Չգիտեմ՝ բարոյական անկումներն ե՞ն պարտություններին հաջորդում, թե՞ բարոյական անկումներն են հնարավոր դարձնում պարտությունները։ Երկու տարբերակներն էլ սարսափելի են։ Սարսափելի են իրենց թողած անխմբագրելի աղետների, ինքնաոչնչացման հասնող ուրացման պատճառով․․․
Հիմա մենք ամեն օր այդ աղետի ականատեսն ենք ու վկան, մեր բարոյական անկումը հատել է բոլոր կարմիր գծերը, ամեն վայրկյան «վայելում ենք» այդ հերձվածողությունը, մեր ինքնության դրժումը, ու գնալով այս համանվագը թանձրանում է․․․մեր ազգային շահերը ուրացող տեքստերն ու հայտարարությունները դարձել են սովորական, հանդուրժելի, մանավանդ՝ որքան իշխանությանը մոտ, այնքան՝ անկաշկանդ․․․
Ու զարմանքով, ապշահար արձանագրում ե՝ որտե՞ղ կատարվեց այս սելեկցիան, այդ ինչպե՞ս մեր մեջ հնարավոր դարձավ այս տեսակի գոյությունը, անթաքույց դրսևորումը․․․
ԱԺ ԿԳՄՍ հանձնաժողովի նիստին Լևոն Ահարոնյանին ու Հենրիկ Մխիթարյանին հայրենիքում պահելու, ՀՀ դրոշի տակ դրսևորվելու հնարավորության չստեղծելու հարցին ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը պատասխանում է՝ «ինչքան շատ գնան այդպիսի մարդիկ, այնքան շուտ կմաքրվի մեր երկիրը»․․․
Այս նույն պատգամավորը նաև հրապարակային հայտարարում է «Արցախի Հանրապետությունը 4.5 հազար քմ-ի վրա է, մնացած տարածքները Արցախը չէ»։
Եվ այս պատգամավորը պատմության ուսուցիչ է եղել, կենսագրության մեջ նաև ազատամարտին մասնակցելու հղում կա։ Չեմ հավատում․․
․
Եվ այնուամենայնիվ, այդ ինչպե՞ս մեր մեջ հնարավոր դարձավ այս տեսակի գոյությունն ու սելեկցիան։
Ու այս համանվագը գնալով թանձրանում է․․․այսպիսին է իշխանության խոստացած «խաղաղության» դեմքը․․․