Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած բռնարարքի գործով հերթական դատական նիստը:
Ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին դատակոչի ենթարկել վկաներ Դավիթ Հայրիյանին և Մանուկ Մնացականյանին, քանի որ նրանց հարցաքննությունները գործում էական նշանակություն կարող են ունենալ:
Դատարանը որոշեց նախ հարցաքննության հրավիրել ամբաստանյալներին, սակայն նրանք հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ այս դատական նիստին պատրաստ չեն: Այդ իսկ պատճառով դատավորը վճռեց հրապարակել ամբաստանյալների` նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն, առարկեց` նշելով, որ անհրաժեշտություն չկա հրապարակել ամբաստանյալների ցուցմունքները, քանի որ նրանք պատրաստակամություն են հայտնել մինչ դատաքննության ավարտը ցուցմունքներ տալ:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանն էլ հայտարարեց, որ եթե ամբաստանյալները ցուցմունքներ տան, և լրատվամիջոցները լուսաբանեն, հնարավոր է` դրանք վկաների հետագա ցուցմունքների վրա ազդեցություն ունենան:
Նույն կարծիքին էր նաև Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը: Նա միջնորդեց նախևառաջ հարցաքննել վկաներին, հետո նոր` ամբաստանյալներին:
Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը և հրապարակեց ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի նախաքննական ցուցմունքները, իսկ վկաներին դատակոչի ենթարկելու միջնորդությունների քննությունը հետաձգեց:
Ա.Բաբլոյանի հարցաքննությունների արձանագրությունների համաձայն` նա իրեն մեղավոր չէր ճանաչել առաջադրված մեղադրանքում և հրաժարվել էր ցուցմունքներ տալուց: Մեղադրյալ Բաբլոյանի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ վերջիններս պնդել էին, որ Բաբլոյանն ու իր ընկերները ռեստորանային համալիրի տարածքում ծեծի էին ենթարկել իրենց ու իրենց ընկերներին: Իսկ Բաբլոյանն էլ պնդել է, որ չի մասնակցել ծեծին: «Կռվի տեղը չեմ եղել, ոչ մեկին չեմ հարվածել»,- հայտարարել էր մեղադրյալը:
Ամբաստանյալի լրացուցիչ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը հարցրել էր, թե որտեղի՞ց իրեն դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատված վնասվածքները, Բաբլոյանը պատասխանել էր, որ այդ մասին կհայտնի դատաքննության ընթացքում:
Պաշտպանական կողմը միջնորդեց փոխել ամբաստանյալների հարցաքննության հերթականությունը՝ նախ հարցաքննել ամբաստանյալ, համալիրի մատուցող Դավիթ Ադամյանին: Վերջինս դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց` հարցաքննությանը պատրաստվելու համար: Նա հայտարարեց, որ ցուցմունք կտա հաջորդ դատական նիստին, որը նշանակված էր մարտի 19-ին: Սակայն նրա պաշտպան Սերգեյ Մկրտչյանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել` պատճառաբանելով որ ինքը ծանրաբեռնված է այլ դատական նիստերով: Մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս միջնորդությունն ներկայացրին` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու և իրենց պաշտպանյալներին հարցաքննությանը պատրաստվելու ժամանակ տրամադրելու համար:
Դատարանը բավարարեց միջնորդությունները և հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 22-ին: Այդ օրը ցուցմունքներ կտան ամբաստանյալները: