կարևոր
424 դիտում, 43 րոպե առաջ - 2025-11-21 14:20
Քաղաքական

Չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը քաղաքականությունն ու քաղաքագիտությունը խրոնիկ կերպով վերածի դեղինմամուլիզմի. Վլադիմիր Մարտիրոսյան

Չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը քաղաքականությունն ու քաղաքագիտությունը խրոնիկ կերպով վերածի դեղինմամուլիզմի. Վլադիմիր Մարտիրոսյան

«Չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը քաղաքականությունն ու քաղաքագիտությունը խռոնիկ կերպով վերածի ժուռնալիզմի կամ դեղինմամուլիզմի, ինչը նա անում է մի կողմից՝ սովորության,գիտելիքի պակասի ուժով, մյուս կողմից իր քաղաքական շահի ուժով և վերջապես այլևս ադեկվատ և արգումենտացված կռվաններով պաշտպանվել չկարողանալու ուժով: Երեկ նա իր բրիֆինգում հնչած շատ լավ հարցին, որին նա չէր կարող պատասխանել պահելով որևէ քաղաքական, օբյեկտիվ, ժամանակագրական, սկզբունքային կետ հայտարարեց՝«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է»։

Ուստի քաղաքականությունն ու ժուռնալիզմը միմյանցից զատելու և մտածող հայ մարդկանց հոգեկան առողջության մասին հոգ տանելու տեսանկյունից ֆիքսեմ հետևյալը:

Փաշինյանի «ժողովրդի կամքը» իրականում քայքայող քաղաքական մանիպուլյացիա է, վտանգավոր նախադեպ իրավական պետության ապամոնտաժման համար:

Վերջին հայտարարությամբ նա կրկին ձևակերպեց իր իշխանության առանցքային դոգման՝ «Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է»։ Առերևույթ դա հնչում է որպես ժողովրդավարության կանոն, բայց իրականում սա այն մանիպուլյատիվ շղարշն է, որով վերջին տարիներին պարբերաբար քողարկվում է իշխանության քաղաքական վոլյունտարիզմը։

Այս ձևակերպումն ունի երեք խորը վտանգավոր ենթաշերտ, որոնք լրջորեն սպառնում են իրավական պետությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային կամքի իսկական ձևավորմանը, ինչի շահառուն ոչ թե «Հայ Մարդն» է այլ «ՔՊ Քաղաքացին»։

1. Փաշինյանը կամ միտումնավոր ջնջում է լեգալության և լեգիտիմության սահմանը կամ իրականում չի տարբերակում դրանք:

Նրա պնդումը ենթադրում է, որ այն ինչն ինքը ներկայացնում է որպես «ժողովրդի կամք», կարող է դառնալ իրավունքի բարձր կարգ՝ նույնիսկ եթե հակասում է Սահմանադրությանը, օրենքներին կամ պետական ինստիտուտների բնական բաժանմանը։ Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական մեխանիզմ է՝ երբ երկիրը ծախսվում է ոչ թե օրենքի, այլ “մարդու” մեկնաբանած կամքի վրա։

Իրականում՝

•լեգիտիմությունը հանրային վստահության չափ է

•լեգալությունը՝ սահմանադրաիրավական կարգի պահպանում։

Երբ իշխանությունը կարծում է, որ լեգիտիմությունը կարող է չեզոքացնել լեգալությունը, դա բացում է ճանապարհ պետական կամայականության, ոչ թե հանրային կամքի իրականացման համար։

2. «Ժողովրդի կամք» հասկացությունը Փաշինյանի ձեռքում վերածվել է տեխնոլոգիայի: Փաշինյանը չի ներկայացնում ժողովրդի կամքը և լեգալ և լեգիտիմ հիմքերով միաժամանակ:

Նա դա արտադրում է, ստեղծում է, ձևավորում է, դոզավորում է, հետո հետ վերադարձնում հանրությանը՝ որպես պատրաստի նարատիվ։ Դա անելու գործիքներն են․

• Պետական ռեսուրսի քաղաքական օգտագործումը

• Մեդիա դաշտի և սոց. հարթակների մանիպուլյատիվ կառավարումը

• Հանրային վախերի, մեղքերի ու մեղադրանքների մշտական հարուցումը

• Ընտրական պրոցեսի վարչականացումը և վերահսկվող ընտրութան մոդելը

• Իրավապահ համակարգով ընդդիմադիր էներգիայի ճնշումը

• Հանրային բևեռացման մեխանիզմները, որոնք արհեստականորեն ստեղծում են ջրբաժաններ, թշնամու կերպարներ, «ժողովուրդ vs ժողովուրդ», «մենք vs նրանք» դիխոտոմիա:

Այս պայմաններում ժողովրդի կամքը այլևս չի չափվում, այլ նախագծվում է։

Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ։

3. Փաշինյանի տրամաբանությունը լեգիտիմության շրջանցումն է՝ հղում անելով անհասանելի ժողովրդին: «Ժողովուրդ» բառը նրա քաղաքականության մեջ ոչ թե սուբյեկտ է, այլ հռետորական արգումենտ, որը ծառայում է մեկ նպատակի՝

իշխանության կամայականությունները ներկայացնել որպես «հանրային պահանջ», «ժողովրդի կամք»: Սա դարձնում է Փաշինյանի քաղաքականությունը հետևողականորեն մանիպուլյատիվ՝ երբ իրականում ժողովուրդին ոչ մի իրական մեխանիզմ չի տրվում՝

վերահսկելու իշխանությանը,

հավասարակշռելու նրա որոշումը,

չեզոքացնելու նրա կամայականությունը։

Փաշինյանի համար «ժողովուրդը» դառնում է անանուն, անորոշ և չափման ոչ ենթակա կոլեկտիվ, որի անունից ամեն ինչ կարելի է արդարացնել՝

պաշտպանության համակարգ փոփոխելուց մինչև տարածքային զիջումներ, Սահմանադրություն վերաշարադրելուց մինչև եկեղեցու կամ քաղաքացիների դեմ պետական ճնշումներ։

4. Փաշինյանի մոդելը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ քաղաքական վոլյունտարիզմը: Նրա հայտարարության ենթատեքստը հետևյալն է՝ «Եթե ես որոշեմ, որ դա ժողովրդի կամքն է, ապա դա թույլատրելի է»։ Սա վտանգավոր մոդել է, քանի որ ժողովրդավարությունը դառնում է ձևական: Իրավական պետությունն ապամոնտաժվում է: Լեգիտիմությունն օգտագործվում է որպես իրավունքի չեզոքացման գործիք: Ինստիտուցիոնալ հակակշիռները վերածվում են խոչընդոտի, ոչ թե երաշխիքի: Իրավունքը դառնում է քաղաքական իշխանության կամայականության գործիք կամ այլ կերպ ասած սմարթֆոնի հավելված։

Այս մոդելը ինքնին հակաժողովրդավարական է, որովհետև ենթադրում է, որ ժողովուրդը կա այնքանով, որքանով իշխանությունը ցանկանա նրան տեսնել, որպես սմարթֆոնի հավելված, երբ կա այն օգտագործելու կարիք։

Փաշինյանի ձևակերպումը պետք է դիտարկել ոչ թե որպես ժողովրդավարական համոզում, այլ քաղաքական մանիպուլյացիայի փորձ՝ լեգալության հաշվին լեգիտիմության մասին սեփական ժուռնալիզմը պրոպագանդիստական գործիքի վերածելու գերիշխող ուժի։ Սա իշխանության պահպանման տեխնոլոգիա է, ոչ թե ժողովրդավարական տրամաբանություն։ Եվ այդ մոդելի խորքային վտանգն այն է, որ այն վերացնում է օրենքի գերակայությունը՝ փոխարինելով այն իշխող անձի կամ քաղաքական խմբի ժամանակավոր, բայց անվերահսկելի կամայականությամբ։

P.S. Փաշինյանը ժուռնալիզմը որպես քաղաքականություն օգտագործելու և կիրառելու ռեսուրսի ծայրաստիճան շահագործման ռեժիմում է և նույնիսկ ժուռնալիզմն այլևս հարց չի լուծում»: