կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-24 11:09
Քաղաքական

Սյունիքում պետք է հաստատվի պետական, ժողովրդական իշխանություն. Կապանի ընտրությունների արդյունքը Փաշինյանի սրտով չէ

Սյունիքում պետք է հաստատվի պետական, ժողովրդական իշխանություն. Կապանի ընտրությունների արդյունքը Փաշինյանի սրտով չէ

Հայտնել ենք, որ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ելույթով: Նա իր ելույթի զգալի մասը նվիրեց Կապանի քաղաքապետի ընտրություններին: Ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն դուր չեն եկել Փաշինյանին: Նա շեշտեց, որ հեղափոխությունը դեռ Սյունիք չի հասել:

Հիշեցնենք, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, պարտություն էր կրել: Ձայների զգալի տարբերությամբ այնտեղ հաղթել էր անկուսակցական Գևորգ Փարսյանը:

Փաշինյանի խոսքով` ՀՀԿ-ն ցանկանում է ռևանշի հասնել: «Ռևանշի հասնելու քայլերից էր երկուշաբթի օրը ԱԺ-ում տեղի ունեցածը, երբ ՀՀԿ-ն բոյկոտեց և տապալեց ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների ընդունումը: Սա արվեց նրա համար, որ ընտրությունները տեղի ունենան գործող ԸՕ-ով` ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետականի ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու ուժերի շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե նրանց կարող է շանս ունենան առաջիկա ընտրություններին հասնել ռևանշի: Իսկ ի՞նչն էր պատճառը որ այս մարդիկ սկսեցին մտածել այս մասին. ՀՀԿ-ականները հույս ունեն, որ առաջիկա ընտրություններում նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը»,- շեշտեց նա:

Ըստ Փաշինյանի` լրագրողներն ու վերլուծաբանները ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում կապանյան ընտրություններին, բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ:

«Ընդհակառակը` նրան Սյունիքի մարզպետ նշանակելը կապված էր Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկության հետ: Իմ համոզմունքը հետևյալն է, որ Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, որոնք մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կայուն, քան ժողովդրական պետական իշխանությունը: Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի աներկբա պետական, ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարևոր հիմնահարց»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց, որ 5 ամիսների ընթացքում ձևավորված իր աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն կառավարման փորձ ունեցող, նախկին կառավարման համակարգի մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, որը կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տետեսական ու քրեական էլիտայի ազդեցությունը:

«Ինչպես ասում են` սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու պատճառը: Այս որոշման հիմնական շարժառիթը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ այս ֆոնին հարց կծագի, թե ինչո՞ւ իրենք ընդունեցին Կապանի քաղաքապետի ընտրությունները և դա համարեցին ժողովրդավարության հաղթանակ: «Առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծ նպատակը, որ մեր միակ նպատակը ժողովրդի ազատությունն է: Մենք չենք ուզում «բան անենք` բան լինի», մենք ուզում ենք անկեղծ զրույց ժողովրդի հետ, ուզում ենք գործել բաց, թափանցիկ, հրապարակային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ չընդունել, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են ժողովրդի քվեով: Հին ընտրական համակարգով քվեարկել է փոքրամասնությունը, ինչը ազդել է ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ իր ամոբղջ քաղաքական ուղին ուղղված է եղել նրան, որ բոլորին համոզի, որ մի քվեն կարևոր է, ամենավճռական գործոնն է:

«Փորձել եմ համոզել մարդկանց, որ` այո, ամեն ինչ կախված է ձեր ձայնից, հեղափոխությունը կայացել է նրա համար, երբ քաղաքացին գիտակցել է, որ վճռական քաղաքական գործոն է իր` մի քաղաքացու որոշումը, թե ինչ պետք է տեղի ունենա: Հատուկ ուզում եմ նշել` Կապանում տեղի ունեցած ընտրությունները ու դրա արդյունքները օրինական են, պաշտոնական արդյունքները արտահայտում են մարդկանց ընտրությունը, բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական ու տնտեսական էլիտան ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունն, իրոք, ոչ բոլորին է հասել և ոչ բոլորն են զգացել ու գնահատել իրենց ազատությունը: Մեր խնդիրը կոնկրետ է` գրոծնական ազատությունը Սյունիքում և ողջ Հայաստանում պետք է լինի ոչ թե դեկլարացիա և հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարեց Փաշինյանը: