կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 16:29
Հասարակություն

Քաղաքաշինական նոր ծրագրերը չեն հաստատվի, եթե…

Քաղաքաշինական նոր ծրագրերը չեն հաստատվի, եթե…

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման խնդրին, նախ հանձնարարել է ծանուցումներ ուղարկել մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կառույցներին՝ իրենց տնօրինած շինությունների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժվելու համար հարմարեցնելու պահանջով:

 

Ընդ որում, քաղաքապետը շեշտել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերը կհաստատվեն միայն այն դեպքում, երբ դրանցում պահպանված լինեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման սահմանված նորմերը: Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև առաջարկներ ներկայացնել հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու որոշ ծրագրեր 2014 թ. համայնքային բյուջեում ներառելու համար:

 

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Առնվազն վերջին երկու տարվա ընթացքում բյուջեից համապատասխան միջոցներ ենք տրամադրել մասնավորապես թեքահարթակների կառուցման համար, ինչն, ի դեպ, աննախադեպ էր: Այդ նպատակով բյուջեից առանձին տողով երբևէ գումար չէր հատկացվել: Սակայն դա բավարար չենք համարում և, ըստ այդմ, պետք է շարունակենք կիրառել այս մոտեցումն ու փորձենք մի քանի տարվա ընթացքում մայրաքաղաքի փողոցները, մայթերը, հասարակական օբյեկտներն ու այլ վայրերը հարմարեցնել տեղաշարժման խնդիր ունեցող մեր քաղաքացիների համար: Պետք է փորձենք նաև որոշ քանակությամբ ավտոբուսներ արդեն 2014թ. հարմարեցնել հաշմանդամների տեղաշարժման ապահովմանը: Բացի այդ, քաղաքաշինական բոլոր նախագծերում, որպես պարտադիր նորմ, մեր կողմից կսահմանվեն հաշմանդամների ազատ տեղաշարժի ապահովման պայմանները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: