կարևոր
4792 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 13:22
Քաղաքական

Տարածաշրջանում պետք է հաստատվի ուժային հավասարակշռություն․ Հայաստանում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի ելույթը՝ «Որոտան» ամենամյա միջազգային փորձագիտական երկրորդ ֆորումի մեկնարկին․

«Ավելորդ է ասել, որ Կովկասն աշխարհի ռազմավարական տարածաշրջաններից մեկն է։ Կովկասը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում՝ դարձնելով այն կենսական նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական կենտրոն:

Տարածաշրջանը ծառայում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև առևտրի, էներգետիկայի, ռեսուրսների և տրանսպորտային միջանցքների երթուղի: Հարավային Կովկասը բախվում է անվտանգության հետ կապված տարբեր մարտահրավերների, այդ թվում՝ չլուծված հակամարտությունների։ Այս տարածաշրջանում անկայունությունը կարող է ազդել հարևան երկրների վրա։ Ուստի, հակամարտությունների սրման կանխումն ու կայունության ամրապնդումը բխում է Իրանի շահերից։

Մեր մտահոգություններից մեկն էլ ահաբեկչական սպառնալիքների և ծայրահեղականության ներուժն է, որոնք կարող են ի հայտ գալ Հարավային Կովկասում: Անկայունությունն այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, կարող է ազդել Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայի վրա:

Կովկասը պատմության ընթացքում կարևոր տարածաշրջան է եղել Իրանի համար: Կովկասը և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները միշտ էլ կարևոր են եղել Իրանի ժողովրդի պատմական հիշողության համատեքստում։ Բազմաթիվ պատճառներով պայմանավորված՝ Կովկասն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար։ Կովկասն Իրանի անմիջական հարևանն է, և ցանկացած զարգացում, հատկապես աշխարհաքաղաքական փոփոխություն, ազդում է Իրանի անվտանգության և շահերի վրա։ Ուստի, Կովկասի խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը հօգուտ Իրանի են։

Կովկասն ու Իրանը կարող են տնտեսապես փոխլրացնել միմյանց։ Իրանը Կովկասի միջոցով է կապվում հյուսիսի, Ռուսաստանի, Սև ծովի հետ, իսկ Կովկասը՝ Իրանի միջոցով, կապվում է հարավի, Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հնդկաստանի հետ: Իրանի և Հարավային Կովկասի միջև ամենախոր կապերը մշակութային են։ Կովկասն Իրանի քաղաքակրթական տարածքն է։ Իրանը էթնիկ, կրոնական, քաղաքակրթական, պատմական և մշակութային կապեր ունի Կովկասի հետ։

Հաշվի առնելով ասվածը և Իրանի և Հարավային Կովկասի փոխադարձ կարևորությունը միմյանց համար՝ Իրանի մոտեցումն այս տարածաշրջանի նկատմամբ կարելի է ամփոփել հետևյալ կետերով.

1. Իրանը վճռականորեն կողմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության ու անվտանգության հաստատմանը, քանի որ ցանկացած անապահովություն ու անկայունություն ուղղակիորեն ազդում է Իրանի վրա։

2. Ներկայիս փխրուն անվտանգային իրավիճակի և սպառնալից հռետորաբանության պատճառը տարածաշրջանում ուժային անհավասարակշռությամբ է պայմանավորված: Մենք խորապես հավատում ենք, որ տարածաշրջանում պետք է հաստատվի ուժային հավասարակշռություն։

3. Իրանը դեմ է աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև միջազգային սահմանների փոփոխությանը։ Պետք է հարգել երկրների, այդ թվում՝ Հայաստանի, տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։

4. Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Մենք դեմ ենք արտաքին միջամտությանը։ Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ։ Տարածաշրջանի մարտահրավերների ու խնդիրների հետևանքներն ազդում են տարածաշրջանի երկրների ու ազգերի վրա։ Արտատարածաշրջանային երկրներն ու նրանց ժողովուրդները չեն զգում տարածաշրջանի ժողովրդի ցավը։

5. Իրանը ողջունում է տրանսպորտային շրջափակումների վերացումը և սահմանների բացումը, սակայն դա պետք է լինի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում, լինի ներառական և ընդգրկի բոլոր երկրները։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ ընձեռնեցիք այս հնարավորությունը՝ կարծիքս ձեզ հետ կիսելու համար: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»։