կարևոր
4063 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-30 12:42
Հասարակություն

Նախադիաբետից դիաբետ զարգանալու հավանականությունը մեծամասամբ տվյալ մարդու «ձեռքերում է գտնվում»․ բժիշկ-ներզատաբան Լիանա Խաչատրյան․ Aravot.am

Նախադիաբետից դիաբետ զարգանալու հավանականությունը մեծամասամբ տվյալ մարդու «ձեռքերում է գտնվում»․ բժիշկ-ներզատաբան Լիանա Խաչատրյան․ Aravot.am

Aravot.am-ը զրուցել է  Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ-ներզատաբան Լիանա Խաչատրյանի հետ։ 

«Շաքարային դիաբետը, հատկապես երկրորդ տիպի դիաբետը 21-րդ դարի համաճարակ է համարվում։ Սպասվում է, որ 2025 թ․-ին աշխարհում մոտ 380 միլիոն մարդու մոտ դիաբետ է ախտորոշվելու։ Սա մեծագույն խնդիր է առողջապահական տեսանկյունից, քանի որ, ինչպես հայտնի է, դիաբետը նաև շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է համարվում։ Սակայն շատերի մոտ մինչ երկրորդ տիպի դիաբետի զարգացումը առաջանում է նախադիաբետ կոչվող վիճակը, որի վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս հնարավորինս նվազեցնելու հետագա առողջական խնդիրները։ Նախադիաբետի ռիսկի գործոնների, ախտորոշման ու բուժման հնարավորությունների շուրջ զրուցել ենք Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի բժիշկ-ներզատաբան Լիանա Խաչատրյանի հետ։ 

-Ի՞նչ վիճակ է նախադիաբետը և ինչպե՞ս է այն ախտորոշվում։

-Նախադիաբետ անունն արդեն հուշում է, որ դա մի վիճակ է, որը նախորդում է դիաբետին, մասնավորապես՝ երկրորդ տիպի դիաբետին։ Նախադիաբետի դեպքում արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձրանում է նորմայից, սակայն դեռ չի հասնում այն ցուցանիշներին, որոնց դեպքում շաքարային դիաբետ է ախտորոշվում։ Այսինքն, դա մի միջանկյալ վիճակ է նորմայի և արդեն սկսված շաքարային դիաբետի միջև։ Ընդունված է նախադիաբետ համարել, եթե առավոտյան քաղցած ժամանակ չափելիս գլյուկոզի մակարդակը 5,6-6,9 մմոլ/լ է, կամ գլյուկոզատոլերանտության թեստից 2 ժամ հետո գլյուկոզն արյան մեջ 7,8-11,1 մմոլ/լ է։
Ինչպես նաև կա ևս մեկ ցուցանիշ, որը կոչվում է գլիկոլիզացված հեմոգլոբին․ նախադիաբետ ախտորոշվելու համար այն պետք է տատանվի 5,7-ից մինչև 6,4 մմոլ/լ-ի սահմաններում։ Ի՞նչ է գլիկոլիզացված հեմոգլոբինը․ էրիթրոցիտներում՝ արյան կարմիր գնդիկներում կա հեմոգլոբին սպիտակուցը, որը կապում է գլյուկոզը, և քանի որ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 3 ամիս է, այդ էրիթրոցիտներում գտնվող գլյուկոզը 3 ամսվա միջին ցուցանիշն է ցույց տալիս։ Այսինքն՝ գլիկոլիզացված հեմոգլոբինի ցուցանիշը պարզաբանում է, թե վերջին 3 ամսում ինչքան է եղել գլյուկոզի միջին մակարդակը։ Ուստի ուզում եմ հատուկ շեշտել, որ միայն առավոտյան գլյուկոզի մակարդակը որոշելով՝ չենք կարող հաստատել կամ հերքել նախադիաբետը, անգամ եթե ցուցանիշը սահմանային թիվ է։

-Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները։

-Կան կառավարելի և ոչ կառավարելի ռիսկի գործոններ։ Ոչ կառավարելի ռիսկի գործոններն են ժառանգականությունը, սեռը․ տղամարդիկ ավելի հաճախ են ունենում այս խնդիրը, ինչպես նաև տարիքը։

Կառավարելի ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, անառողջ սննդակարգը, վնասակար սովորությունները, նստակյաց կյանքը, զարկերակային հիպերտենզիան, արյան մեջ խոլեսթերինի մակարդակի բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, հղիության ընթացքում ախտորոշված հեստացիոն դիաբետը։

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ճարպակալումն էլ է համարվում համաճարակ, և պատահական չէ, որ ունենք նախադիաբետային վիճակների աճ՝ նաև պայմանավորված այդ խնդրով։ Ուստի ճարպակալումը կամ ավելորդ քաշը, որի դեպքում մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է, նախադիաբետն ախտորոշող հետազոտություններ անցնելու ցուցում է։

-Կանխարգելման ու բուժման ինչպիսի՞ հնարավորություններ կան։

-Նախադիաբետից դիաբետի անցնելու ժամանակը հնարավորինս երկարաձգելու կամ նույնիսկ կանխարգելելու համար կարևորագույն պայմանն առողջ ապրելակերպն է․ կենսակերպի փոփոխությունները՝ սննդակարգի բարելավումը, ֆիզիկական ակտիվությունը թույլ կտան ազդել կառավարելի ռիսկի գործոնների վրա՝ հնարավորինս հետաձգելով 2-րդ տիպի դիաբետի առաջացումը։

Օրինակ՝ կատարվել են լայնածավալ հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ 7 տոկոսով մարմնի զանգվածի նվազեցումը կարող է կանխել նախադիաբետից դիաբետի անցումը։ Իհարկե, այս դեպքում շատ կարևոր է ավելորդ քաշը նվազեցնելն ու այդ արդյունքը պահպանելը։

 Ինչ վերաբերում է առողջ սննդակարգին, ապա խորհուրդ է տրվում սննդակարգը հարստացնել բարդ ածխաջրերով հագեցած ամբողջահատիկից պատրաստված մթերքներով, մրգերով ու բանջարեղենով, նախապատվությունը տալ քիչ մշակում անցած սննդամթերքին՝ հնարավորինս սահմանափակելով ռաֆինացված բուսական յուղերի, վերամշակված մսամթերքի, ճարպի օգտագործումը։ Իհարկե, այստեղ նշեմ, որ խոսքը գնում է հիմնականում կենդանական ծագում ունեցող հագեցած ճարպաթթուների սահմանափակման մասին։ Իսկ պոլիչհագեցած ճարպաթթուները շատ կարևոր են, և դրանք պետք է ներառել սննդակարգում։ Այդպիսի ճարպաթթուներ են պարունակվում սառը մզվածքի զեյթունի ձեթի, ավոկադոյի, ընդեղենի և այլ մթերքների կազմում։

 Նշեմ, որ մարդիկ քաղցրի պահանջը հաճախ շփոթում են ծարավի զգացման հետ, ուստի երբ ցանկանում ես որևէ քաղցր բան ուտել, ապա նախ խորհուրդ է տրվում ջուր խմել, որից մոտ 15 րոպե հետո պարզ կլինի, թե իրո՞ք մարդը քաղցրի կարիք ուներ, թե պարզապես ծարավ էր։

Նաև կուզեի շեշտել աղի սահմանափակման անհրաժեշտությունը, հատկապես եթե մարդն ունի զարկերակային հիպերտենզիա։

Հաջորդ կարևոր նախապայմանը ֆիզիկական ակտիվությունն է։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ֆիզիկական միջին ակտիվության վարժություններ կատարել շաբաթական մոտ 150 րոպե, ցանկալի է՝ շաբաթը 3 անգամ։ Միջին ակտիվության ֆիզիկական աշխատանք է, օրինակ, արագ քայլքը։ Կամ խորհուրդ է տրվում շաբաթական 75 րոպե հատկացնել ակտիվ, ինտենսիվ ֆիզիկական վարժություններին՝ հեծանիվ վարել, լողով զբաղվել, թռիչքային աերոբ վարժություններ կատարել։

Ինչպես դիաբետի, այնպես էլ նախադիաբետի շրջանում շատ կարևոր է ճնշումը վերահսկելը, եթե կա զարկերակային հիպերտենզիա, ինչպես նաև խոլեսթերինի մակարդակի կարգավորումը։


-Իսկ կարո՞ղ է նշանակվել դեղորայքային բուժում։

-Նախադիաբետի բուժման ժամանակ կարող է կիրառվել նաև դեղորայքային բուժում, եթե մարդու մոտ կա ինսուլինառեզիստենտություն։ Բժշկի կողմից նշանակվում է բոլորին հայտնի մեթֆորմին դեղորայքը․ ի դեպ, նշեմ, որ այս դեղորայքը մեր հասարակությունում ընդունված է օգտագործել որպես նիհարեցնող դեղ, և շատ տարածված է առանց բժշկի ցուցումի այդ դեղամիջոցի օգտագործումը, ինչը սխալ մոտեցում է, քանի որ մեթֆորմինը նիհարեցնող դեղ չէ, այլ ինսուլինառեզիստենտությունն իջեցնող միջոց է և ցուցված է նախադիաբետի դեպքում, եթե մարմնի զանգվածի ինդեքսը 35-ից բարձր է, ուստի խորհուրդ չեմ տալիս օգտագործել այս դեղորայքն առանց բժշկի ցուցումի, քանի որ այն, ինչպես և բոլոր դեղամիջոցները, ունի կողմնակի ազդեցություններ։

-Քանի՞ տարեկանից է ցանկալի սկսել սքրինինգային հետազոտությունները՝ նախադիաբետը վաղ հայտնաբերելու համար։

-Ռուսաստանում նախադիաբետի սքրինինգները սկսում են 45 տարեկանից, ԱՄՆ-ում խորհուրդ է տրվում 35 տարեկանից սկսել՝ եթե կան վերոհիշյալ ռիսկի գործոնները, և եթե նորմալ են ցուցանիշները, ապա խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 3 տարին մեկ։ Թեև ճարպակալման և վերը թվարկված ռիսկի գործոնների առկայության դեպքում հետազոտությունները կարելի է սկսել ցանկացած տարիքից։ Ինչո՞ւ ենք կարևորում պարբերաբար հետազոտվելը, քանի որ նախադիաբետը հիմնականում ընթանում է առանց հստակ կլինիկական ախտանշանների, կարող են լինել ընդհանուր ախտանշաններ, որոնք բնորոշ են շատ հիվանդություններին, օրինակ՝ աշխատունակության անկում կամ ընդհանուր թուլություն, և այս ախտանշաններով դժվար է կասկածել նախադիաբետ։ Դրա համար նշված ռիսկի խմբերում գտնվող մարդիկ պետք է կանոնավոր հետազոտվեն՝ հիշելով, որ  հիվանդությունը շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։

-Որպես ռիսկի գործոն հիշատակեցիք նաև հղիության դիաբետը․ ի՞նչ է պետք իմանալ այդ վիճակի մասին։

-Հղիության դիաբետն առաջանում է հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո անհետանում է, այսինքն կապված է հենց հղիության հետ։

Հղիության կամ հեստացիոն դիաբետի զարգացման ռիսկի գործոններ են համարվում ավելորդ քաշը, նստակյաց ապրելակերպը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, առաջին գծի հարազատների մոտ շաքարային դիաբետի առկայությունը, զարկերակային հիպերտենզիան, նաև դեր են խաղում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ տեղաշարժերը։ Հղիության մի շրջանում՝ 24-28 շաբաթում ինսուլինի, ինչպես նաև այլ հորմոնների արտադրության ու յուրացման անհավասարակշռություն կարող է առաջանալ՝ հանգեցնելով հեստացիոն դիաբետի  զարգացման, ուստի շատ կարևոր է այդ շրջանում հղիներին հետազոտելը, հատկապես եթե կան թվարկված ռիսկի գործոնները։ Հենց այդ շրջանում էլ հղիների մոտ կատարվում է 75 գրամ գլյուկոզով տոլերանտության թեստ։

Նշեմ, որ ռիսկի գործոն է համարվում նաև նախադիաբետը։ Ինչպես նշվեց, հղիության դիաբետը ծննդաբերությունից հետո անցնում է, սակայն կնոջ մոտ մեծանում է հետագայում նախադիաբետի ու երկրորդ տիպի դիաբետի զարգացման վտանգը։ Կան տվյալներ, որ հղիության դիաբետից 10 տարի հետո նախադիաբետի կամ դիաբետի զարգացման հավանականությունը մոտ 50 տոկոս է կազմում։

Հղիության դիաբետի բուժման առաջին քայլն առողջ սննդակարգին անցումն ու ֆիզիկական չափավոր ակտիվության պահպանումն է։ Նշեմ, որ 85 տոկոս դեպքերում սա բավարար է լինում գլյուկոզի մակարդակը նորմայի սահմաններում պահելու համար։ Լինում են դեպքեր, երբ դեղորայքի, մասնավորապես ինսուլինի օգտագործման անհրաժեշտություն է առաջանում։ Այստեղ ուզում եմ շեշտել, որ կա կարծրատիպ, որ եթե նշանակվում է ինսուլին, ապա՝ ամբողջ կյանքի համար։ Դա այդպես չէ, ինսուլինը նշանակվում է ժամանակավորապես՝ գլյուկոզի մակարդակը նորմալ պահելու համար։

 Հեստացիոն դիաբետը հսկելը շատ կարևոր է, քանի որ դա կարող է վտանգավոր լինել ոչ միայն հղիի, այլև պտղի համար․ հղիության դիաբետը մեծացնում է մեծ քաշով պտուղ ունենալու, դիսթրես համախտանիշի՝ պտղի մոտ թոքերի վատ զարգացման, ծննդաբերությունից հետո գլյուկոզի ցածր մակարդակի, շնչառական խնդիրների առաջացման վտանգը։ Եվ վերջում, ամփոփելով մեր զրույցը, կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել՝ նախադիաբետից դիաբետ զարգանալու հավանականությունը մեծամասամբ տվյալ մարդու «ձեռքերում է գտնվում», և դա բավականին լավ հնարավորություն է 21-րդ դարի համաճարակ համարվող հիվանդության դեմ պայքարում»։