կարևոր
202 դիտում, 26 րոպե առաջ - 2025-11-21 13:13
Քաղաքական

60-ից ավելի անձ քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման․ Էլինար Վարդանյան

60-ից ավելի անձ քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման․ Էլինար Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը լավատես չէ, որ Գլխավոր դատախազը կարձագանքի ՀՀ-ում քաղբանտարկյալներին ու նրանց խախտված իրավունքներին նվիրված ընդդիմության հրավիրած լսումներին ԱԺ-ում։ 

Այսօր լրագրողների հետ զրույցում Էլինար Վարդանյանն ասաց, որ հրավիրել են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք լուռ ու իներտ են ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 

«Այս պահին 60-ից ավելի անձ ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով, որոնցից 40-ն այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է»։ 

Անդրադառնալով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ 3 ամսով կալանքի երկարաձգմանը՝ նա նշեց, որ տպավորություն է, որ նրա նկատմամբ կայանքը կիրառվում է հենց պատժելու նպատակով։ «Մինչ այժմ Լիդյա Մանթաշյանի տեսակցությունները, այդ թվում՝ պատգամավորների հետ սահմանափակված են։ Սա այլ կերպ քան պատիժ ընկալել չի կարելի։ 
Մանթաշյանը նշել է, որ տեղեկությունների է տիրապետում ինչ որ պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են, կարծում եմ ինքն ունի հիմքեր նման հայտարարության համար։ Իմ համոզմունքն այն է, որ նրան պարզապես քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում են»։ 

Դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ ամիսներ առաջ մեղ աղմուկ բարձրացրին, ահաբեկչության հոդվածով մարդկանց կալանավորեցին, հիմա ազատ են արձակում՝ Վարդանյանն ասաց, որ այս գործն այնքան սին է ու դատարկ, որ դատարանն անգամ վստահ չէ, որ ապացույցները բավարար են լինելու որոշումներ կայացնելու համար»։