Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե մարդը դեռևս մի օր չի աշխատել, չաշխատածի, չկատարած աշխատանքի մասին որևէ մեկը որևէ բան չի կարող ասել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը/Պիվի Հակոբ/` չցանկանալով մեկնաբանել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու փաստը:
«Բավական դրական կարծիք ունեմ Կարեն Կարապետյանի մասին` որպես անձնավորություն, նախկին աշխատավայրերում էլ լավ է իրեն դրսևորել: Այսքանը նոր վարչապետի մասին: Երբ կանցնի մեկ տարի, ոչ թե մեկ-երկու ամիս, նոր կխոսեմ նոր վարչապետի աշխատանքի մասին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե նոր վարչապետն ունի ընդամենը 8 ամիս ժամանակ, արձագանքեց, որ 8 ամիսը 1 տարվան մոտ է: «Երբ աշխատի 8 ամիս, 8 ամսում ինչ-որ բան կերևա: Կձևավորվի նոր խորհրդարան, կլինեն նոր պատգամավորներ, և այն ժամանակ նրանք կգնահատեն Կարեն Կարապետյանի կատարած` 8 ամսվա աշխատանքը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով հարցին` արդյո՞ք կար վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը, Հակոբյանը նշեց, որ արդեն նախկին վարչապետը, որին ինքը շատ հարգում է, ինքն է հրաժարական տվել, նրան աշխատանքից չեն հեռացրել: «Ես դեռևս նրա հետ չեմ հանդիպել և չգիտեմ` հրաժարականի պատճառը որն է: Ճիշտ կլինի նրանից հարցնել` եթե 8 ամիս էր մնացել ինչո՞ւ հրաժարական տվեց»,- ասաց նա:
Հակոբ Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ նոր շունչ է բերելու նոր վարչապետը երկրին: «ՀՀԿ խորհրդի նիստում նա հաստատվեց` որպես վարչապետ, բայց ծրագիր չներկայացրեց, թեթևակի ելույթ ունեցավ, թեթևակի բաներ ասաց: Նա մոտ ժամանակներս ծրագիր կներկայացնի Ազգային ժողով, այդ ժամանակ նոր դրա մասին կխոսենք»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Աբրահամյանի թերացումներին, բացթողումներին, մեր զրուցակիցը նշեց, որ ցանկացած աշխատող մարդ սխալներ թույլ տալիս է: «Աշխատողն է սխալվում, չաշխատողը, բնականաբար, երբեք սխալ թույլ չի տա: Ինչ վերաբերում է նրան, թե Հովիկ Աբրահամյանը սխալներ թույլ տվել է, թե չի տվել, կարծում եմ, որ կոպիտ սխալներ թույլ չի տվել, իսկ հրաժարականի պատճառը, բնականաբար, ես չեմ կարող ասել»,- ասաց նա:
Անդրադառնալով Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու գործում Մոսկվայի դերին` Հակոբյանն ասաց, որ Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքացի է, ուրեմն ամեն հարց լուծվում է: «Կարեն Կարապետյանի ազգանվան վերջում, եթե ուզում եք իմանալ, յան է, ուրեմն հայ է: Կարապետյանը ՀՀ քաղաքացի է, ուրեմն ամեն հարց լուծվում է: Ես Պուտինի կողքին չեմ եղել, չեմ լսել, որ Պուտինն ուղարկած լինի»,- ասաց նա` հավելելով. «Մարդը դեռևս չի սկսել աշխատանքը, և պետք չէ վատ բաներ տեսնել, եկեք կամենանք, որ նա եռանդով աշխատի կառավարությունում և նպաստի մեր երկրի զարգացմանը»:
Հակոբյանը հույս հայտնեց, որ Կարեն Կարապետյանին կհաջողվի ստեղծել այնպիսի պայմաններ, տնտեսությունը այնպիսի վիճակի հասցնել, որ հարկահավաքության խնդիրը մեզ մոտ կարգավորվի, ապա ավելացրեց. «Ի՞նչ կապ ունի` Կարեն Կարապետյանն է վարչապետը, թե` Հովիկ Աբրահամյանը: Երբ մարդը նշանակվում է ցանկացած պաշտոնի` լինի հանրապետության նախագահ , վարչապետ, նախարար, թե` քաղաքապետ, պետք է թողնել, որ գոնե մեկ տարի աշխատի: Չի կարելի հարձակվել մարդու վրա, երբ նոր գործ է սկսել: Թողնենք` աշխատի, հետո գնահատական տանք: Ընդհանրապես, եթե մարդը մի հատ վատ բան է արել, խոսենք դրա մասին, եթե 5 լավ բան է արել, գոնե հինգից 3 արված լավ բանի մասին խոսենք»: