Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի Խորհրդարանի նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին և Վրաստանի Խորհրդարանի գործող պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն՝ Ա. Մկոյանին: Նրանք մեղադրվում են զենքի գործածմամբ խուլիգանության կատարման համար: Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի ՆԳ նախարարության Սամցխե-Ջավախքի վարչության Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները մարտի 29-ին անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թ. ծնված Ս.Պ.-ին և 2001 թ. ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործման միջոցով կատարած խուլիգանության մեջ, ինչը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով, որոնցով հաստատվել է, որ մարտի 26-ին, Ախալքալաքի Թավիսուփլեբա և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարանի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 15:30-ի սահմաններում, պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են արձակվել. միմյանց վրա կրակել են «Վրացական երազանք» խմբակցության գործող պատգամավոր Հենզել Մկոյանը և «Միացյալ ազգային շարժման» նախկին պատգամավոր, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, ով ներկայումս հանդիանում է Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլոյի) պատգամավոր: Միջադեպին ներկա են եղել նաև նախկին ու ներկա պատգամավորների հարազատները։
Ե՛վ Պետրոսյանի, և՛ Մկոյանի ընտանիքները Ջավախքում հայտնի են որպես բիզնեսմեն-պաշտոնյաների ընտանիքներ, և երկու գերդաստանների միջև նշյալ հակասությունները (ինչի արտացոլումն էր նաև վերոնշյալ միջադեպը), բնականաբար, Ջավախքում ազդեցիկ դիրքերի հաստատման ուղղությամբ տարվող «կենաց ու մահու» պայքարի արդյունք են։
Թե որքանո՞վ է բազում խնդիրների մեջ թաղված ջավախահայությունը շահում այսպիսի իրավիճակից՝ այլ քննարկման հարց է։