կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-08 13:52
Մշակույթ

Գյումրիի «Վերածնունդ»-ն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Գյումրիի «Վերածնունդ»-ն այս տարի նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 15-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այն կայացած փառատոներից մեկն է, որը ոչ միայն արվեստի մրցույթ է, այլև բարոյական նիշ է սահմանում իր կարգախոսներով:

 

«Եթե մինչ այս փառատոնի անվանումն այլ նշանակություն ուներ, ապա այս տարի այն մի փոքր այլ կերպ ենք մեկնաբանում, քանի որ փառատոնը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչպես նաև Հայրենական պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Փառատոնն այս տարի տեղի է ունենում «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո»,- ասաց նախարարը:

 

Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, բարերար Գաբրիել Ջամբարջին էլ, իր հերթին, նշեց, որ փառատոնը վերածննդի մեջ է: «Եթե անցած տարի փառատոնին մասնակից երկրների թիվը 33-ն էր, այս տարի ևս երեք երկիր է ավելացել այս թվին, այսինքն` տարեցտարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է»,- ասաց նա:

 

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը հավաստիացնում է, որ իրեն այս օրերին զանգահարում են այլ երկրներից և խանդավառությամբ հարցնում, թե ինչ տանեն իրենց հետ Գյումրի: «Հետաքրքիր է, բայց երևանյան փառատոների ժամանակ նման դեպքեր չեն լինում, իսկ Գյումրին այլ կերպ են սիրում: Մարդիկ այնտեղ են գնում նաև շփվելու համար»,- ասաց Սմբատյանը:

 

Ի դեպ, փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 2800 երաժիշտ-կատարող: Փառատոնը կանցկացվի 14 անվանակարգում, այդ թվում՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև իր ենթաանվանակարգը: Ժյուրիների կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ՝ աշխարհի 20 երկրից: