Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՆԱՆԵ
Ես տանն եմ… Ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե սահմաններ եմ կտրել ու հեռու եմ իմ երկրից. Հոգիս այլ բան է ասում…Եվ ես գիտեմ, որ ճիշտը նա է…
Ես տանն եմ… Խորթության և օտարության ոչ մի զգացում չկա…Թվում է այսպես տարիներով կարող եմ մնալ այստեղ ու այդպես էլ չկարոտել տունուտեղս: Ասես լսում եմ հողի շշունջը` ինչո՞վ քոնը չեմ: Ամեն բան հարազատ է, այնքան հարազատ, որ թուրքի ներկայությունն անգամ տագնապի առիթ չի դառնում… Դա պարզապես ընկալվում է որպես մի ահավոր սխալ, ինչ-որ արդեն շատ երկարող սխալ… Հողը նրանց չի ընդունել, չէր կարող ընդունել: Հողը մե՜զ է սպասում: Եվ ահա` հարազատին գտածի պես գգվում է ոտքերիս` հը՞, ասա՛, ինչո՞վ քոնը չեմ: Ամեն թուփ ու ամեն քար սիրո ալիքներով պարուրում են ինձ… Իսկ Վանա ծո¯վը…
Բայց…ամեն բան հերթով….
Երբ խոսք էր բացվում Արևմտյան Հայաստան գնալու մասին, իմ դիրքորոշումը մեկն էր` երբեք չեմ գնա որպես հյուր…Չեմ գնա, քանի դեռ թուրք եղերագործը պետք է ինձ այնտեղ քայլ անելու իրավունքը տա: Քանի դեռ մեր կարոտի երկրում վխտում են արյունալի սպանդի դահիճների նույնքան արյունարբու հետնորդները: Քանի ես չեմ տերը իմ հող ու ջրի…
Բայց հանկարծ, ասես ինչ-որ խորհրդավոր մի ուժի տնօրինությամբ, հայտնվում եմ Արևմտյան Հայաստան մեկնող ուխտավորների շարքում. իմ նոր ծանոթը` բարեկամուհուս` Կարինեի ընկերուհին, արդեն որոշել է մեզ նվեր անել և մեր անունները գրանցել է` գրեթե առանց համաձայնություն ստանալու: Ասես արդեն կամքիցս անկախ վճռված է գնալս, և ինձ այլ բան չի մնում, քան հնազանդվելը: Էլ չասած, որ գայթակղությունն էլ մեծ է` ուխտագնացության ամենակարևոր նպատակը՝ վերջին տարիներին սեպտեմբերի առաջին կիրակի օրը, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցելն է: Այս անգամ դա աշնան յոթերորդ օրն է … իմ ծննդյան օրը…
Եվ ներքին մի մղում ինձնից առաջ է ընկնում: Ու եթե արդեն գնում եմ, ուրեմն հյուր չեմ… Ուրեմն ժամանակն է ու…տեր եմ…
Դա հենց այնպես չեմ ասում… Դա այն էր` ինչ ես զգում էի այնտեղ… Հոգու խորքում ծնված տվայտանքները վերին ակունքներ ունեն և ավելի ճիշտ են: Դա ես զգում էի ամեն պահ: Մտքերս խառնիխուռն էին` ցավի ու անզորության կծիկ, մտքերս` փակուղու մեջ վիրավոր գազան…Եվ ներքին` այդ տիեզերքից բխող հույզերի ակունքն էր, որ ճշգրտում էր ամեն բան ու ազատ ընթացքի հանում: Որքան բան ես այդպես` բնազդով հասկացա, ներքի՞ն, թե՞ վերին հուշարարներին ականջս հլու: Բայց այնտեղ անպայման ամեն պահ անհնար է չզգալ նաև հողի կենդանի ներկայությունը…հողի¯ շշունջը…
Վերջին շրջանում գիտնականները հաճախ են պնդում, որ մոլորակը կենդանի մարմին է և ընկալում է ու նաև արձագանքում մեր ամեն արարքին: Համաձայնը` համաձայն էի, բայց իրապես դա զգացի այնտե՜ղ. Զգացի, որ հողը կենդանի է, որ քարը, որ թուփը, որ ջուրը նույնքան զգայուն են, նույնքան ապրումների ու տվայտանքների գերի, որքան մարդ-բանականը …
Բայց… , այնուամենայնիվ, ամեն բան հերթով:
Ուխտագնացության մասնակիցները` մոտ 150 հոգի, քիչ-քիչ հավաքվում են Սուրբ Զորավոր եկեղեցու բակում` Անանիայի մատուռի մուտքի մոտ…Գիշեր է…Ու գիշերվա երրորդ ժամի ժամերգությունը խորհրդավոր է աստղացոլ երկնքի ներքո: Աղոթք ենք հղում առ Բարձրյալը և ճանապարհ ընկնում:
Գնում եմ… Ոոոո¯չ… Գալի¯ս եմ, երկիրս…
Գլխումս և հոգուս մեջ շփոթ է, ծրարել եմ ներկան իր ամեն ինչով և տրվել անցյալի քամիներին, որ խուժում են աջ ու ձախից, մոլեգնում, պատեպատ խփվում էությանս մեջ ու հուշի սահմռկեցնող տեսիլներով սառեցնում արյունս: Արդեն չեմ դիմանում: Հապա այնտեղ` կանանց, մանուկների կտտանքներից ու տառապանքներից չհագեցող այդ թուրք ցեղի ներկայությամբ ո՞նց պետք է դիմանամ:
Թո¯ւրք…Աստված իմ, ոնց առաջ չէի նկատել, փաստորեն այդ ցեղը անուն էլ չունի. Եղածը մեր կնքածն է ու հայերեն, երբ ճոճվող թրերի բազմությունը իր սև ստվերի տակ է առել ծաղկուն այգեստանները և մարդ հիշեցնող ոչինչ չի եղել այդ բազումքի մեջ` միայն թուր…իսկ հոգնակիով` թո¯ւր-ք…
Երևի ոռնացել են հաճույքից, որ ի վերջո անուն ունեցան, այն էլ իրենց ներս ու դրսին այդքան սազական…
Ու եթե մենք ենք կնքել. մենք էլ վերցնենք ու ջնջենք… Նորից անանուն ցրվեն, ցնդեն, անէանան աշխարհի անապատներում այդ քոչվորները…
Ավտոբուսը` գիշերային լույսերով ողողված, առաջ է սլանում…
Հոգևոր երաժշտության ելևէջներով պարուրված քուն ենք մտնում և արթնանում նույն այդ մեղեդու թովչական գրկում. ՛՛Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը, որովհետև արևից առաջ էր Նրա անունը՛՛. Զորավոր եկեղեցու քահանա Տեր Զենոնն է Արևագալի ժամերգությունն սկսում:
Շամանդաղը մագլցում է լեռն ի վեր: Ահա, կաթնագորշ գեղմի պես պարուրելով այն, դադար է առնում` տեղ հասավ…
Իսկ մենք շարունակում ենք սլանալ առաջ…
Սարալանջից սարալանջ սողացող մշուշը շուտով վարդագույն հրդեհ է դառնում:
Լեռների կապույտ շղթան վարագույրի պես իր հետևում պահում է արևը: Շուտով վարագույրը կբացվի, և կսկսվի կյանքի մի հերթական օր-արարը և արևը օրվա բեմին առաջին քայլ դնողն է…
Արևը ծագեց…
Ողողիր ինձ քո շողերով, իմ շիկահեր, ջերմացրու պաղած արյունս, մրսո¯ւմ եմ ես…
Ամպերը շարեշար են: Երկնքի քարտեզը փոխվում է ամեն պահ: Մտքերիս երամը մառ է, սևաթույր, նրանց լույս խառնելու տենչով փորձում եմ կառչել մի հաստատուն ամպի, բայց ակնթարթների մեջ խաբուսիկ այդ հենարանը ցրվում է ու դատարկի մեջ հայտնված հայացքս… ձգվում է դեպի վեր…
՛՛Աստված իմ, Աստված իմ, ծարավել է իմ հոգին՛՛. շարունակում է Տեր Հայրը:
Առավոտն աղոթքով է լցվել…
Սահմանից սահման ենք անցնում. Հայաստանի սահման, Վրաստանի սահման…վազք…սպասում…նորից վազք…նորից սպասում….
Նույնը հոգուս մեջ է` մեկ առաջ եմ սլանում անհամբեր` րոպե առաջ հողիս փարվելու, մեկ վարանքով կանգ եմ առնում ու… վախ կա մեջս. Ինչպե՞ս եմ այն արյունոտ հողին ոտք դնելու…
Սակայն… հողը կանչում է… Ի¯նչ կանչ` պարտադրո՛ւմ է, հրամայո՜ւմ…
Ինձ մնար` չէի գալու. ինքը բերեց… Գնալով ավելի եմ դա զգում…
Բայց դեռ հեռու եմ ու փորձում եմ մտքերս հեռացնել իմ առջև սպասվողից և նրանց շուլալում եմ ինչի ասես` վրացական սոճիներին, փոքրիկ լճակի ափին կանաչների մեջ ճերմակ վզերը ձգած շորորացող սագերին, գլուխ-գլխի տված կրակագույն ու ճերմակ նժույգներին, անփայլ ոսկու շեղջի նմանող խոտի հսկա դեզերին… Մինչև ե՞րբ…
Վերջ… Այլևս խույս տալ չի լինելու… Վրացական սահմանը վերջացավ…
Ահա և կարոտիս երկիրը… Քայլ եմ անում…
Ու… տանն եմ արդեն… Ոտքս բարի՛ մեր տուն…
Ես ու հողս կանգնում ենք դեմ առ դեմ ու մեր հոգիները իրար են փարվում հարազատի պես…Հողս ճանաչեց ինձ… Հողս սպասում էր ինձ…
Էրգի¯րս… Շունչս կտրվում է իմ առջև և իմ շուրջ փռված գեղեցկությունից: Ո՞նց ենք սա թողել ու հանգիստ քուն ենք մտնում… Մտովի նկարում եմ փառահեղ լանջերը մեկմեկու հպած ծառախիտ լեռների վեհությունը, աղբյուրների բարալիկ շիթերը` վերից վար ձգվող: Որբացած երկիրս` հարազատին գտածի պես, տվայտում է այգաբացի լույսերի մեջ:
Երկի¯րս…դու կարոտե՞լ ես ինձ: Մինչև այժմ կարծում էի` մենք ենք այդ դաժան կարոտի տերն ու տառապյալը: Դու ինձ կանչեցիր, որ քո ամեն թփով, քո հողի ամեն մասնիկով, քո շնչառությամբ` մի ամբողջ դար արդեն հոգուդ ծանրացած հույզերը իմ դեմ բացես: Քո կարո¯տը, հող իմ, որ մերինից էլ բարկ է ասես… ուխտավորներից մեկը՝ Սաթենիկն է հետո նույն բանն ասելու.՛՛Ես հասկացա, որ հողը մեզ ավելի է կարոտել, քան մենք նրան՛՛. Եվ զգացողություներն այդպես ավելի են ճշգրտվում: Հողի կարո¯տը…
Ես այն զգալու եմ ամեն պահ, ամեն քայլս նրան հպելիս… ու հետո տանելու եմ ինձ հետ, որպես կտակ, որպես ծանր պատգամ, որպես վերադարձի աղերս…
Ես նաև ամեն պահ ու ամեն քայլի չեմ կարող այն նախճիրի արյունոտ հուշը չվերապրել: Ահա նորից ժամանակները խառնվում են իրար` ու արևից խանձված քարերի կարմիրը արյան շիթեր դարձած ցած է հոսում, և … ճիչեր են հնչում լալագին ու հուսահատ… Փակում եմ ականջներս…
Կանգ ենք առնում ճամփեզրի մի աղբյուրի մոտ…Ինչ անուշ է ջուրդ, իմ հող: Աղբյուրի մոտ խռնված` շշերն ենք լցնում սառնորակ ու քաղցրահամ ջրով: Տեսնես ի՞նչ էր այս աղբյուրի անունն այն ժամանակ: Էհ, ո՜վ գիտե: Հիմա աղբյուրս որբ է ու անանուն… Բայց… մինչև այս պահը. ՛՛Վերադարձի՛՛ աղբյուր եմ կնքում անունը և առաջին անգամ գոհունակ ժպտում: Հետո հաճախ եմ ժպտալու` ի պատասխան երկրիս ժպիտի… Դուք երևի ինձ չեք հասկանա… Բայց ինչպե՞ս չժպտամ, եթե երկիրս ժպտում է ինձ, եթե տեսնում եմ հրճվանքից ուռչող նրա կուրծքը, եթե օդն անգամ կենդանի էակի պես գգվում է ու պարուրում իր տաք գրկում… Չեք հասկանա… Դա ապրել է պետք…
Գալուց առաջ միայն մղձավանջ ու արյուն էր երկրիս լուսե ճակատին կնիքված, իսկ երազներիս մեջ կապույտի գույներ էին լոկ օրորվում` աննյութեղեն ու թափանցիկ: Հիմա գույների հեղեղ է` լազուր ու ծիրանի, ոսկեհուր ու փիրուզ… նրբերանգներ են` հոգիս օրորող, որ ամեն կողմից ալիքվում են: Երկիրս ջանում է հմայել ինձ մինչ վերջ, որ մեկընդմիշտ իր գերին դառնամ, որ …
՛՛Հիմա տեսա՞ր, որ կենդանի եմ…Ես գերեզման չեմ միայն, ես երկիր եմ` իր տիրոջը հավատարիմ սպասող ու կարոտից այրվող երկիր՛՛՚…
Ու եթե գերեզման էլ, ապա աչքը սիրելիների ճամփին…Լքված շիրիմն ամենատխուր բանն է աշխարհում: Էլ չասած, որ սրբացած նահատակների ՛՛ՙշիրիմներ՛՛ են այնտեղ…Եվ ուրեմն` սրբավայր է հողն իմ, որ իր ուխտավորներին է սպասում: Զգույշ դնեմ ոտքս հողին. արդեն հող դարձած ու ամենուր սփռված անթաղ հարազատներս ցավ չզգան…
Մտքերս հանգիստ են առնում…Հոգիս է` քար ու թփի հետ զրույցի բռնված, իր ճշտումներն անում մինչ այժմ եղած իմ պատկերացումների, ապրումների տարածքում…
Արդեն գիտեմ, որ վերադառնալու եմ լրիվ փոխված` մտածումների ու հույզերի նոր կերպով. ինչպես Նոյի ժամանակների մասին են ասում. ընթացքս երկու մասի բաժանված` ՛՛ջրերից առաջ և ջրերից հետո՛՛…
Բայց …չշեղվեմ…ամեն բան հերթով…
Անցակետից հետո կիլոմետրերով ձգվող կուսական լեռներ են ու դաշտեր: Միայն մի պահ հեռվում երկու հեծանվորդ են երևում, երբ հավասարվում ենք, պարզվում է, որ զբոսաշրջիկներ են: Ոչ ոք չի խանգարում իմ ու երկրիս զրույցին…Մենք մենակ ենք: Բայց շուտով արդեն սկսում են երբեմն երևալ լեռնափեշերին աղբակույտերի պես աչք ծակող ու չքնաղ բնապատկերը աղտոտող քրդակա՞ն, թե՞ թրքական գյուղերը` փնթի, անկանոն, աթարների մեջ կորած տներով ու … մզկիթներով և մինարեթներով: Բայց դրանք այնքան հեռու են միմյանցից, որ մի երկու պահ ցասման ալիքը փոթորկում է հոգիդ, իսկ հետո նորից մենակ ես մնում երկրիդ հետ… ու խոհերիդ…
Ավտոբուսի պատուհանից դուրս հիմա խանձված, գունատ դեղինով աչք շոյող դաշտեր են: Նորից եմ մտքով հատում ժամանակների սահմանները…ու նորից այնտե՜ղ եմ: Ինչպե՞ս է, որ կարմիր չեն այս դաշտերը… Սթափվում եմ…ինչ լավ է, որ կարմիր չեն: Բայց ճիչը այն օրերի դեռ շարունակում է հնչել չարագույժ…արյա¯ն ճիչը…
Փակում եմ ականջներս…
Տեր հայրը կրկին ժամերգություն է հնչեցնում… Աղոթքը դուրս է հորդում պատուհաններից ու ասես քիչ առ քիչ մաքրագործում նամազներից շնչահեղձ օդը, և հողն է` անապատի պես ծարավ ու անհագուրդ, կլանում իր մեջ աղոթքի ամեն մի բառը…
Կարսում ենք… Ավտոբուսները կանգ են առնում անշուք մի վայրում, մոտենում ենք նույնքան անշուք մի վագոնի: Այն փայփայանքով պահպանվում է այդ քոչվորների կողմից: Ինչպե¯ս չփայփայեն. Այդ վագոնում ստորագրվել է Կարսի պայմանագիրը…
՛՛Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի կողմից՝ արևելյան ճակատի հրամանատար Կազիմ Կարաբեքիր փաշան, խորհրդարանի պատգամավոր Վելի բեյը, կառավարության ներկայացուցիչ Մուհտար բեյը և Ադրբեջանում Թուրքիայի ներկայացուցիչ Մեմդուհ Շևքեթ բեյը,
Վրաստանի կողմից՝ ռազմական և նավատորմի ժողկոմ Շալվա Էլիավան և արտաքին գործերի և ֆինանսների ժողկոմ Ալեքսանդր Սվանիձեն,
Ադրբեջանի կողմից՝ պետական վերահսկման ժողկոմ Բեհբութ Շահտատինսկին,
Ռուսաստանի կողմից՝ դեսպան Յակով Գանեցկին։
Հայաստանի կողմից՝ արտաքին գործերի ժողկոմ Ասքանազ Մռավյանը և ներքին գործերի ժողկոմ Պողոս Մակինցյանը՛՛…
Ես այս երկուսին զրկում եմ հայ լինելու պատվից. Իրավունք ունեմ, որովհետև հայ եմ և այսօր ե՛ս եմ որբուկ դարձած հողիս վրա ոտք դնողը… Եվ նրանց ու նրանց նմաններին չեմ կարող ներել երկրիս կարոտը…
Եվ այդպես, վագոններում, թե շքեղ գրասենյակներում, Հայոց հարցը գնդակի պես այս ու այնտեղ գլորելով, մարդ չհիշեցնող այդ ցեղը տեր է դարձել մեր երկրի մեծ մասին:
Ինչո՞ւ, Տեր իմ Աստված, ինչո՞ւ: Այստեղ ինչ–որ կերպ ասես գտած այդ հարցի պատասխանը, այնտեղ նորից կորցնում եմ ու … անվերջ մտքումս հետառաջ է անում այդ ՛՛ինչուն՛՛…
՛՛Մենք չափից ավելի վստահում ենք օտարներին,- ավելի ուշ մեր զրույցում ասում է տեր Զենոնը,- չենք վստահում ինքներս մեր ուժերին: Մեզ թվում էր, թե օտարը մեզ կպաշտպանի: Նույնը եղեռնի ճանապարհին` հայորդիների հետ էր. նրանք վստահ էին, որ իրենց հետ բան չի լինի:
Ով որ ապստամբել է, կարողացել է գոնե պաշտպանել ինքն իրեն…Շատ հերոսական էջեր կան այդ օրերին:
Վանի ինքնապաշտպանությանը 1250 հազար հայ էին, թուրքը` 12000, ովքեր ունեին թնդանոթներ, հրանոթներ: Նրանք 27 օր չկարողացան գրավել Վանը: Որովհետև հայերը միաբան էին և կազմակերպված: Քաղաքում կային խմբեր, որոնք առավոտները հայրենասիրական երգեր էին երգում, կային վերանորոգողներ, ովքեր երեկոյան շտկում էին ավերածությունները: Երբ առավոտյան դուրս էին գալիս, տեսնում էին, որ նույն արգելքը նորից տեղում է:
Նույնը Զեյթունը, Մուսալեռը, նույնը մեր Արցախյան պատերազմը: Երբ մենք վստահում ենք մեկս մյուսին, ունենք գաղափար, որով առաջնորդվում ենք և միաբանված ենք, մեզ որևէ մեկը չի կարող հաղթել:
Դասեր է պետք քաղել պատմությունից: Մենք պետք է մեկընդմիշտ հիշենք դա` օտարին` թուրք կլինի, թե որևէ այլ մեկը, չպետք է վստահել, այլ միայն` ինքներս մեզ, մեր եղբորը: Չէ՞ որ եղբոր խորհուրդն ավելի սրտագին է, ավելի ցավսիրտ, քան օտարինը, որը քեզ հետ ոչ մի առնչություն չունի և իր համար միևնույն է, թե քեզ հետ ինչ կպատահի՛՛:
Իհարկե դժվար է հետ նայել սխալներ փնտրելու համար, բայց պե՛տք է: Որքան էլ աշխարհի հզորների ծրագրերով ազգիս մեծամասնությունը դատապարտված էր, միևնույն է, չափազանց սթափ լինելու դեպքում գեթ մի փոքր գուցե կորուստները պակաս լինեին: Բայց, ի¯նչ եմ ասում … Այսօր, երբ, ի տարբերություն երկրիս Արևմտյան հատվածի, պետականություն ունենք, և դարձյալ ազգի ու երկրի համար աշխարհի թատերաբեմին դժվար կացություն է բաժին ընկել… ի՞նչ ենք անում մենք և առաջին հերթին հենց մտավորականներս: Այնտեղ գնալուց առաջ մեղքի զգացումը, որ միշտ ունեմ ազգիս հանդեպ, գալուց հետո ավելի է հսկայացել…
Նրանք գուցե ոչինչ անել չէին կարող, բայց մենք կարո՛ղ ենք, պարտավո՛ր ենք և… չե՜նք անում…
Անցնում ենք Կարսով: Քաղաքում թուրքական եռուզեռ է` սև չադրաների մեջ կամ միայն գլխաշորերով, անճաշակ գույների ու հանդերձների մեջ թրքուհիները ստվերների պես սահում են փողոցներով: Մայթի սրճարանում` մանկապարտեզային փոքրիկ սեղանիկների շուրջ նստոտած տղամարդիկ էլ ինչ-որ ծաղրանկարային ֆիլմի պատկեր են ներկայացնում: Այսօրվա Կարսը կեղտոտ, տգեղ քաղաք է, իսկ ՛՛ՙմարդկանց՛՛ ընկալում և չեմ ընկալում: Մեր ուխտի մասնակիցներից մեկը` Տաթևն էլ հետո նույնն է ասելու.՛՛ՙԵս նրանց չէի տեսնում, ասես ստվերներ լինեին՛՛. Ամեն բան այնքան է սխալ, որ ավելի հեշտ է` խանգարող ճանճերի պես ողջն այդ մի կողմ քշել և տեսնել միայն հարազատը. Կարսի հայաշեն տնե՜րը, որ քիչ, բայց դեռ կան: Մնացածը` ճարտարապետությունից զուրկ, կոնֆետի թղթերի պես գունավորած, միատեսք, անլուրջ շինություններ են: Ես մյուս քաղաքներում էլ նույնն եմ տեսնելու…
Ստեղծագործելը միայն Աստծո արարածներին է հասու.. Ու, բնականաբար, սրանք միայն ուրիշինը յուրացնելով կարող են քիչ թե շատ մարդանման գոյություն ցուցադրել: Ու, ահավասիկ. մեր բերդերով, մեր տաճարներով, մեր վանքերով…
Եվ ահա` Վարդանի կամրջով գնում ենք Կարսի բերդ…
Բարձունքի վրա ձգվող բերդապարիսպը առինքնող է իր ամրակուռ շինվածքով: Քայլում եմ կիսականգուն շինություններով…Շոյում եմ քարերը: Չեմ ուզում հիշել Կարսի անկումը. Ավելի հետ եմ գնում: Հիշենք, թե ինչպիսին էր այն նախկինում. Պետք կգա… Առջևում դեռ ապրելիք ունենք, և անպայման պետք է գալու այդ հուշը…
՛՛Կարսը քարաշեն պարիսպներով ամրացված բնակավայր էր, ուներ պալատով միջնաբերդ-արվարձաններ: …Բնակավայրը շրջափակված էր հյուսիսում և արևմուտքում՝ մեկտակ, հարավում և արևելքում՝ կրկնակի, հաճախակի տեղադրված աշտարակավոր պարիսպներով:
Պաշտպանական հանգուցային հատվածներում հրակնատավոր հզոր աշտարակներ էին: Ջրալեցուն խանդակներն ու արհեստական լճերը նպաստում էին հարավային պարսպի անմատչելիությանը: … Տները հիմնականում երկհարկ, սակավ եռահարկ էին, ունեին խանութներ, արհեստանոցներ: Առանձնանում էին կարավանատները, բաղնիքները, տարբեր տիպերի եկեղեցիները, որոնցից նշանավորն ու հնագույնը Կարսի Առաքելոց եկեղեցին է…՛՛:
Բերդից ոտքով իջնում ենք Առաքելոց եկեղեցի: Հետքերս կնիքի պես դաջում եմ հողիս…
Կարսի ամրոցի մոտակայքում գտնվող մեր հրաշք, չքնաղ, 932-937 թթ-ին Աբաս Բագրատունի արքայի կողմից կառուցված Սուրբ Առաքելոց եկեղեցին 1994 թ-ին անվանափոխվել է և վերածվել մզկիթի: Այն բաց է լինում միայն նամազի ժամերին: Եվ այդ նամազ կոչվող ծաղրը չի ուշացնում իրեն հիշեցնել տալ. Հանկարծ ամենուր բարձր սկսում է այդ վայրա-մուղամը… Պղծություն է թափվում Երկրիս շքեղ պատկերներին… Փակում եմ ականջներս…
Բայց… ապրեն մեր աղջիկները. նրանք ավելի ճիշտ բան են մտածում և եկեղեցու առաջ ծնկած սկսում են` որքան հնարավոր է բարձր,՛՛ՙՏեր ողորմյա՛՛ երգել… Բոլորի աչքերն արցունքոտ են, խոնավ:
Ես էլ եմ այստեղ լալկան դարձել, հաճախ հազիվ եմ զսպում հեկեկանքս ու թաքուն սրբում արցունքներս…
Բայց…լաց լինել պետք չէ… Բավ է… Խեղճից ու սգավորից չեն վախենում. Պահանջել է պետք իրավունքով, հպա՛րտ, որպես տե՛ր: Վաղուց արդեն ժամանակն է: Ոտքերս ավելի ամուր եմ դնում հողիս…
Արդեն մութ է, երբ կանգ ենք առնում մեր սիրելի պոետի` Չարենցի տան մոտ: Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ հավաստի չէ… Բայց ես գիտեմ, որ ՛՛Առանց կրակի ծուխ չի լինում՛՛: Կյանքը միշտ էլ հաստատում է հետո ժողովրդի հիշողության իսկությունը: Եվ խղճուկ, ավերակված հյուղակի սև պատուհաններին հայացքս հառած` փորձում եմ ներսում պատկերացնել վազվզող մանուկ, չարաճճի երեխային, ով հետո պետք է դառնա իր ազգի հպարտություններից մեկը:
Բայազետում ենք: Բայազետ կամ Արշակավան…
Գիշերում ենք քրդական մի հյուրանոցում: Այստեղի քրդերի մոտ մեզ ծանոթ լպրծուն, շողոմ ու քծնող ժպիտը չկա, ընդամենը մեզ նայում են քիչ անհանգիստ ու լարված, բայց ինքնավստահ հայացքով: Առաջին անգամ եմ տեսնում ինքնաբավ հայացքով քրդերի: Թուրքի հետ ձեռք-ձեռքի մեր ազգակիցներին հոշոտած և թալանով մեր հողերին հաստատված` տիրոջ հայացք են ձեռք բերել: Ամեն դեպքում, դա ևս չի խանգարում նրանց որպես ստվերներ ընկալել և ամենուր զգալ սիրելիներին սպասող որբ ու կարոտած հողի ամայությունը: Դա միայն իմ զգացողությունը չէր. շատերն էին նույնն ասում: Բայց, իհարկե, քրդերի մեջ եղել են քչերը, ովքեր իրենց մարդ-ակունքի հետ լրիվ չեն կարողացել կտրել կապը և երբեմն օգնել են հայերին: Եվ, ավելի ուշ` Մհերի դռան մոտ էլ, երևի այդպիսիներից մեկն է մոտենում մերոնցից մեկին և մեղավորի պես ասում. ՛՛Սա մերը չէ, ձերն է…Մենք ժամանակավոր ենք այստեղ՛՛:
Եվ ահա. առաջին գիշերը Էրգրումս…Կարծում էի, թե կոշմարների ու մղձավանջների մեջ եմ լինելու, բայց չէ` այնքան խաղաղ էր քունս, ինչպես միայն սեփական տանն են քուն մտնում. երկիրս օրորում էր ինձ իր գրկում…
Առավոտ է… առաջին լուսաբացը կարոտիս հողում: Դուրս ենք գալիս պատշգամբ, նայում մեր առջև փռված օտար շեներով հարազատ քաղաքին. ՛՛Վա¯յ, Մասի՜սը՛՛. ձայնում է ինչ-որ մեկը, բոլորս շրջվում ենք այդ կողմ. հուզմունքի և շփոթմունքի բացականչությունները բոլորիս շուրթերին են. ՛՛Մասիսը, Մասի¯սը՛՛ և…հակառակ կողմից…
Ի՞նչ էի զգում… դժվարանում եմ բառերի վերածել: Իմ կապույտ Լեռը, որ միշտ միայն մեկ դեմք ուներ, մեկ գծագրություն ու մեկ գույն. հիմա, ասես լուսանկարային այդ միօրինակությունից դուրս եկած, մեր աչքն էր շոյում իր` այլևս ամբողջական տեսքով: Ո՞վ է ասում, թե այն կողմից Լեռը գեղեցիկ չէ: Ինչպե՞ս կարող է մեր սրբազան լեռը գեղեցիկ չլինել… Երբեք այդքան չէի հուզվել նրա տեսքից, որքան, երբ տեսա Սիսը փոքրիկ մի գագաթի պես ծվարած Մասիսի աջ լանջին. Չքնաղ էր, շքեղ էր, վեհաշո¯ւք էր: Հիմա արդեն ամեն կողմից տեսա իմ Լեռը, բայց դեռ կապույտ միայն` երազի պես պաղ կապույտ: Գույները դեռ երազելու եմ…
Ավտոբուսներն ուղղվում են դեպի Բայազետի բերդ` Դարոյնք: Ուխտավորները հոգևոր երգերով են լցնում Բայազետի փողոցները: Հայոց շարականների ու սաղմոսների ելևէջները` լուսե հունդերի պես, կախվում են օդում, քշվում քամու հետ: Վստահ եմ` նրանք անպայման ծլարձակելու են մեր նախնյաց օրրանում: Շրջակա լեռները ժայռեղեն են, վեր կարկառված ձիգ գագաթներով:
Դարոյնք բերդը, որն անվանվել է նաև Պայազատաց բերդ, ժայռերին ձուլված և նրանց հետ մեկ ամբողջություն կազմող ամրակուռ շինություն է: Այն մի ժամանակ Բագրատունի իշխանների ոստանն էր: ՛՛Հնագույն ժամանակներից մինչև V դարը Դարոյնքը մտել է արքունի կալվածքների մեջ, եղել է զորանոց և գանձանոց: Բերդի հնության մասին վկայում են պարսպին պահպանված քրմապետի, արքայի և առասպելական կենդանու բարձրաքանդակ պատկերները (մ.թ.ա. VIII-VIIդդ.): Արշակունիների անկումից (428թ.) հետո Դարոյնքը անցել է Բագրատունիներին, դարձել նրանց իշխանանիստ և եպիսկոպոսանիստ կենտրոնը, ինչպես նաև՝ տոհմական դամբարանը (բնիկ հանգստարան): Աշոտ Ա Պատրիկը 685թ-ին ճանաչվել է Հայոց իշխանապետ, Դարոյնքում հիմնել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այնուհետև Դարոյնքը անցել է Բագրատունիների կրտսեր անդամներին` պայազատներին: Այդ պատճառով հետագայում Դարոյնքը հաճախ անվանվել է Պայազատյաց բերդաքաղաք կամ Պայազատ, որից և առաջացել է Բայազետ բարբառային անվանումը՛՛: Բերդի մասին գերմանացի Ճանապարհորդ Վագները գրել է.՛՛ՙՀանդուգն և հրաշակերտ մի շինվածք է՝ այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնել՛՛:
Միայն դավաճան գործարքները կարող էին նման անառիկ բերդերը թշնամուն հանձնել: Ամեն տեղ պատմությունը նույնն է` կնքված պայմանագրերով ձեռքից-ձեռք անցած, իսկ 1915-ից հետո, երբեմն փոքր ինչ ուշ` թուրքական յաթաղանի` ամեն պայմանագրից ավելի հատու հարվածը…՛՛ՙՄնացյալը լռություն է՛՛. ինչպես ասում է Շեքսպիրը իր Համլետի շուրթերով… արդեն մեկ դար ձգվող լռություն…
Եվ անցյալի դասը մեկն է` օտար երկրների և նրանց` սեփական շահերից բխող պայմանագրերի հանդեպ պաշտամունքի հասնող հավատը մեկընդմիշտ պետք է մեր մեջ փոխարինենք միայն սեփական ուժերին ապավինելուն, իհարկե, ճկուն, աչալուրջ դիվանագիտությամբ որսալով օտարի և սեփական շահի համընկնումը և այն օգտագործելով, ընդամենը օգտագործելով, այլ ոչ թե ոտքով-գլխով, զգոնությունը կորցրած ընկնելով օտարի խարդախ և ծուղակներով սպասող գիրկը:
Մենք միշտ էլ լոկ մեզ և մեր Աստծուն ապավինելով ենք որևէ բանի հասել: Երբ մեզնից ու Բարձրյալից վեր տեր ենք ընդունել մեր գլխին, աղետն իրեն ուշացնել չի տվել…
Անցնում ենք զբոսաշրջիկների համար տեղը տեղին հարթեցված ու բարեկարգ ճանապարհով: Լեռները փոխարինվում են դաշտերով, դաշտերը` բլուրներով: Աչքերս չեն հագենում հողիս վայրուվեր գծագրության կախարդանքը կլանելուց: Մտովի բացում եմ ներկապնակս ու նկարում… Շուտով ալիքվում է դեղինը` մեկ խունացած ու թափանցիկ, մեկ էլ խտանում է, հրդեհվում ու բոցերը տարածում աջ ու ահյակ… Եվ նորից սայթաքում են ժամանակներն ու անցյալ-ներկա խառնում իրար. ՛՛Հզոր, ոռնացող բոցերի մեջ վազում է մի չքնաղ մանուկ` ձեռքերն առաջ պարզած… այնպես, կարծես ոչ թե այրվում, այլ խաղում է բոցերի հետ…Եվ նա մենակ չէ…Շատ են…կրակե շապիկներ հագած այդ մանուկները… Նրանք խաղում են…պարում բոցերի հետ…և ծիծաղում են՛՛. Աննա Պետրոսյան. ՛՛Եղերապատում՛՛ գրքից:
Ու նորից արյուն եմ տեսնում սարալանջի կարմիր երանգների պատրանքի մեջ` մոր ծնկներին մորթվող զավակների արյունը:
Այդ ո՞վ է բարեկամությունից խոսում, ո՞վ է ծաղրում մեր ցավը, ո՞վ շփոթում նախամարդուն անգամ դեռ չհասած այդ վայրագ ոհմակին մարդ-բանականի հետ: Մի՞թե հերիք չէ մեր ապրածը:
՛՛Ներել կարելի է զղջացողին,- շարունակում է մեր զրույցի ընթացքում տեր Զենոնը,- Եթե մեղավորը չի զղջում իր արածի համար, ի՜նչ ներելու մասին է խոսքը: Այս ժամանակներում էլ, և հատկապես այս ժամանակներում, պետք է զգոն լինել: Քրիստոնեությունը բնավ էլ չի կոչում խեղճության: Քրիստոնեությունը պայքարի կրոն է: Քրիստոնյայի կյանքը միշտ էլ պայքար է թե՛ արտաքին, թե՛ ներքին. Թե՛ երևութական և թե՛ աներևույթ թշնամիների դեմ:
Քրիստոնյան երբեք չի դադարում պայքարել, եթե դադարի, նշանակում է, ինքն այլևս քրիստոնյա չէ՛՛:
Այո, միայն այդպես, որովհետև այդ անհագուրդ դահիճը դեռ արյուն է տենչում. Մեծ Թուրանը այսօր էլ նրանց տենչի գագաթն է, և հենց այնպես չէ ամեն տան մեջ լամուկների մեկ վաշտ բազմություն վխտում: Դա ռազմական ծրագիր է և իրականացվող ոչ անցյալում, այլ հենց այսօր և մեր դեմ ուղղված, ինչու չէ` արդեն նաև ողջ քրիստոնյա ազգերի: Այդ լամուկներին երեխաների հետ շփոթած և սիրալիր խոսքի բռնված մեր կանայք վախեցած ավտոբուս են բարձրանում` հայհոյանքի և կատաղության նրանց պոռթկումից փրկվելու: Թուրք լակոտները ավտոբուսի ապակուն փայտի կտորներ են նետում, բռունցք ճոճում: Նրանք նույնն են…
Եվ ոգու ուժից զուրկ այդ թուրք-ազերի ցեղը իր քանակով է հիմա հոխորտում:
Իսկ ինչ ենք մե°նք անում… Մեր իշխանությունը ջանք չի խնայում այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ մեկ երեխա պահելն անգամ անլուծելի խնդիր դառնա ընտանիքին: Որովհետև, հիմնականում իշխանավորների գրպաններ հոսող վարկերը տրամադրողները, հենց այդ են դնում որպես պայմաններից առաջնայինը, որովհետև. իրենց զվարճանքներն ու էլիտա կոչված երազանքի գեթ շուքին հպվելն ավելին արժեն, քան երկրի լինել-չլինելը, որովհետև… է՜, արժե՞ ամեն բան ասել. դուք ինձնից էլ լավ գիտեք…
Ավելի լավ է ձեզ էլ մասնակից անեմ երկրիս` ավտոբուսի պատուհանից դուրս տեսաֆիլմի պես սահող հմայքոտ տեսարաններին: Բայց մահմեդական գյուղը նորից փչացնում է ողջ հմայքը` անճոռնի, կեղտագույն: Կրակագույն ձիերն են միայն ազնվացնում հեռանկարն իրենց ներկայությամբ:
Անձրև է սկսվել…հատուկենտ կաթիլները խփվում են ապակուն… Հոգուս պես է երկինքը:
Բերկրիի ջրվեժ… Իջնում ենք ու խռնվում դիմացի ափին: Կողք-կողքի` փարթամ շիթերով ցած թափվող ջրվեժը վարսագեղ փերի է հիշեցնում, կամ էլ այն գեղուհիներին, որ թուրք ոհմակից փրկվելու համար իրենց ցած էին նետում ` ջրերին խառնված… Մեր կողքի սրճարանում չադրաներով և փնթի հանդերձներով այդ բաշիբոզուկների հետնորդներն են: Աթոռներին թիկնած սուրճ են վայելում և … յաթաղանից փախչողներին իրենց մեջ հանգիստ տված ջրերի դեռ անհանգիստ ու հուսահատ հևքը: Մինչև ե՞րբ…Չի կարող այսքան մեծ սխալը անվերջ երկարել…Չի կարող…
Անցնում ենք կամրջով ու մյուս ափին նստած` Բերկրիի անցյալի հետ ենք: Գյուղը կար և գյուղը …չկա: ՛՛ՙԻհարկե տեր ենք, պետք է պահանջենք և ի վերջո հետ վերցնենք մեր հողը: Բայց դե հո միշտ չպետք է հետ նայենք, -ասում է Անահիտը,-ինչ եղել` եղել է՛՛. Չհասցրեց խոսքն ավարտել անգամ. խաղաղ, արևոտ օրվա մեջ, ուր տերև անգամ չէր շարժվում, հանկարծ մի ակնթարթում մոլեգին մի քամի, թե պտտահողմ բարձրացավ, պտտվեց մեր շուրջ` փոշու ամպ բարձրացրած, խառնեց ողջն իրար և շատ արագ էլ հանդարտվեց: Բոլորը զարմացած` քամուց պատսպարվելու համար ավտոբուսների մեջ էին արդեն, կամ խմբվել էին դրանց շուրջ: Միայն մենք հասկացանք, թե ինչ կատարվեց: Երկուսս էլ գունատվել էինք. մեզ իր մեջ առած քամին բազմության աղաղակի ձայնով էր սուրում` Բերկրիի նահատակների ձայնով…
Հիմա հասկացա՞ք, որ անցյալը մեզ հետ է, որ ոչինչ չի անցել, եթե հատուցում չկա ոճիրի դիմաց: Մենք որ` լավ հասկացանք…
Մեզ Վանն է սպասում: Գիտեմ որ` անհամբեր է ինձ պես: Ահա և մեր ծովակը, մեր երկնաթույր փերին: Մանրիկ ալիքները մարգարտաշաղ գորգ են հինել ու ցոլցլում են արեգակի ոսկեման ցնցուղի տակ: Տեր հայրը ասես իմ մտքերն է բարձրաձայնում. ՛՛Մենք դեռ էլի ենք գալու այստեղ. գալու ենք մի օր էլ` էլ չգնալու համար: Բայց պետք է անսասան լինենք, հավատն ու պայքարը մեկտեղած ապրենք, սուրն ու խաչը պետք է միշտ միասին լինեն: Եթե կարողանանք համախմբել ազգը խաչի և սրի շուրջ, եթե նրանք դառնան միաձույլ և որևէ մեկը չկարողանա իր խժդժությունները ներմուծել նրանց միջև, կնշանակի, որ մեր ազգը Աստծո ողորմությամբ կունենա երազանքների կատարում՛՛:
Նավերով հասնում ենք Կտուց անապատ, որտեղ մի քանի վանքերից միայն սուրբ Կարապետի վանքն է կանգուն: Ժամերգություն է հնչեցվում և հոգեհանգիստ նահատակների հոգիների համար: Վանքը կենդանանում է, և անթաղ, անշիրիմ մեր ազգակիցների դեռ անհանգիստ հոգիները, վստահ եմ, որ ցնծում են և ներկա են մեր աղոթքին:
Մեկ ժամ ունենք Վանա ծովից մեր կարոտն առնելու: Ինձ հանձնում եմ կապուտակ ու ջինջ ալիքներին: Ծովն արբեցրել է ինձ իր հմայքով. Չեմ հագենում, ծովակս` նույնպես: Խայտում եմ ջրերի մեջ ու մրմնջում կարոտս. ՛՛Ինչպե՞ս եմ ապրել առանց քեզ, իմ թանկ՛՛… Երկնքում` ջրերի վրա, ծիածան է հայտնվում և այդ ողջ ժամի ընթացքում հայացքիս առաջ է:
Ողորկ ու գեղեցիկ փոքրիկ քարեր եմ հավաքում ափից, որ որպես ՛՛Էրգրի կանչ՛՛ նվիրեմ մտերիմներիս և ծանոթներիս:
Ափին շուրջպար են բռնել. պարում են ինքնամոռաց, հողը թնդացնելով: Պարում են նրանց փոխարեն` որպես մեկ դար ընդհատված կյանքի շարունակություն…Հաստատում են հայի լինելիությունը, հողի և իր տիրոջ միավորումը կրկին…
Անվերջ հեռվից հետևում եմ խմբից մի ծեր կնոջ, որ այժմ` ծովակի ջրերին ինքնամոռաց հառված, ինչ-որ բան է մրմնջում` զրո՞ւյց է, թե՞ աղոթք… Ավելի ուշ Սոնա տատը պատմում է իր հոր` Վանա ծովի առափնյա գյուղի /հենց այդ տեղանքի, ուր կանգնած աղոթում է/ և, իհարկե, մինչև 1915 թիվը, բնակիչների մասին: Կոտորածի օրերին` չորսամյա տղայի մայրը, իրենց տան վրա հարձակված քրդերից մեկին գաղտնի ոսկի է խոստանում ընտանիքի փրկության դիմաց: Քուրդը մյուսներին ասում է, որ վրեժ ունի այդ ընտանիքից լուծելու և խնդրում, որ նրանց հանձնեն իրեն: Ողջ ընտանիքին տանում է և ազատ թողնում արդեն աչքից հեռու` լեռներում: Մայրը քրդին է տալիս Սոնա տատի հոր գլխարկը, որի աստառի տակ ոսկիներ են կարված եղել (Ահա քրդերի երբեմն ցուցաբերած գթասրտության իսկական դեմքը): Երեխան հետո երկար լաց է եղել իր գլխարկի համար, ոչինչ չհասկանալով այդ տարօրինակ ՛՛առ և տուրից՛՛:
Այդպես փրկվել են: Երևի Սոնա տատիկը, ջրերի փողփողացող ալյակներին նայելով, նաև փորձում էր պատկերացնել իր կյանքի մի այլ ընթացքը, այն ճիշտը, եթե ոճիրն ամեն բան գլխիվայր չշրջեր: Ես չգիտեմ, թե տատն ինչպիսին էր տեսնում իր այդ կյանքը, ու ինքս եմ փորձում իր տեղ հորինել այն… Ահա, մի խումար աչքերով, նրբիրան աղջիկ է` մթությամբ վարագուրված գյուղից դեպի ծովափ գնում: Սիրտը հևքոտ է, թրթռուն: Նա թաքուն մի տեղ կրակ է անում ու սպասում Կտուց կղզու իր սրտի սիրածին: Նրանք հանդիպում են ամեն գիշեր: Տղան առնական է, անվախ և ծովակի ջրերը իրենք էլ օգնում են, որ շուտ հասնի իր թանկ Սոնա աղջկան: Ոչ ոք չի հանգցնում աղջկա վառած` ամեն գիշեր որպես փարոս խավարում կայծկլտացող կրակը, և… մի ոսկեհանդերձ աշնան օր ողջ գյուղը թնդում է դհոլ-զուռնայի ձայնից: Նրանց հարսանիքին գինին առատ էր և խինդն էր առատ և երազնե¯րը… Վերջ, էլ չեմ կարող, անվերջ իրականը` սպանդի տեսիլներով խուժում է իմ հեքիաթից ներս ու… մի սպասեք, այս հեքիաթի վերջում խնձորներ չեն ընկնելու…
՛՛Մանուկները իրար ետևից ոչ միայն ապառաժներին զարնվելով ջախջախվում էին, այլ նաև բարբարոսները, զարկելով իրենց ծնկներին, կոտրատում էին նրանց մեջքը և նետում ծով…Եվ սա նույնպես դահիճների համար զվարճալի խաղ է դառնում: Նրանք արդեն հարբել են դաժանությունից…Նրանք հիմա հեգ մանուկներին կենդանի-կենդանի անդամահատում են, կտրատում, կտորները չորս կողմ նետում: Երեխաների հետ հաշիվները մաքրելուց հետո նրանք նետվում են կանանց վրա, բռնաբարում, հետո թափում նրանց փորոտիքը:
Սարսափի այս տեսարաններից հույն բժիշկ Մեդաքսան խելագարվեց: Ես տեսա նրան՛՛: Անրի Բարբի ՛՛Սարսափի երկրում՛՛ գրքից:
Ահա թե ինչ արժեր Սոնայի հոր գլխարկը…
Եվ ներիր, ընկեր իմ, որ չեմ ուզում քեզ խնայել: Որովհետև հանկարծ` հայի հոգու անչար գենը (և բնավ էլ` ոչ քրիստոնեական հավատի, ինչպես փորձում են ոմանք` ազգը նորից պառակտելու գնով, հավաստիացնել) քեզ էլ բարեկամության ու անտեղի ներումի մտքեր կարող է շշնջալ:
Որովհետև սա բոլորովին էլ հեքիաթ չէ, սա իմ երկրի` յաթաղանով հատված կյանքն է, որ մի օր կանգ առավ, իմ հողի սրտի այն զարկերը, որ այդուհետ այլևս տրոփ չդարձան… դա այս սարսափելի ամայությունն է, այս` նյարդեր սղոցող լռությունը, և միանալով խմբի երգին` ես էլ փորձում եմ հնարավորինս ցրել այն: Կյանքին շարունակություն է պետք տալ՝ ինչ գնով ուզում է լինի: Եվ մենք փորձում ենք այդ շարունակությունը դառնալ…
Գիշերելու ենք Վանում… Հասնում ենք գիշերով:
Հյուրանոցում տեղավորվելու խառնաշփոթ: Հոգնած քուն ենք մտնում…
Վանի առավոտը…Կարինեից որպես ծննդյանս օրվա նվեր ստացած` Երուսաղեմում օրհնված փոքրիկ արծաթյա խաչը կախում եմ պարանոցիս և … շտապում ենք տեղավորվել ավտոբուսներում:
Կիրակի է… Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում այս տարվա միակ պատարագի օրը. ուշանալու իրավունք չունենք:
Վանի փողոցներում գրեթե ծառեր չկան, հատուկենտ, բարալիկ ու փոքր` շունչը փչելու վրա, մեկ մեկ երևում են: Բայց ընդհանրապես բնակավայրերում ծառերը շատ քիչ են, ծաղիկներն էլ… Այլ կերպ չէր էլ կարող լինել. վայրագ ցեղը ոչ բնություն է հասկանում, ոչ գեղեցկություն: Եվ այս պտղածես աշնան գրկում կիլոմետրերով ձգվող ճանապարհներին էլ պտուղ չտեսանք. մի անգամ միայն մի երկու գոս, հատուկենտ խնձորներով խղճուկ խնձորենիներ, մի տեղ էլ աղջիկների`՛՛ՙՎա¯յ, սերկևիլներ՛՛ բացականչության վրա, թեքվեցի դեպի այդ զարմանք առաջացրած ՛՛հրաշքը՛՛. նույնքան խղճուկ մի ծառ` հատուկենտ պտուղներով… Իմ տեսածն այդ էր… Հողը նրանց պտուղ չի տալիս… Իսկ ավելի ուշ ինչ-որ մեկը զարմացած ասում է` այստեղ թռչուններ չկան: Եվ իսկապես, թռչուններն էլ հազվադեպ են երևում: Եվ ես բնավ էլ չեմ զարմանում…
Վանա ծովի ափին ենք: Նավերով ուղղվում ենք դեպի Աղթամար: Գոնե լավ է, որ՛՛ՙԱխ Թամարը՛՛ մի տառասխալով Աղթամար են դարձրել: Թե չէ սիրում ենք ողբի հուշը հավերժացնել ու ապրեցնել այն անվերջորեն: Բայց ախր, բառը ուժ ունի, իր թաքուն էներգիան, որը կարող է որպես ինֆորմացիա դարերով անցնել և …ճակատագիր դառնալ:
Եթե հնար ունենայի` մեր կյանքերից այնպիսի հաճույքով կջնջեի այդ բոլոր ՙախ-երն ու վայ-երը` Վայոց ձոր, Խուճապի վանք, այս, այն: Կարծես այնքան էլ շատ չեն, բայց քիչն էլ հանդուրժել պետք չէ: Ես այս ամենը հետո եմ մտածում: Հիմա` Վանի ջրերը հայացքով շոյելով, հետառաջ եմ գնում ափից-ափ, անցյալից-ներկա, մեզնից դեպի նրա¯նք…
Կղզում ենք… դեպի վանք ճանապարհին ամենուր հուշանվերների վաճառասեղաններ են: Շտապում ենք… Սուրբ Խաչի հրաշք կոթող-եկեղեցին արդեն` այս ու այն թփի կամ ծառի ետևից` երբեմն իր շքեղությունը ի ցույց դնելով, կանչում է մեզ: Դրսից զարդաքանդակներով դրվագված վանքը ապշեցնում է իր գեղեցկությամբ:
՛՛Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոններից էր. Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը: Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով՝ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով: Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը: Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակներից մեկի վրա պատկերված է Ադամի և Եվայի պատումը՝ արարումից մինչև դրախտից արտաքսումը: Արևելյան ճակատին պատկերված են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները: Նրանց կողքին են նաև Գրիգոր Լուսավորիչը, Արծրունյաց տան եպիսկոպոսները, արաբական արշավանքների ժամանակ հերոսացածները, այդ թվում՝ Արծրունյաց ցեղի 4 ներկայացուցիչ՝ հարազատներով շրջապատված: Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը՛՛։
1915 թ-ին… դե, իհարկե նույնը` կոտորած, թալան, ավերում… Եվ միայն 2007 թ-ին եկեղեցին վերանորոգվել է և արդեն, տարին մեկ անգամ, այնտեղ Սուրբ Պատարագ է մատուցվում:
Հայերիցս շատ, արդեն ներս ու դրսում վխտում են թուրք ու քուրդ թղթակիցներ, ոստիկաններ, պարզապես ընտանիքներով ասես ՙներկայացում՚ տեսնելու եկած պարապ-սարապներ: Ամեն բան մտածված է, որ մենք մեզ տեր չզգանք: Եվ այստեղ նրանք այնքան էլ ստվերների նմանություն չունեն:
Պատարագի պատարագիչն է Պոլսի Հայոց պատրիարքության միաբաններից Հայր Եղիշեն, մասնակցում են պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայոց Արևելյան Ամերիկայի Թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև, տիեզերական պատրիարք Հունաց Բարդուղեմիոսը, Ասորի մետրոպոլիտը, բազմաթիվ այլ հյուրեր: Պատարագի ողջ ընթացքում ստիպված ենք հանդուրժել թուրքերի հեգնոտ ժպիտները, ուղղաթիռով կղզում դեսանտ իջեցված ոստիկանության մի նոր խմբի վայրենի ներխուժումը վանք և այլն, և այլն… Այդ ամենն իբրև թե արվում է մեր անվտանգության համար: Թուրքը պաշտպանո¯ւմ է մեզ… Ժողովրդի ասած. ՛՛Չմեռանք` այդ էլ տեսանք՛՛… Բայց նրանց թատրոնը և իր խաղն անթաքույց են:
Ինչևէ. վանքը հայոց Պատարագի օրհնությամբ է լցվում… և կարևորն այդ է: Հուզմունքը, որ տիրել էր ամեն մի հայի հոգու` դժվար է բառերով արտահայտել: Առաջին անգամ ներկա եմ առանց խորանի վարագույրի անցկացվող Պատարագի… ու, տա Աստված, վերջինը լինի: Պատարագը հնչում է որպես նահատակների վերջին աղոթքի շարունակություն, որպես լույս` հեղվող նրան ամենուր սփռված անթաղ աճյուններին, որպես իրար միահյուս բողոք և աղոթք` Բարձրյալին ուղղված:
Հետո բակում Անդաստանի կարգ է կատարվում` օրհնվում են աշխարհի չորս ծայրերը: Իմ մոմերն եմ վառում… և… ՛՛ողորմյա՛՛ շշնջում մեռյալների համար:
Տեղացի մի հայ` եկեղեցու պատի մոտ խաղողով լեցուն մի մեծ արկղ դրած, Մուշից բերված խաղող է մեզ հյուրասիրում: Ինչ անուշ են, ինչ քաղցրահամ Մշո դաշտի խաղողի սևուկ հատիկները: Փոքրիկ բույլերով պտուղը բաժանում ենք իրար` նշխարի պես:
Արդեն հակառակ ափին` ծառերի հովանու տակ, Վանա տառեխ ենք համտեսում: Ձուկ չեմ սիրում, բայց ինձ թվում է, թե ամենահամեղ բանն է, որ ճաշակել եմ երբևէ: Վանա բերդի` Տուշպայի ամրոցի մոտ ենք. անառիկ, բայց …ընկած ամրոցի…
Ավտոբուսների կանգառին մոտ` հսկա վանդակի մեջ, Վանա փափլիկ, սպիտակամազ կատուներն են. տարբեր գույների ու անսահման թախծոտ աչքերով…Կարոտի՞ց…Դե, իհարկե, կարոտի՛ց…
Մհերի դուռ… Ժայռի բարձունքում ժայռակոփ, փակ դուռն է …
Ազգովի երազ ունենք այն բացված տեսնելու: Ազգովի կարոտն ունենք Մհերի վերադարձի: Մտածում ենք, ելքեր փնտրում, հետո նորից գալիս ու դեմ առնում, ասես մեր բախտի ճանապարհին փակուղի դարձած այդ դռանը: Ո՞վ այն նույնացրեց մեր ապագայի ճար ու դարմանի հետ, չեմ հասկանում…
Բայց, եթե բախտի դուռ ենք սարքել, ուրեմն երազելու համար այլևս ոչ ժամանակ ունենք, ոչ էլ սիրտ… Շտապել է պետք… Եվ Մակեդոնացու պես` ասես այս թնջուկի ելքը գտնում եմ: Բրիչը վերցնելու եմ ու գամ…ու փորելով բացեմ այս անվերջորեն փակվածը: Մհերը դուրս չի գալիս` մե՛նք նրա մոտ կգնանք… Իսկ պե՞տք է որ…
Ախր, Մհերն ինքն է իր հույսը մեզ վրա դրել, որ իր համար արդարություն գտնենք ու գահակալենք մեր թափուր գահին, որ ցորենը ընկույզի չափ դարձնենք: Դե որ մենք պետք է այդ ամենն անենք, էլ Մհերը մեր ինչին է պետք: Ուրեմն մեր մեջ պետք է փնտրենք մեր այդ երազի Մհերին, մեր ուժերով ցորեն ուռճացնենք:
Մհե¯րը… նա ինձ ավելի մեր այն հայրենակիցներին է հիշեցնում, ովքեր այնքան հեշտ իրենց հետևից փակում են Հայոց դուռը և աշխարհի մի հեռու ափում տաքուկ բույն գտնում և սպասում, թե այլք երբ են այստեղ` բնության, կրծողների, նրանց նմանակ երկոտանիների` դեպի որոնց անտակ գրպաններն են հոսում ու չքանում Հայոց ցորենն ու գարին, և էլի ինչի հետ ասես կռիվ տալով, տաքուկ բույն դարձնելու մեր Նաիրին …
Դեռ պետք է նախ ամբարներում ցորեն ու գարի ունենալ, հետո միայն այն ընկույզ դարձնելու տենչանք պահել:
Չէ, Մհեր, դու չես իմ երազը… Բայց մեր հայացքների նետերի դեմ անխոցելի այս դուռը ինձ էլ է գայթակղում: Հերիք է փակն ու անելքը ծառանան մեր դեմ… Այնպես, որ, չնեղանաս ինձնից, Դավթի որդի. բրիչը առնելու եմ ու գամ…
՛՛Ժողովուրդ, իզուր մի բարձրացեք, Մհերը տանը չի…Դուռը բացող չկա՛՛. կատակում է տղաներից մեկը` այդպես շտապեցնելով մարդկանց:
Վարագավանքն է գիշերով մեր դեմ հառնում: Ժամանակին Արևմտյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը, այժմ ավերակ վիճակի մեջ: ՛՛981 թվականին Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կինը և Գագիկ Բագրատունու դուստրը` Խաշխուշ թագուհին կառուցել են Վասպուրականի Սուրբ Սոֆիա եկեղեցին։ Ուշ միջնադարում եկեղեցին վերածվել է ամրոցի, այդ իսկ պատճառով կոչվել է Բերդավոր։ 1857 թվականին Վարագա վանքի վանահայր է նշանակվել Խրիմյան Հայրիկը։ 1896 թվականին, հայկական կոտորածների ժամանակ, Վարագա Վանքը կողոպտվել, իսկ 1915 թվականին իսպառ լքվել և ամայացել է՛՛:
Քուրդ պահակը հայ ուխտավորների փողերով քչից շատից հսկում է վանքը, որ մնացած քարերով գեթ քրդական իրենց խղճուկ հյուղերի ճաքերը չփակեն: Չեմ զարմանա, եթե հաջորդ գալուց, վանքի կողքին մի հսկա առանձնատուն վեր բարձրացած լինի, և չի բացառվում, որ` տեղ-տեղ վանքի քարերով… Դե, ոչինչ անել չենք կարող. ընդամենը ես էլ իմ բաժինն եմ դնում դոլարի կույտի վրա` ոչ քրդին, այլ Վարագա վանքին մտովի հղելով այն, իսկ մնացյալը… Իսկ հիմա ժամն է Ժամերգության, աղոթքի… Մեր ձեռքերում պահած վառվող մոմերից այնքան էլ չենք տարբերվում երևի. նույն կրակն է մեր հոգում, նույն ծուխը և հույսի նույն բարալիկ լույսը` համատարած խավարի մեջ:
Կրկին գիշերում ենք Վանում: Փոքրիկ շշով գինի եմ վերցրել: Երկրումս առաջին անգամ ծնունդ եմ նշում: Տխո՞ւր եմ, ուրա՞խ… տխուր…Չէ, ոչինչ էլ չեմ: Պարզապես, ասես իսկապես նորածնի պես նոր միայն աչքերս բացած` ուզում եմ ընկալել շուրջս եղածը: Այ, ծնունդն այդպես կլինի` նոր օրվա մեջ լրիվ նոր ու … առաջին քայլն է ասես կյանքիս շեմին: Նորից եմ ծնվում: Ընդհանրապես ես դա հաճախ եմ անում: Բայց այս մեկն ուրիշ է, այս մեկը Էրգրումս է …Վանում… ու …ինչ-որ տեղ շարունակություն ժառանգվածի…
Արևագալի տարտամ լույսերի մեջ հեռանում ենք Վանից: Մտովի ջնջում եմ քաղաքի այս ու այն թրքաբառ ցուցանակները ու հայերեն գրում` ՛՛Հացաբուլկեղեն՛՛,՛՛ՙՄանկական հագուստ՛՛, ՛՛Սրճարան` Նաիրի՛՛… Որտեղից որտեղ աղավնիների մի բույլ է հայտնվում և ասես ուղեկցում մեզ` երկար-երկա¯ր:
Վանից դուրս եկող ճանապարհի երկու կողմերում կլոր սաղարթներով, բարալիկ բներով փոքրիկ ծառեր են շարքով ձգվում, որ ասես բազմակետեր են շարում, կախման կետեր… սպասումի կետեր… ու շարունակություն են հուշում և աղերսում…
Մտովի նահատակների հետ եմ, ասես կողքիս են նրանք. հողի պես` հայի կարոտ: Ասես ոչ միայն ժամանակներն են խառնվել իրար, այլև այսդինն ու անդինը, տեսանելի և անտես աշխարհները: Ու նրանք շշնջում են իմ ականջին` հովի ձայնով, ժպիտով արփաշողի, մայթեզրի թփերի… ու ես էլ իմն եմ ասում: Անսպասելի է, բայց ցավից ավելի` գորովանք ու ցնծություն կա նրանց շշունջի մեջ, և հարազատների զրույց է եղածը, վաղուց իրար կարոտած ու վերջապես գտած հարազատների…
Եվ ինչ-որ պահի ես հասկացա, որ միայն մենք չենք մեր արյունոտ անցյալի հատուցման համար ինչ-ինչ քայլեր անում. մեր արածը լրացնում, նույնիսկ շատ ավելին անում են սրբացած նահատակները, զավակների արյունից խենթացած մեր պապերի հողը…Եվ հենց այնպես չէ, որ հսկայական տարածքներ մնում են անբնակ և ամայի:
Հիմա գիտեմ, որ մղձավանջներ են այցելում այնտեղ բնակվել պատրաստվողներին` երազների՞ մեջ, թե՞ հարթմնի: Եղեռնի անմեղ զոհերի հոգիները, որ վաղուց կարող էին սրբերին վայելող Երկնային արքայության իրենց բաժին տարածքներում լինել, մշտարթուն և զգոն զինվորների պես` իրենց հողին փարված, պահպանում են այն, մինչև որ մեզ կփոխանցեն մեր թանկ Հայրենին…
Աղջիկները երգում են.՛՛ՙԱխ ինչ լավ են սարի վրա անցնում օրերն…՛՛. Ձեր փոխարեն ենք երգում, սիրելիներս, տառապյալներս, մենք փաստորեն ձեր կարոտն ենք այսքան ժամանակ կրել մեր մեջ ու պարպում ենք հիմա` մեր որբուկ տան գրկում: Ես չգիտեի, որ այսքան նույնն ենք ու միահյուս.. Եվ մենք ձեր միտքն ենք հիմա, ձեր հույզերը, ձեր երազները ու շարունակությունը նաև…՛՛Քելե, լաո, քելե էրթանք…՛՛. հնչում է ավտոբուսում. աչքերս արցունքոտվում են, թաքուն մաքրում եմ. լավ է` տեսնող չեղավ:
Սեպտեմբերի ութն է` Տիրամոր ծննդյան օրը: Մարիամի ծնունդն էլ է ու…շնորհավորում ենք արդեն վաղուցվա հարազատների նման: Այս կարճ օրերի ընթացքում բոլորս հարազատացանք իրար. պատճառը Երկի՞րն էր` մեզ իր զավակների պես գիրկն առած, թե՞ այն, որ հրաշալի մարդիկ էին մի փոքրիկ ավտոբուսում իրարու եկել` Տեր Զենոնն ու իր կինը` Քաղցրիկը, Կարինեն, Երկու Անահիտները, Սուսաննան, Ալինան, Մարիամը, Քրիստինան, Եղիշեն և մյուսները… Հետո կարոտելու ենք իրար և փորձելու կրկին հանդիպել…
Ցածրիկ բլուրների հետևում մի փառահեղ սար է նշմարվում` իմաստուն ծերի վեհությամբ հառնած. ՛՛ՙՆահապետ՛՛ եմ կնքում անունը… Տեսնես ի՞նչ էին կոչում այն ժամանակ: Այս մի լեռն էլ` կանաչագեղմը, ՛՛Գանգրահեր՛՛ անունն է ստանում, այն ժայռեղեն կատարներովը` ՛՛Ժամապահ՚՛՛, այն` խայտուն այլակների տեսքով քարուտը` ՛՛Վետվետուն՛՛… տեսնես ի՞նչպես էին կոչվում ա¯յն ժամանակ…
Գնում ենք մեր Լեռը… Արարատի լանջին նախաճաշ վայելելու: Այո, հենց այդպես, նստել ենք ավտոբուս ու… գնում ենք…
Ճանապարհի` Արարատին ամենամոտ մասում, դե, գրեթե լանջին, հենց ճամփեզրին նախաճաշն են բաժանում: Հացը ձեռքիս վազում եմ Լեռանս ավելի մոտ ու նստում հողին: Հիմա այնտեղ` Լեռան հակառակ կողմում իմ հետքերը կան, որոնց ոչ մի անձրև ու քամի մաքրել չեն կարող. Ես սրտիս տրոփն եմ դրել իմ սրտաձև հետքերի մեջ: Փոքր Մասիսը հազիվ է նշմարվում Արարատի աջ լանջի հետևից…և նա դեռ երբեք այսքան գորով չէր արթնացրել իմ մեջ: Կարծում եմ պատճառն այն է, որ Արարատի` մեր կողմից երևացող տեսքը, մենք մեր սեփականն ենք համարում… հայացքով շոշափում ենք, ըմբոշխնում` երբ կամենանք: Այն կողմը որբուկ է մնացել: Մտքում նկարում եմ Լեռան կապույտը, տենչիս ներկապնակից վառվռուն գույներ ավելացնում… Ու երկար հմայված հառվում նրան: Ձեռքերս քոր են գալիս, վրձիններո¯վ եմ ուզում գալ… Ձեռքերիս երազն էլ` մյուս երազներիս հետ, ծրարում և երկինք եմ ուղարկում. մինչև Բարձրյալի գահը…
Անի… Փոշու ու քարերի միջով վանքից վանք ենք անցնում` Ամենափրկիչ, Տիգրան Հոնենցի, Առաքելոց, Մայր Տաճար… մյուսները, որպես քարակույտեր սփռված են մեր շուրջ: Մյուսները` Անի քաղաքի հազար ու մի եկեղեցիները…
Այսօր նրանցից միայն մեկում` Մայր Տաճարում ժամերգություն է հնչում… Եվ քիչ չի թվում ոչինչ` ոչ աղոթքի օրհնությունը` ամեն կողմ ալիքվելով տարածվող, ոչ ներկաների հոգիների սերն ու հավատն առ Աստված, ոչ էլ խորհուրդը` պահի մեջ ամբարված…Քիչ չէ` Անիի բազում եկեղեցիների համատեղ հնչող պատարագների համեմատությամբ անգամ…
Անին մեզ համար դաս պետք է լիներ` խոնարհության և ճշմարիտ հավատի դաս…
Ու վազում եմ Անիի փողոցներով` դեռ ժամերգության աղոթքը որպես մրմունջ շուրթերիս. Միտքս դարերով հետ է սուրում, վազում եմ ասես այն օրերի քաղաքի փողոցներով… ինչ-որ տագնապ կա հոգուս մեջ` իշխանական հագուստները և արդուզարդը ծանր են ու խանգարում են` մեր բակում` պապիս կողմից շինված ընտանեկան եկեղեցին թողած, հասնել Մայր Տաճարի պատարագին. Արձակում եմ ու մայթեզրի խոտերի մեջ գցում ոսկեդրվագ, հակինթով ու շափյուղայով զարդարուն գոտիս, ոսկետտուն հերակալս, դեն եմ նետում արծաթե մաշիկներս ու այդպես հերարձակ ու բոբիկ վազում եմ…վազում…
Ուշքի եմ գալիս… մեր օրերում եմ նորից` արդեն վաղուց փլատակ Անիում… Բայց հոգուս տագնապը նույնն է` իմ քաղաքն եմ հիշում` միմյանց հետ մրցության մարմաջով բռնված երկրիս այսօրվա տերերի` մեկը մյուսից ավելի ճոխ ու հոյակերտ՛՛ՙպալատները՛՛… Անիում գոնե եկեղեցիներ էին կառուցում…
Թողնում ենք մեր հրաշք, բայց վերքոտ քաղաքը և բռնում վերադարձի ճանապարհը… Բայց, հրաժեշտ չէ, որ տալիս ենք…
Թեպետ, միևնույն է, երկրիս արևը անհանգիստ է. երթուղայինի վարագուրված պատուհանիկի ճեղքերից անգամ անվերջ ներս է փորձում խցկել իր շողիկները, շուլալվում է մազերիս, փաղաքուշ հպվում այտիս. ՛՛Մի~ գնա…Մի’…՛՛: Լեռներից ջրվեժների պես ցած հորդացող կանաչի ալիքները իրենց թովչանքն են խառնում նրանց, հոգիս իրենց հմայքի ցանցերի մեջ խճճում. ՛՛Մի~ գնա…ինչո՞ւ ես գնում…՛՛…
Երկիրս ծիածան է հագել, գույների խայտանք է ուզում, մաքուր, մարդկային հույզերի թրթիռ ու դող, երկիրս ժպիտ է ուզում ու կյանք և…մեզանի~ց: Փոքրիկ ծիածանը` թագի պես լեռների գագաթները պսակող, մեկից մյուսին անցնելով, հայացքս թակարդում է ու ՛՛ՙՄի~ գնա՛՛…
Բայց ես ամենևին էլ չեմ գնում, ես եկա ծնվելու այստեղ, եկա մեկընդմիշտ միահյուսվելու իմ հոգևոր, հսկա և այլևս միացյալ ու միաձույլ Հայաստանին: Ես չեմ գնում. ես իմ հոգին եմ թողնում այստեղ ու…վերադառնալու եմ… Թեպետ սկզբում, գուցե դեռ մտքի ճախրանքով: Բայց դա այլևս չի լինելու առաջվա պես, երբ միտքս` հասնելով Արարատին, քարի պես խփվում էր նրան ու կանգ առնում…Հետո երկար ցավում էր այդ վերքը…Իսկ երկրիս կարոտը միայն երազանքի թևերին էր փորձում իր ծարավը հագեցնել: Միայն թե, կապույտի երանգներով ե՞րբ է հրդեհ մարվել:
Հիմա մտովի վազում եմ, հասնում Մասիսներին ու նրա լանջերով անցնում եմ այն կողմ և… շարունակում եմ վազել, ոո՜չ` ճախրում եմ դեպի Անի, Ղարս, Մուշ, Վանա ծովակին եմ հասնում, նետվում ջրերի մեջ, հասնում եմ Մհերի դուռ, և այն այլևս փակ չէ իմ առաջ, ես մտովի արդեն բացել եմ քարակոփ դուռը և ներսուդուրս եմ անում: Մհերին փնտրելու դեռ ժամանակ չեմ ունեցել ու չգիտեմ էլ` արժե՞ որ:
Այլևս իմն է ողջը` ծովից-ծով, թե եզերքից-եզերք, իմն է: Լողում եմ կենդանացած, շնչող, շենշող գույների մեջ…Եվ ոչ ոք ինձ չի խանգարում, չի կարող խանգարել: Ինչ-որ ոգեղեն տարածքներում այսուհետև ես ու հողս մեկ ենք ու միասին: Հոգուս մեջ այլևս սահմաններ չկան, այդ սահմանները ջնջվեցին այնտեղ… Իսկ ամեն բան նախ հոգուց է սկսվում…
Գուցե զարմանալի հնչի, բայց ես այնտեղից մի փոքր ապաքինված եկա… Մխիթարանքի, գորովի և աղոթքի մի փոքրիկ բաժին կարողացա տալ իմ հողին, նահատակների թափառող հոգիներին… Եվ զգացի նրանց գոհունակությունը. Մաշկո՞վ, հոգով, սրտո՜վ, չգիտեմ, թե ինչպես, բայց զգացի…
Եվ այսուհետև` մեր աղոթքների շնչով փոքր-ինչ ապաքինված հողը մեզ հետ է լինելու ամեն ժամ, ամեն պահ… Մինչև որ, Աստծո օրհնությամբ և օգնությամբ, վերջապես ջնջվի մեր կյանքերից այդ մեծ սխալը` չարի խրախճանքի դեռ շարունակվող երթը մեր Լեռից այն կողմ, նախճիրի զոհերի շեներում ու այգեստաններում իրենց ավարը դեռ վայելողների ներկայության տեսքով … Ու գա հատուցման ժամանակը…
Akunq.net