կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 16:55
Մշակույթ

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին

Փետրվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Այն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:

 

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Բրիտանական խորհուրդն ուրախ է յուրաքանչյուր տարի հնարավորություն տալ հայ հանդիսատեսին դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերը: «Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- ասաց նա:

 

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը «Մոսկվա» և «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն Դիլիջանում (5-7 մարտի, UWC Դիլիջան քոլեջում), Արարատում (16-18 մարտի, Արարատի մշակույթի պալատում) և Արմավիրում (20-22 մարտի, Արմավիրի մշակույթի պալատում): Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

 

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայքը: