կարևոր
358 դիտում, 33 րոպե առաջ - 2025-11-21 12:56
Քաղաքական

Թուրքիան շարունակում է իր պանթուրքիստական ինտեգրացիոն ծրագիրը, որի վերջնանպատակը թյուրքական ազգակերտումն է․ քաղաքագետ

Թուրքիան շարունակում է իր պանթուրքիստական ինտեգրացիոն ծրագիրը, որի վերջնանպատակը թյուրքական ազգակերտումն է․ քաղաքագետ

Թուրքիան փոխում է «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան»-ով։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Թուրքիայի Ազգային կրթության Նախարարությունը հայտարարել է դպրոցական կրթական ծրագրերում «Կենտրոնական Ասիա» տերմինը «Թուրքեստան» տերմինով փոխելու մասին։

Ըստ թուրքական TRT haber-ի, Թուրքիայի Ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը հայտարարել է, որ այս փոփոխությունը կօգնի ամրապնդել թյուրքական աշխարհի միասնականությունը։

Այնուհետև նա հայտարարել է, որ այս հասկացությունը մարտահրավեր է այն խնդիրների համար, որոնք միտումնավոր ստեղծվել են թյուրքական աշխարհը բաժանելու համար։

«Մենք փոխել և շարունակելու ենք փոխել մեր կրթական ծրագիրը, որը կձևավորի մեր երեխաների և երիտասարդների ենթագիտակցությունը»,- նշել է նա։

Այսպիսով` Թուրքիան իր պանթուրքիստական երազանքներն իրագործելու համար ստեղծում է ընդհանուր պատմություն, գրականություն, քարտեզ, այբուբեն։

Ավելի վաղ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում երկրների առաջնորդները ներկայացրել էին միասնական այբուբենը, բաղկացած 34 տառերից, որի նպատակն էր միավորել լեզուները, ամրապնդել մշակութային կապերը թյուրքական աշխարհում։

Ահա հենց այսպես, ջանադրորեն Թուրքիան շարունակում է իր պանթուրքիստական ինտեգրացիոն ծրագիրը, որի վերջնանպատակը թյուրքական ազգակերտումն է և միասնական ինտեգրացիոն թյուրքական իմպերիալիստական ծրագրի իրագործումն է։

Ի՞նչ տեղ կարող է ունենալ տարածաշրջանում թյուրքական «օձի պարույրով» խեղդվող Հայաստանը, սրա մասին արդեն շատ ենք խոսել։

Հասկացողն հասկացել է, իսկ չհասկացողները դեռ երազում են թուրքական խաղաղության մասին»։