ինձ զենք կտաս՝ առավոտյան ես էլ եմ գալու:
-Եղբայր դու կազդուրվիր, առանց քեզ էլ մի բան կանենք:
-Հիմա արդեն լավ եմ, երգը մտավ ոսկորներիս մեջ, միտքս զուլալվեց, երբ չեմ երգում հիվանդանում եմ: Հետո, ասեմ քեզ, առանց երգի կռվելը ճիշտ չէ: Հրամանատարը ցցված բեղի տակ թաքցրեց խորամանկ ժպիտը ու Երգչի հետ մտավ պարի շրջանի մեջ:
Արարատն առա՛ջ հայ զինվորը քաջ,
Վրեժ մեր սրտում՝ գնանք աննահանջ...
Արյան ընդվզումից ծայր առած ոգեւորությունը դուրս էր հորդում երգի ու պարի հետ, ինչպես փրփրացող գինին՝ լիքը կարասից: Պատերը հարբել՝ շորորում էին թունդ երգից, հատակի փայտերը թմբկահարում էին տղերքի պարին համահունչ: Խոհարարը օղին բերեց, Արջը լիքը բաժակները բաժանում էր պարողներին: Հրամանատարը խանդավառության այդ պահին ընդհատեց ուրախությունը և բոլորին հրավիրեց սեղանի մոտ:
-Հիմա սթափվեք, լսեք ինչ եմ ասում: Ամեն ինչից երևում է, որ էս խմորը շատ ջուր է վերցնելու՝ պատերազմը երկար կտևի: Այդ պատճառով, առաջին մարտից առաջ, ես ձեզ հրամայում եմ՝ պիտի դիմանաք, կկռվեք խելքով, չլքեք մարտական շարքերը:
Հրամանատարը հանդիսավորություն հաղորդեց ձայնին ինչպես արած պիտի լիներ իր պաշտելի հերոսը, ձեռքը տարավ բեղին, - ով զարկվի՝ դավաճան է:
Հետո նորից հանդարտվեց,- որպեսզի ատելության թույնը չկուրացնի ու չմթագնի ուղեղներդ, մարտի դաշտում կառաջնորդվեք ոչ թե թշնամու նկատմամբ ատելությամբ, այլ կմտածեք բոլոր էն մարդկանց մասին ում սիրում եք, կխորհեք, թե էս հաղթանակը քանի սերնդի անկատար երազանքը պիտի իրականություն դարձնի: Կմտածեք էս հողուջրի մասին: Առավոտ վաղ ենք վեր կենալու, արևը դաշտ ու անտառին համբուրեց մարտը սկսելու ենք՝ դրա համար հիմա գնացեք քնեք, որ ուժներդ տեղը լինի ու շատ խմելուց ձեռքներդ չդողա: Բայց, մինչև գնալը, ամեն մեկս իր համար թող կրկնի երդումը. «Երդվում եմ պատվովս և հայրենիքովս» ու միասին բարձրաձայն արտասանենք. «Իսկ եթե հարկ լինի նաև կյանքիս գնով…»:
Աքաղաղներն ասես մի բան գիտեին՝ ձեն-ձենի տված կանչել սկսեցին, երբ մութը դեռ խորքնած էր թավուտներում: Ջոկատը գյուղից հեռու էր արդեն, երբ գոմի դռները ջարդող կենդանիների մայունների ու բառաչների արձագանքները, դիմացի սարին դիպչելով, մասնատվեցին հազար բեկորների ու տարածվեցին կանաչ սարահարթերովու երկնած դաշտերով: Իրենց տարածքներ ներխուժած ձայներից արթնացած թռչունները քչփչալ սկսեցին ձորաբերաններով, մացառուտներով ու ծառերի մեջ սեղմված արահետներով լուռումունջ առաջ շարժվող մարդկանց մասին: Գիշերվա շաղը հագուստը թրջում էր մինչեւ ծնկները՝ շուրջը տարածելով գարնան թարմ կանաչի բույրը: Ինչ որ տեղ ձորում, մանկան պես, թնկթնկում էր քնահարամ առուն: Աղջամուղջի ետ քաշվող վարագույրը բացահայտում էր կանաչ բլուրների, և ծաղկափթիթ դաշտերի ու մարգագետինների թատերբեմը: Ծմակների գորշության մեջ տամկահոտ մամուռն ու խոնավ փայտը թաքցնում էին ինչ որ հին ու կարևոր ասելիք: Անտառապատ լեռների վրա մեջքը շտկող քնատ հսկայի կերպարանքով մուժը ակնարկում էր այս հավիտենական և անհատակ անեզրության խորքերում ապրող խորհրդավոր և անպարտելի ոգու գոյության մասին: Ամպերից պոկվեց և արթնացող օրվա վրա դանդաղ թևածեց միայնակ արծիվը: Թևածեց դանդաղ, հպարտ, իշխելով ընդարձակ համայնապատկերի վրա, ասես լայնատարած թևերին կրելով ազատության շունչը: Հրամանատարը հրահանգեց մարել ծխախոտները, շշուկները դադարեցնել և երեք մասի բաժանված, դիմահայաց լեռնանման բլրի տեսադաշտից խուսափելով, ոլորապտույտ շրջանցումներով հասնել նախօրոք ճշտված դիրքեր:
Փոթորկին նախորդող լիցքավորված անդորրի պահն էր: Արևի արծաթ շողերը բլուրից սահելով փորձում էին բացահայտել ջոկատի դիրքերը:
Հրամանատարը ևս մեկ անգամ հեռադիտակով զննեց շրջապատը, ուսումնասիրեց շարժի նշաններ ցույց չտվող թշնամական հենակետերը և դիմացի երփներանգ դաշտին հպանցիկ հայացք նետելով՝ գլխով խոսուն շարժում արեց երգչի կողմը: Երգիչն ուսից վար բերեց ինքնաձիգը ու բռունցքած աջը վեր պարզած գոչեց.
Առաջ, նահատակ ցեղի անմահներ,
Վեց դարու անմոռ վրեժի զրահներ,
Կատարն հայրենի լեռանց հեռագույն՝
Երթանք կոթողել դրոշակն եռագույն:
Անմահներ բառի հետ ճարճատեց գնդացիրը ու երգը փամփուշտի ծայրին գնաց-հասավ խոժոռ բլրի գագաթը: Գնդացրին աջից ու ձախից ձայնակցեցին ինքնաձիգների կրակահերթերը և այս ահարկու աղմուկից բարձր սիզախոտի մեջ առավոտյան քուջուջն անող կարմրատոտիկ կաքավները գլխապատառ նետվեցին տարբեր կողմեր: Քիչ անց, բլրի գագաթից դիմացի մարգագետնի, մանր բլրակների ու սակավախիտ անտառի վրա տեղաց գնդակների կարկուտը: Դժվար չէր հասկանալը, որ հակառակորդը սպասում էր այս հարձակմանը և զինապաշարի առումով գերազանցում էր հարձակվողներին: Նրա գլխավոր առավելությունը բարձր և իշխող դիրքն էր, որտեղից թիրախի տակ էր առնելու առաջխաղացման յուրաքանչյուր փորձ: Նա նաև խրամատներ ու պաշտպանական այլ կառույցներ էր ստեղծել, ինչը գրեթե անիմաստ էր անելը նրա համար, ում խնդիրը անակնկալ հարձակումն ու առաջխաղացումն էր՝ գրավելու նպատակով մի քանի գյուղերի ու ճանապարհների վրա իշխող, ռազմավարական նշանակության բլուրը: Հրամանատարը, համենայդեպս, կրակային առաջին հակագրոհից հետո գոհունակությամբ արձանագրեց իր համար, որ դիրքերն ու մարտիկների տեղաբաշխումը վատ չէր արված: Նա, ականջը սրած, փորձում էր հասկանալ որքան ճշտորեն են մարտիկները կատարում հրամանը, երբ ինքն էլ շատ հստակ չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է և փամփուշտը խնայել և չզիջել նախաձեռնությունը՝ հակառակորդին ազատ գործելու հնարավորություն չընձեռել: Պարբերաբար մարող և կատաղությամբ բռնկվող կրակահերթերը մոտ երկու ժամ հաջորդում էին իրար: Հրամանատարը անցնում էր դիրքից-դիրք ստուգելով տղերքի ոգին և դիրքապահ խմբերի կազմակերպական վիճակը: Հրամանատարը հարվածող ուժը կենտրոնացրել էր կենտրոնում, որտեղից պետք է կարողանար թևերին օժանդակություն հասցնել, հարվածը վերցնել իր վրա և, միաժամանկ, ճեղքումը նախաձեռներ: Մարգագետինը հաղթահարելու դեպքում բլուրի գագաթ տանող լանջի կուզի նման գոգավորությունը կպաշտպաներ վերևից տեղացող գնդակներից, իսկ այդ ընթացքում, դիմացի կրակետերը առնելով կրակի տակ, հնարավորություն կստեղծվեր, որ աջ ու ձախ թևերից տղերքն առաջանային: Գնդացրորդը սկսել էր նյարդայնանալ չճկվող դիմակայությունից:
-Շան որդի, ինձ չե՞ս տեսնում, որ կակաչներն ես հնձում: Ախր կակաչը գարունն է, գարունն ինչո՞ւ ես սպանում: Հրամանատար թույլ տուր դիրքս փոխեմ, դիմացինս քոռ է՝ հասնեմ մինչեւ բլրի ստորոտը, թե չէ սա դաշտում կակաչ չի թողնի:
-Առանց հրամանի ոչ ոք չշարժվի տեղից գոռում էր հրամանատարը:
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի՝ չենք հադուրժի պարտություն:
Ուրեմն՝ առաջ զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
Երգիչն ինքն էր իր տեղն ընտրել և ընտրել էր այնպես հմտորեն, որ երգը սավառնում էր մարտադաշտի վրայով, հասնում էր դիրքերը ու գլորվում էր դեպի աջ թևի անդնդախոր կիրճն ու ձախ թևի ձորակը:
Տղերքը կրակահերթերն արձակում էին երգի ռիթմի հետ: Երբեմն նրանց թվում էր, որ ոչ թե Երգիչն է երգում, այլ զենքերի փողերը:
Արևն սկսել էր վեր մագլցել, թեժացնելով առանց այն էլ տաք մթնոլորտը: Հակառակորդի անընդհատ կրակը ինչ որ պահի սկսեց վերածվել մարող տեղատարափի:
Հավանական է ինչ որ բան են մտմտում, - խորհեց Հրամանատարը: Մոտ քառասուն րոպե անց հայհոյախառը աղմուկն ու անկանոն, խառը կրակահերթերը պայթեցին աջ թևում: Կարծես թե արդարանում էին Հրամանատարի մտավախությունները: Հակառակորդը, ըստ երևույթին, փորձելու էր իրենց դիրքերը շրջանցել թևերից ու թեև իր ընտրած տարածքը երկու կողմերից սեղմված էր կիրճով ու ձորակով, բայց պատերազմական գործողությունների ժամանակ սա չկաշկանդող և ոչ վճռորոշ հանգամանք էր՝ ինչն էլ այդ պահին կարծես փաստվում էր: Հրամանատարը աջ թևի դասակի տղերքի նվիրվածությանը չէր կասկածում, բայց ի սկզբանե մտահոգ էր, թե փորձառության պակասը արդյո՞ք վատ դեր չի խաղա: Այնտեղ էին Արջը, Դանդուռ Արմոն, Ճուտը, Լոլոզը, Բուդյոնին ու մյուսները՝ Սիրուն Սամոյի գլխավորությամբ: Սիրուն Սամոն իրենց էր միացել ուսումը կիսատ՝ փախչելով Ռյազանի օդադեսանտային ուսումնարանից: Զիվորական այդ դպրոցի տղերքի հմտություններին ու քաջությանը Հրամանատարը ծանոթ էր դեռ Աֆղանստանից և հիմա հաշվարկել էր, որ Սիրուն Սամոյի սառնասրտությունն ու կողմնորոշվելու կարողությունը պիտի լրացնեին դասակի տղերքի անփորձության բացը: Իհարկե Հրամանատարը կարող էր ավելի ուժեղ թև ձևավորել, բայց դա կարող էր անել եղած ռեսուրսները հաշվի առնելով և ոչ մյուս ուղղությունների հաշվին: Մյուս կողմից տեղի ունեցողը կարող էր լինել կեղծ թիրախավորում՝ ուշադրությունը շեղելու և այլ թևում հիմնական հարվածը հասցնելու նպատակով:
Հրամանատարն իր մոտ կանչեց և աջ թևին օժանդակության ուղարկեց Աֆղանցուն, Դիպուկահարին, Վարժապետին ու Առզո Ազնավուրյանին:
Աֆղանցի՛, տղերքին կգոտեպնդես, Դիպուկահար՝ կնստես կիրճի պռնկին ու որպեսզի ծիտը չանցնի կիրճով: Ժողովուրդ տղերքին կփոխանցեք՝ Հրամանատարն ասում էր՝ գիտեմ, հնարավոր չէ անել անհնարինը, բայց հիշեք, որ թիկունքում մեր մայրերն են, հայրերը, քույրերն ու երեխեքը: Ու մեկ էլ հիշեք երդումը. «….Իսկ եթե հարկ լինի նաև կյանքիս գնով…»:
Հրամանատարի ականջներում ձայները չէին զատվում՝ ստեղծելով խառնիճաղանճ մետաղյա ժխոր: Նրան թվում էր, թե աջ թևում հակամարտող կողմերը փոփոխական հաջողությամբ մոտենում են ու հեռանում իրարից: Մյուս երկու ուղղություններոով նա ուժեղացրել էր կրակը, որպեսզի հակառակորդը և չկարողանա աջ թևի ուղղությամբ հավելյալ ուժ առանձնացնել և եթե սա շեղող մարտավարություն էր, ապա ձեռնպահ մնար մյուս թևերի վրա անակնկալ գրոհների մտադրությունից: Երկնքի կենտրոնում դիրքավորված արեւը խանձող թիրախի տակ էր առել մարտադաշտը: Կռվողների աչքերի առջեւ մթնում ու լուսավորվում էր՝ պատրանք ստեղծելով, թե իրիկնանում էր: Հրամանատարին թվում էր կորցնում է ոչ միայն ժամանակի զգացողությունը, այլև մարտը զգալու բնազդը: Ճիշտ կեսօրին կապվեց Սիրուն Սամոն ու հայտնեց, որ Հատուկ նշանակության ջոկատի անակնկալ հարձակումը կասեցված է, հակառակորդը ետ է նահանջում՝ հետը տանելով վիրավորների ու ամենայն հավանականությամբ կորուստներունի: Մեր կողմից Դանդուռ Արմոն վիրավորվել է ուսից, իսկ Սեւ Սքեն վազելիս բարձր տեղից վայր է ընկել՝ ջարդել է ոտքը, բախտը բերել է, որ ձորը չի գլորվել: Վտանգավոր բան չկա, երկուսին էլ Ռուզանը վիրակապեց, տարավ թթանոցի կողմը: Հրամանատար,-ասաց Սիրուն Սամոն,- դիմացինի մոտ շփոթ է նկատվում՝ ես ուզում եմ առաջանալ:
-Սամո՝ հասանք տուն հարսանիքիդ քավոր եմ կանգնելու, հանկարծ ծրագրերս չձախողես, մենք ձեզ թիկունքից կաջակցենք: Ոնց որ հակառակորդի մյուս թևերում էլ առավոտվա առյուծները չեն:
Հետո մտքում ավելացրեց,- ցավներդ տանեմ՝ տղերք:
Ուղիղ 15-անց 15-րոպեին կենտրոնի դասակի գնդացրորդը դիրքավորվեց բլրի գագաթին: Տղերքը արագ տեղ էին հասել և արդեն տեղավորվել էին հակառակորդի խրամատներում՝ կանխելու համար հնարավոր հակագրոհը: Ընդհանուր ճեղքումն ապահոված աջ թևից հակառակորդը վերջնականապես քաշվեց տեսնելով, որ հարձակվողները հայտնվում են իրենց թիկունքում և կարող են շրջափակման մեջ վերցնել: Ձախ թևից, ցամաքած առվակի հունով, ականանետի ծանր փողն ուսին, լայն-լայն, դանդաղ-դանդաղ քայլերով բլուրն էր բարձրանում Քեռին, իսկ մի երեք մետր հեռվից, Քեռու ոտնահետքով, գլուխը կախ բարձրանում էր Կախգլուխ Համոն: 15-ն անց 45-րոպեին Հրամանատարը կապվեց գլխավոր շտաբի հետ և զեկուցեց, որ հանձնարարությունը կատարված է, բլուրը գտնվում է մեր հսկողության տակ: Դասակների հրամանատարները հակիճ ու նախնական զեկույց էին տալիս, Հրամանատարը նայեց շուրջն ու բացականչեց.
- Երգչին չեմ տեսնում՝ երգիչն ո՞ւր է: Ո՞վ է տեսել երգչին, ո՞վ մի բան կասի՝ Ծո՛, քեզ հանձնարարե՞լ էի աչքդ Երգչից չկտրես՝ խոսիր ի՞նչ էս լալկվել:
-Հրամանատար ջան էնե իրար կողքի էինք, մեզ հետ կրակում էր, որ հակագրոհն սկսվեց ինքն էլ առաջ վազեց ու… Էլ չեմ տեսել:
-Մարտը հաղթեցինք, բայց պատերազմը տանուլ կտանք,- սառը ասաց Հրամանատարը և ձեռքի հեռադիտակը ողջ ուժով հարվածեց գետնին,- մեղավորը ես եմ՝ չպիտի զիջեի, -տղաները պապանձվել էին եւ վաղորդայնի շաղի պես խանդավառությունը համբարձվում էր երկինք:
Ինչ որ տեղից հայտնված մի վախեցած թռչուն ստուգողական կանչերով ուզում էր ճշտել վերադարձե՞լ է արդյոք խաղաղությունը: Նրան հեռվից հեգնեց կաղկանձող մի շուն: Ոչ ոք չէր համարձակվում խոսել համրացած Հրամանատարի ներկայությամբ: Հեռվում, աղավնու չափ երևացող սպիտակ ձին, խաղաղ արածում էր դաշտում՝ ասես աշխարհի վրա ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել: Լռությունը ծանր փռվեց համայնապատկերի վրա: Անգամ գետը զսպում էր խորը շնչառությունը, որը հառաչանք էր հիշեցնում: Այդ պահին, կրկին հայտնված Արծվի ամպե բարձունքներից, իսկ ավելի շուտ գետնի տակից հորդած ու բլուրների, կիրճերի ու անտառների վրայով ալիքվեց մի ձայն.
Գարահիսար լեռան լանջին՝
Նա էլ ընկավ վիրավոր.
Կուրծքը պատռած, սիրտը խոցված,
Չար թշնամու գնդակով:
Ժայռոտ լեռան լերկ կատարից
Վար սլացիր, սեգ արծիվ,
Թեւերդ բաց, լայն թեւերդ
Ու ջիվանուն հով արա:
Ե՜րգիչը, Երգի՜չը, ո՞ղջ ես Երգիչ ջան, բա ո՞ւր ես: Բացականչեցին ու աղմկեցին տղերքը, ինչ որ մեկը չդիմացավ եւ սկսեց օդում կրակահերթեր արձակել: Ո՞րտեղ ես երգի՛չ, - գոռաց Հրամանատարը:
-Ե՛ս ձեր պահած Երգիչը,- լսվեց պատասխանը,- Ձեր քարտեզների վրա ինչո՞ւ չեք նշում, որ թշնամին մարտադաշտումմոշի թփեր է տեղակայել: Երկու ժամ է տանջվում եմ սրանց մեջ, վրաս սաղ տեղ չմնաց: Հենց փորձում էի ազատվել բոլորն ինձ վրա էին կրակում,- ձայնը մի պահ լռեց, բայց դեռ ասելիք ուներ,- թե չէ երգչին կարելի է սպանել, բայց երգը ո՞նց կսպանեն, դե թող սպանեին էս հինգ հազար տարում:
-Երգիչ ջան, բեղիս մազի չափ չեմ կասկածում, որ էս պատերազմը հաղթելու ենք: Ճո՛ւտ, Ճուտն ուր է, Ճո՛ւտ ուրեմն վազում էս ներքեւ, վերցնում էս մեքենաս հասնում էս գյուղ, գտնում էս գյուղապետին, ասում էս, որ երկու գառ պիտի մորթի՝ մեկը հաղթանակը նշելու համար, մյուսը մատաղ ենք անելու՝ բաժանենք: Ասում էս գյուղը պատրաստ պահիր և քեֆի և էսօրվա ամենակարեւոր միջոցառման համար:
Հետո թռնում էս քաղաք, գտնում էս Սրբազանին, իմ անունից ասում էս. «Սրբազան մեկ դար լռած եկեղեցու վերաօծումը պիտի անես էսօր՝ քեզ անձնական խնդրանք Հրամանատարից: Խնդրում ենք անպայման գաս եւ շատ մոմեր վերցնես հետդ…ինչի՞ էս ծիծաղում Ժպիտ՝ շա՞տ ծիծաղելի բան եմ ասում»:
-Չեմ ծիծաղում ժպտում եմ՝ Հրամանատար: Ախր, ցավդ տանեմ, դու կարդացած, համարյա բանաստեղծ մարդ էս, էդ ո՞րտեղ էս տեսել, որ անզանգ եկեղեցին օծեն ու դեռ ներսում էլ մոմ վառեն:
Այս անգամ երկար ու խորամանկ ժպտաց Հրամանատարը, ժպտաց ու ծիծաղեց բարձրաձայն, հետո լրջանալով ասաց.- այ միամիտներ մեր գյուղից դուրս գալու պահից, զանգը Գյումրիից ճանապարհ է ընկել դեպի գյուղ, մինչեւ Սրբազանը գա՝ տեղում կախված է լինելու: Հենց Սրբազանը մտավ գյուղ զանգը ուժգին խփում էս՝ ճո՛ւտ, էնքան բարձր, որ ղողանջները տարածվեն գյուղի վրա, գյուղն անցնեն տարածվեն էս դաշտերի, էս անտառների, էս գետ ու աղբյուրի վրա:
Երանի մեզ՝ տղե՛րք, երանի ինձ որ էս ամենը տեսա: Երանի պապս ողջ լիներ ու ինձանից առաջ մտներ եկեղեցի, զանգերի ավետիսի հետ մոմերի մաքրող-սրբող լույսը վառեր՝ հավատավոր ժողովրդի հետ…
Ինչ էի ուզում ասել… Հա, Երգիչ ջան, խնդրում եմ էս պահին համապատասխան մի բան երգես մեզ համար…
-Չե՛մ երգի,- կտրեց մոշի փշերից ծվատված Երգիչը,- չեմ երգի մինչեւ ձեռքս ավտոմատ չբռնեմ: Երգիչը ավտոմատը վեր պարզեց, շուռ եկավ դեպի գյուղը՝ որտեղից առավոտյան ջոկատը ճանապարհ էր ընկել, ապա շրջվեց այն կողմը ուր ծվարած վերքերն էր լիզում թշնամին և Հրամանատարի պես բեղը ոլորելով կանչեց.
Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացավ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զենք բռնելը մոռացավ,
Հույսը միայն Աստծո վրա՝ սրի դերը ուրացավ,
Խաչով լինի, գրչով լինի պիտի՛ գնանք վաղ թե ուշ: