կարևոր
610 դիտում, 46 րոպե առաջ - 2025-11-21 16:59
Տնտեսական

Միջին աշխատավարձի բլեֆը․ Հայաստանում 4 մարդուց 3-ի վարձատրությունը «միջին աշխատավարձից» ցածր է․ Արթուր Խաչատրյան

Միջին աշխատավարձի բլեֆը․ Հայաստանում 4 մարդուց 3-ի վարձատրությունը «միջին աշխատավարձից» ցածր է․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Երջանկության խոստումով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շատ բանով հպարտանալու տեղ չունի՝ Արցախի հայաթափում և բռնակցում Ադրբեջանին, հազարավոր զոհեր, ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանում, Ադրբեջանի կողմից նորանոր պահանջներ, փակ սահմաններ, պարտքերի տակ կքված պետություն և հասարակություն, դանդաղող տնտեսական աճ և այս ամենին ի հետևանք՝ վստահության ու աջակցության մակարդակի գահավիժում։ Սակայն, Փաշինյանը կարող է հպարտանալ մի տաղանդով, որ ուրիշ ոչ ոք չունի. իրականությունը ծուռ հայելիների միջով, անճոռնի մերկ շրջմոլիկին պերճ հագնված արքայազն ներկայացնելու տաղանդով։ Օրինակ՝ մի քանի հոգի/ընկերություն բջջային հեռախոսներ ու կենցաղային տեխնիկա էին ներմուծում ու անմիջապես արտահանում Ռուսաստան, մի քանի հոգի ոսկի էին Ռուսաստանից ներմուծում ու անմիջապես վերարտահանում ԱՄԷ։ Սա հարստացնում էր այդ մի քանի հոգուն, պերճացնում էր տնտեսական վիճակագրությունը, բայց ռեալ տնտեսական աճի ու հասարակության բարեկեցության աճի չէր բերում։ Այս իշխանություններն այնքան հարուստ երևակայություն ունեին, որ մեկ տարում հաջողացրեցին ոսկերչական արտադրանքի թողարկումը, բնեղեն արտահայտությամբ, «ավելացնել» 23.6 (!!!!!) անգամ։ Թուղթն էլ, մատիտն էլ իրենց ձեռքերում են, ամեն ինչ կարող են գրել։ Գրել կարող են, կարող են նույնիսկ փորձել բարեկեցության պատրանք ստեղծել, բայց բարեկեցություն ապահովել չեն կարող։

Բարեկեցության պատրանք ստեղծելու փորձերից է ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՈՎ աճպարարությունը։ Իշխանությունները մշտապես պնդում են, թե Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձերը շարունակաբար աճում են, և 2025 թվականի 1-ին եռամսյակում այն կազմել է 313 հազար 613 դրամ։ Միջին և մեջտեղ բառերը նույն արմատն ունեն, և միջին վիճակագրական քաղաքացին լսելով «միջին» բառը ենթագիտակցորեն ընկալում է, թե միջին արժեքը մեջտեղի արժեքն է։ Մեր պարագայում՝ աշխատող քաղաքացիների մի կեսը պետք է որ ստանար 313 հազար 613 դրամից քիչ, մյուս կեսը՝ 313 հազար 613 դրամից շատ։ Դե մի մասն էլ հենց 313 հազար 613 դրամ կստանա, բայց կես/կես համամասնությունը դրանից շատ չի տուժի։ Եթե կենցաղից անցնենք գիտությանը, գաուսյան (նորմալ) բաշխման դեպքում միջին արժեքը թույլ է տալիս նման ինչ որ մի ենթադրություն անել։ Բայց աշխատավարձերի նույնիսկ գաուսյան բաշխման դեպքում միջին արժեքի մասին տեղեկության արժեքը շատ փոքր է, եթե չունենք աշխատավարձերի դիսպերսիայի մասին տեղեկություններ։

Վիճակագիրները լավ անեկդոտ ունեն. «Մաթեմատիկայի պրոֆեսորը խեղդվեց մի գետում, որի միջին խորությունն 95 սանտիմետր է»։ Միջինը միջին, բայց այդ գետի մի հատվածում խորությունը 10 սանտիմետր է, իսկ մեկ այլ հատվածում՝ 1 մետր 80 սանտիմետր։ Այնպես որ «միջինով» առաջնորդվելը կարող է տանել ուղիղ դեպի այն աշխարհ։

Գիտական և կենցաղային օրինակներն ինչու՞ բերեցի։ Որ ցույց տամ, որ միջինից բացի այլ ցուցանիշներ են պետք, որպեսզի պատկերացնենք, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ աշխատավարձեր են ստանում ու գոնե ինչ որ պատկերացում կազմենք նրանց բարեկեցության, ինչպես նաև սոցիալական բևեռացվածության վերաբերյալ։ Հարցումներ էի ուղարկել պետական եկամուտների կոմիտե ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով ինձ, տարբեր տարիների համար, տրամադրել աշխատավարձերի միջին արժեքի, միջնարժեքի (median) և մոդա արժեքի (mode) մասին տեղեկություն։ Մի քիչ հստակեցնենք, թե այս մեծություններն ինչ են ցույց տալիս։ Աշխատավարձերի միջին արժեքը ստանալու համար բոլոր մարդկանց աշխատավարձերը գումարում ենք իրար, գումարը բաժանում ենք մարդկանց թվի վրա։ Միջնարժեքը ստանալու համար ստացված աշխատավարձերը շարում ենք աճման կարգով և գտնում ենք մեջտեղի թիվը։ (Եթե աշխատավարձերի թիվը զույգ է, ապա միջնարժեքը մեջտեղի երկու թվերի միջինն է։) Եվ վերջապես մոդա արժեքը ցույց է տալիս ամենահաճախ պատահող թիվը։ Պարզ օրինակի վրա դա բացատրեմ։ Օրինակ՝ ենթադրենք սենյակում 7 հոգի են։ 3 հոգի ստանում են 150 հազարական դրամ, մնացած չորսը համապատասխանաբար 175, 200, 225 և 400 հազար դրամ։ 7 հոգու միջին աշխատավարձը 207 հազար 143 դրամ է։ Միջնարժեքը և մոդա արժեքը, համապատասխանաբար, 175 հազար և 150 հազար դրամ։ Ընդունեք, որ տրված բաշխման պայմաններում միջին արժեքն, ինչ որ չափով, մոլորեցնում է, ավելի մեծ բարեկեցության պատրանք է ստեղծում։

Այս երեք մեծությունները և դիսպերսիան, ինչպես արդեն նշել եմ, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել երկրում աշխատավարձերի իրական մակարդակի և բաշխվածության վերաբերյալ։ Նշված արժեքները ստանալու համար դիմել էի պետական եկամուտների կումիտե ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ ՊԵԿ-ից ստացծված պատասխանն ինչ որ չափով սպասելի էր։ Նախ նշել էին, որ աշխատողների թվի մասին տեղեկություններ չունեն, իրենց ունեցած տեղեկությունը չի վերաբերվում աշխատավարձերին, այլ «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներին»՝ վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտներին և այլն, այսինքն՝ ցանկացած գումարին, որը հարկվում է։ Փոխարենը՝ ներկայացրել էին «հարկման բազա ունեցող (եկամուտներ ապահովված) աշխատատեղերի միջին թվաքանակի, մեկ աշխատատեղին բաժին ընկնող հարկման բազայի (եկամտի) մասին տեղեկատվություն»։ Ավելի պարզ, եթե մարդ երկու տեղ է աշխատում, նա վիճակագրության մեջ ներառվում է որպես երկու մարդ։ Այսինքն՝ եթե մարդու աշխատավարձը չի բավարարում նորմալ ապրելու համար, ինքը ստիպված գիշերներն էլ պահակություն է անում, գործող մեթոդաբանությամբ նա համարվում է երկու աշխատող։ Ինչքան վատ ապրողների թիվը մեծանա ու նրանք երկրորդ աշխատանքի անցնեն, օրինակ՝ ուսուցիչը նաև կրկնուսույց աշխատի, այդքան վիճակագրությունը ցույց կտա, թե զբաղվածությունն աճել է, այսինքն՝ երկրի տնտեսական վիճակը բարելավվել է։

Քանի որ ՊԵԿ տեղեկությունները վերաբերվում էին հարկման բազային, այլ ոչ թե աշխատողներին, նույն հարցն ուղղել էի ԱՇԽԱՏԱՆՔԻ և սոցիալական հարցերի նախարարություն։ Աշխատողների թվաքանակի մասին ինձ տեղեկություններ տալու փոխարեն, նրանք իմ հարցումը վերահասցեագրել էին ՊԵԿ։ Աշխատանքի նախարարությունն աշխատողների վերաբերյալ տեղեկություններ չունի...

Ինչևէ, առաջնորդվենք ՊԵԿ տրամադրած թվերով։ Համաձայն ներկայացրած վիճակագրության 2025 թվականի 1-ին կեսին մենք ունեցել ենք 779 հազար 115 աշխատատեղ։ Պարզության համար ենթադրենք, որ մեկ աշխատողն աշխատում է մեկ աշխատավայրում և եկամուտը կոչենք «աշխատավարձ»՝ մտքում ունենալով, որ աշխատավարձի մեջ ներառված են նաև գործատուի միջոցներով վճարված նպաստները, պայմանագրային եկամուտը, արձակուրդայինը և այլն։ Նաև նշեմ, որ առնվազն իմ պարագայում դա այդպես չէ, ես զբաղվում եմ նաև օրենքով չարգելված գիտամանկավարժական գործունեությամբ։

Ի՞նչ պատկեր ունենք բարեկեցիկ Հայաստանում։ ՄԻՋԻՆ «աշխատավարձը» 2025 թվականի 1-ին կիսամյակին կազմել է 313 հազար 631 դրամ։ Ինչպես արդեն նշել եմ, ենթագիտակացաբար կարելի է կարծել, թե այդ աշխատատեղերից կեսն այդ գումարից քիչ է վարձատրվում, մյուս կեսը՝ շատ։ Սակայն, «աշխատավարձերի» շուրջ 75% (!!!) ցածր են միջին «աշխատավարձից»։ Ավելի պարզ՝ ամեն 4 աշխատողից 3-ը միջինից քիչ գումար են ստանում․ 779 հազար 115 աշխատողից մոտ 580 հազարը։ Ընդ որում, 453 հազար 701 հոգին, աշխատողների 69%-ը, ստանում են մինչև 200 դրամ։ Դե հիմա պատկերացրեք, որ ընտնիքում ընդամենը մեկ աշխատող կա։ Դե հիմա փորձեք 4 հոգով 200 հազար դրամով ապրել։ Ահա թե ինչու մենք ունենք աշխատող աղքատներ։ 750 հազար դրամից ավելի է ստանում աշխատողների ընդամենը 6%-ը։ Մեկ և կես միլիոնից ավելի է ստանում աշխատողների 2%-ը՝ 19 հազար 116 մարդ։ Չեմ բացառում, որ նրանց մի էական մաս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանոքով Հայաստան տեղափոխված այթիշնիկներ են։ Հայտնի չէ, նրանցից քանիսը տուն կվերադառնա պատերազմի ավարտից հետո։

Այնպես որ թող չփորձեն թվային աճպարարությամբ բարեկեցության պատրանք ստեղծել։ Մի բուռ մարդիկ Ռոլս Ռոյս են քշում բայց մեծամասնության համար հանրային տրանսպորտի ուղևարձի թանկացման հետևանքն ավելի էժան մակարոնեղենին անցնելն էր....

P.S. Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն աշխատավարձերի մեդիան և մոդա արժեքների ու աշխատավարձրի դիսպերսիայի տվյալները չուներ։ Բա ինչպե՞ս են պատրաստվում սոցիալական արդարության հարցը կարգավորել։ Մոռացել են, որ Հայաստանը, համաձայն ՀՀ Սահմանադրության, սոցիալական պետություն է»: