կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 11:32
Քաղաքական

ՀՀ արտաքին քաղաքականությունը գտնվում է վստահելի ձեռքերում. Արմեն Աշոտյան

ՀՀ արտաքին քաղաքականությունը գտնվում է վստահելի ձեռքերում. Արմեն Աշոտյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով արտաքին քաղաքական կարևոր հարցերից մեկին` երեկ Աստանայում ՀՀ նախագահի մասնակցությամբ չորս երկրների ղեկավարների հանդիպման, Եվրասիական տնտեսական միության ստեղծման ու Նազարբաևի հայտարարությունների մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը երկու հայկական պետություններ են, բայց մեկ միասնական տնտեսական, կրթական և մշակութային տարածք, նաև` միասնական պաշտպանական տարածք, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետ դնելը նա չի պատկերացնում:

 

«Նման տարբերակը մեզ համար անընդունելի է, և ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում բնակվող և աշխատող, հատկապես` քաղաքականությամբ զբաղվող որևէ գործչի համար դա տարբերակ լինի: Չեմ պատկերացնում մի գործչի, ով կարող է նման աբսուրդային տարբերակը լուրջ ընդունել և դա քննարկման առարկա դարձնել»,- ասաց նախարարը:

 

Նրա կարծիքով` Ադրբեջանն ակնհայտ մեծ խանդով է վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ շատ լավ հասկանալով դրա հետևանքները, քանի որ նրանք լավ են հաշվել Հայաստանի համար բոլոր դրական հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո, և ամեն ինչ անում են դա կանխելու համար: ՀՀԿ փոխնախագահը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանին չի հաջողվելու կանխել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանի որ դա Ադրբեջանից կախված չէ:

 

«Ես կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշած ժամկետներում կկատարի բոլոր քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը և արդեն 2015թ. հունվարից դառնալ այդ կառույցի լիիրավ անդամ»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ այն ինչ հնչել է Աստանայում, չի կարող խոչընդոտ հանդիսանալ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համար:

 

Նա հիշեցրեց, որ թե' Ռուսաստանը, թե' Բելառուսը, թե' Ղազախստանը բազմիցս նշել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, և որ, սովորաբար, նման միություններում լինում է առաջնորդող ուժ, սակայն Եվրասիական միության մեջ գործընկերները հավասար են, և չկա նույնիսկ Ռուսաստանի գերիշխանությունը:

 

Նախարարը զարմանք հայտնեց, որ Աստանայում կայացած նիստից հետո լրատվական անհանգստություն հայտնում էին այն շրջանակները, որոնք չէին ողջունում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Աշոտյանը կոչ արեց հասկանալ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գտնվում է վստահելի ձեռքերում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքերում: