կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-21 22:43
Հասարակություն

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթարի պատճառ

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթարի պատճառ

Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը կատարվում է ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։ Ողջունելի է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս, հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: