Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանների պալատը ձեւավորում է օժանդակող փաստաբանական խմբեր՝ կամավորական կամ զորահավաքային կարգով ռազմական գործողություններում ներգրավված փաստաբանների փոխարեն նրանց մասնագիտական աշխատանքներին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը,
Հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել նաեւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգը, դրանով պայմանավորված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 2020 սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշումը,
Կարեւորելով Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ժողովուրդների անվտանգությունը, առանց որի չի կարող ապահովվել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը,
Արձանագրելով, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հայերի եւ Հայաստանի Հանրապետության դեմ էթնիկ ատելություն հրահրող հայտարարությունները եւ գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ նաեւ Ադրբեջանի ազգային օրենսդրության պահանջները («ցեղասպանության իրականացման հրահրում» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) եւ «ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը կամ վարելը» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100-րդ հոդված)).
Նկատի ունենալով այն, որ փաստաբանները նույնպես կամավորական խմբեր կազմելու նախաձեռնությամբ են հանդես եկել,
Խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ.
Ձեւավորում է աշխատանքային խումբ՝ միջազգային կառույցներում Ադրբեջանի ագրեսիայից տուժած խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությանն օժանդակելու նպատակով.
Ձեւավորում է օժանդակող փաստաբանական խմբեր՝ կամավորական կամ զորահավաքային կարգով ռազմական գործողություններում ներգրավված փաստաբանների փոխարեն նրանց մասնագիտական աշխատանքներին աջակցելու նպատակով.
Տեղեկացնում է հանրությանը, որ քաղաքացիական գործերով դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ»։