կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-13 11:41
Իրավական

Գործադուլին դեմ` Փաստաբանների պալատի նախագահը մասնակցում է գործադուլավոր փաստաբանների հավաքին

Գործադուլին դեմ` Փաստաբանների պալատի նախագահը մասնակցում է գործադուլավոր փաստաբանների հավաքին

Հայտնել ենք, որ այսօր 184 փաստաբան գործադուլ է սկսել՝ բողոքելով իրենց նկատմամբ ապօրինի զննությունների և խուզարկությունների դեմ: Այս պահին ակցիային մասնակից փաստաբանները հավաք-քննարկում են անցկացնում «Կոնգրես» հյուրանոցում: Ուշագրավ է, որ հավաքին ներկա է Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ չի պատրաստվում մասնակցել գործադուլին:

Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով` «Սասնա ծռերի» գործով նիստերին փաստաբանների զննությունն իրավաչափ է, քանի որ ծանր քրեական գործ է: «Եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք` մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց, և դա նրանք օգտագործեն: Ես չեմ ասում` կանցկացնեն փաստաբանները, բայց անվտանգությունը պետք է ապահովել»,- օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր նա:

Նշենք, որ վերջին շրջանում փաստաբաններին խուզարկելու հետ կապված միջադեպեր էին գրանցվում հատկապես «Սասնա ծռերի» գործով դատական նիստերից առաջ: Տևական ժամանակ է` որոշ փաստաբաններ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Փաստաբանները կարգադրիչներից պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, որը, սակայն, չի ներկայացվում: Փոխարենը կարգադրիչն ինքն է որոշում, թե որն է արգելված իր, իսկ որը՝ ոչ: