Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ երեկ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում կայացավ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 25-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին ՀՅԴ գործիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, ՀԵՄ-ականներ, համակիրներ։
Միջոցառման ընթացքում դաշնակցական երիտասարդներին ուղղված ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք ելույթը:
«Հարգարժա'ն հյուրեր, սիրելի' ընկերներ, շատ սիրելի' երիտասարդներ
Ուրախ եմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անունից ողջունելու Ձեզ։ Մի դրոշի ներքո այսքան երիտասարդների հավաքվելու փաստն ինքնին ոգևորիչ է։ Առավել ևս, որ մեկտեղվելու առիթը Հայաստանի երիտասարդական միության 25-ամյա հոբելյանն է։ ՀԵՄ-ն արդեն 25 տարեկան է: 25 տարին Հայաստանում միության համար պատկառելի տարիք է, և եզակի են այն միություններն ու կազմակերպությունները, որոնք, ձևավորվելով մեր նորանկախ պետականության արշալույսին, այսօր էլ գոյություն ունեն:
ՀԵՄ-ը սոսկ կազմակերպություն չէ, այ յուրօրինակ դպրոց՝ մնայուն արժեքների, ընկերության, հայրենասիրության դպրոց, և այդ դպրոցն անցած յուրաքանչյուր ոք իր ողջ կյանքում կրում է ՀԵՄ-ականի աշխարհընկալման ու կենսակերպի դրոշմը։
Նույն դրոշի, նույն գաղափարի շուրջ ՀԵՄ-ն անցնող տարիների ընթացքում կարողացել է համախմբել բազմաթիվ երիտասարդների։ Այն բարերար սերմերը, որ ՀԵՄ-ը ցանում է արդեն 25 տարի՝ հայրենասեր, կարգապահ, ոգեղեն, պայքարող սերունդ կրթելու ուղղությամբ, արդյունավորվել են։ Եվ դա ամենամեծ ձեռքբերումն է։
Սիրելի երիտասարդներ, գիտեք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առանձնակի վերաբերմունք ունի երիտասարդության հանդեպ:
Դաշնակցության համար ձեռքի բոլոր մատների պես կարևոր ու թանկարժեք են բոլոր ընկերները՝ մեծ ու փոքր, հին ու նոր, փորձառու և անփորձ, ամենապերճախոս ընկերոջից մինչև ամենալուռ ընկերը, ամենափայլուն մտավորականներից մինչև ամենահամեստ կարողությունների տեր ընկերներ, նույն արժեքն ունեն Դաշնակցության համար, եթե նրանք ունեն դաշնակցականին բնորոշ նկարագիր, կեցվածք ու նվիրում:
Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, յուրօրինակ վստահություն ու գնահատանք ունի Դաշնակցությունն իր երիտասարդական, ուսանողական միությունների նկատմամբ:
ՀԵՄ-ն անցնող տարիներին իր անվարան ընթացքով փորձել է հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները: Ինչպես ցանկացած նորմալ կենսագործող միավոր, ՀԵՄ-ն էլ ունեցել է իր գործունեության ինչպես վերելքային փուլերը, այնպես էլ համեմատաբար համեստ ընթացքը: Բայց անփոփոխ է մնացել սկզբունքայնությունը, գործելաոճն ու պայքարի տեսլականը: ՀԵՄ-ն այսօր մեծ աշխատանք ունի, քանի որ մեր երկրում երիտասարդությունն ունի բազում լրջագույն խնդիրներ:
Սիրելի'ՀԵՄ-ականներ, 25-ամյակը հաշվետվության, ինքնանորոգումի˒ նախընթաց բացթողումներն ու հաջողությունները գնահատման ենթարկելու առիթ է:
Իր գործունեության ընթացքում ՀԵՄ-ը երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում կատարվող և հասարակական հնչեղություն վայելող գործընթացներին: Բայց անհրաժեշտ է ընդլայնել ՀԵՄ-ի գործունեության որորտը՝ դարձնելով ավելի բազմաբովանդակ և բազմաճյուղ։
Նորանկախ Հայաստանի ապագան կարող են երաշխավորել միայն բանիմաց, հայրենասեր, ազնիվ, կազմակերպված հայորդիները։ Եվ դուք, այդպիսին լինելով, պարտավոր եք օրինակ ծառայել մյուսներին։
Եթե, իբրև պետություն և ազգ, ուզում ենք հաջողել և մեր արժանապատիվ տեղն ունենալ ժամանակակից աշխարհում, ապա առաջին հերթին պետք է մեր ջանքերն ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, որովհետև հայ մարդն է մեր միակ մրցակցային առաքելությունը: Մեր հասարակության խեղված արժեհամակարգը օր առաջ պետք է փոխվի: Եվ առաջին հերթին հենց նոր սերունդը պետք է իր մեջ ուժ գտնի կեղծ արժեքներից հրաժարվելու և կաշկանդումներից ձերբազատվելու համար:
Քաղաքացի լինելու, քաղաքացի դաստիարակելու խնդիր ունենք, քանզի ճշմարիտ քաղաքացին է պետականության միակ նեցուկն ու հենարանը։
Գիտելիք, հավատ, կամք՝ սա է կյանքում հաջողության գրավականը։
Սիրելի' երիտասարդներ, դուք պետք է Ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ, կարողանաք կայացնել կշռադատված որոշումներ և հետևողականություն հանդես բերեք դրանք կենսագործելու հարցում։ եվ միշտ, ամենուր, անկախ իրավիճակից ու հանգամանքներից, առաջնորդվեք հիմնարար նշանակություն ունեցող ազգասիրության և բարոյականության գաղափարներով։
Վստահ եմ` ՀԵՄ-ն իր 25-ամյա փորձը, գիտելիքներն ու կարողությունները հետայսու ևս կծառայեցնի հանուն այն գաղափարի ու նպատակների, որոնց կրողն ու մարմնավորողը մայր կազմակերպությունն է՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։
Եվ վստահ եմ` Դաշնակցության ապագան գտնվում է ապահով ձեռքերում˒ որովհետև Ձեր պես գաղափարական երիտասարդները շարունակելու են մեր պայքարը՝ միշտ հավատարիմ հողին ու հային»: