կարևոր
4645 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-15 17:35
Հասարակություն

Ես ՔՊ-ական պատգամավորին չեմ հարվածել, ուղղակի հետ եմ հրել. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից

Ես ՔՊ-ական պատգամավորին չեմ հարվածել, ուղղակի հետ եմ հրել. Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից

Ընդամենը իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականը փորձեցի արտահայտել իր թիմի գործունեությանը՝ վերբալ մակարդակում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց քիչ առաջ հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպ ունեցած երիտասարդ Սամվել Վարդանյանը, որը նախորդ տարի էլ Նիկոլ Փաշինյանին հանդիպելիս գոռացել էր «Նիկոլ, դավաճան»։

«Ես ծեծկռտուք չէի բնութագրի՝ միջադեպ էր, գուցե տհաճ, բայց ծեծկռտուք չէր վստահաբար։ Ես չեմ պատասխանել իր հարվածներին, որ ծեծկռտուք լիներ, իր հարվածներն էլ էնքան ուժեղ չէին՝ ես ուղղակի հետ եմ հրել, ոչ թե պատասխան հարվածել եմ»,- մանրամասնեց Սամվելը՝ հավելելով, որ տվյալ պահին ընդամենը փորձել է հանրային պարսավանքի ինստիտուտը աշխատեցնել։

Սամվել Վարդանյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի վրա, բայց թե կոնկրետ որ երթուղայինում է եղել՝ չի հիշում․ «Ես բարձրացա տրանսպորտ,  նկատեցի՝ նստած էր, չհավատացի աչքերիս, որ ինքը կլիներ։ Էդքան լափելուց հետո դեռ հանրային տրանսպորտով են երթևեկում, էդքան բան անելուց հետո դուրս են գալիս մարդկանց մեջ, դա իմ կարծիքով ուղղակի ծաղր է գիտակից հայերի նկատմամբ, բոլորի վերքի վրա աղ լցնել է, և ես որոշեցի երկու խոսք ասել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերը միացրած»։

Իրավապահները դեռ չեն կապվել միջադեպի մասնակցի հետ, բայց վերջինս չի բացառում, որ կկանչեն,  ու այն իրավական հետևանք կունենա․ «Ես ոչինչ չեմ արել, ավելին՝ ինքն է ինձ հարվածել, բայց չեմ բացառում քանի որ այդքան էլ վստահություն չկա իրավապահ համակարգի հանդեպ։ Չեմ բացառում, որ կկապվեն ինձ հետ՝ կփորձեն մեղավոր հանել ինձ, բայց այդուհանդերձ ես չեմ զղջում իմ արածի համար»։ 

Դիտարկմանը, որ տեսանյութում այդուհանդերձ վիրավորական արտահայտություններ են հնչում, նաև հաշվի առնելով նախորդ տարի ունեցած միջադեպը, ինչպիսին կլինեն ըստ իրեն հետևանքները, Սամվել Վարդանյանը նշեց․

«Ինձ համար դեռ անցած տարվանից հետևանքները  շատ ցավոտ են եղել։ Ես 9 ամիս աշխատանք չեմ ունեցել, որովհետև ցավոք սրտի այն ոլորտը, որտեղ աշխատում էի՝ դեմքով ինձ ճանաչում էին, ու «պրոբլեմատիկ աշխատակից» պետք չէր իրենց։

Ես նոր-նոր ինչ-որ մի տեղ գնում եմ փորձաշրջան, բայց չեմ բացառում, որ դա էլ չի լինի վաղվանից։ 

Իսկ ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին գրառմանը՝ ուղղակի ծիծաղելի է, ես ոչ մի ասելիք չունեմ իրեն, ես վերաբերվում եմ իրենց որպես օկուպացիոն  ռեժիմի, թուրքերի դրածոների, Հայաստանին ու հայ ժողովրդին չեն ներկայացնում այս իշխանությունները»։

Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչի՞ համար են արվում այս և նախորդ քայլերը, եթե իր վրա ծանր հետևանքներ է թողնում, Սամվելը նշեց․

«Մարդկային տեսակները տարբեր են, ես էլ էս տեսակ եմ՝ չեմ կարողանում չարձագանքել, երբ որ տեսնում եմ, որ իմ երկրին, հայրենիքին վնաս տվող մարդիկ էսպես հանգիստ մեր մեջ քայլում են, նստում են, վեր են կենում ու ոչ ոք ոչ մի  խոսք չի ասում իրենց գործունեության հետ կապված։ Ինձ համար ծաղր է ուղղակի, որ ես կարող եմ բարձրանալ ավտոբուս ու տեսնել, որ ՔՊ-ական պատգամավորը նստած է ավտոբուսում՝ հանգիստ երթևեկում է մյուսների հետ, բայց էդ նույն պատգամավորը մասնակից է իմ հայրենիքի հանձնմանը, մասնակից է բոլոր հակահայ թեզերի շրջանառմանը»։