Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Գործընթացը մեկնարկել էր դեռ 2018 թվականից․ այդ ժամանակ ներկայացված փաթեթի մի մասն ուժի մեջ է մտել՝ պարտադիր բուժզննում, մատնահետքերի հանձնում և այլն։ Սակայն վերջերս «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ողբերգությունից հետո ՌԴ-ում միգրացիոն քաղաքականության խստացումների մասին առաջարկությունների հերթական փաթեթն է ներկայացվել ՌԴ կառավարությանը»,- «Արմենպրես» մամուլի սրահում կայացած ասուլիսում այդ մասին ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ այժմ ՌԴ կառավարությունում քննարկվող փոփոխություններից է ՌԴ-ում գտնվելու ժամանակի կրճատումը։ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները, տարվա ընթացքում ՌԴ-ում 365 օրվա ընթացքում կարող են գտնվել 90 օր։ Գործող կարգով, կես տարվա՝ 180 օրվա ընթացքում, անձը կարող էր գտնվել 90 օր՝ բնակության հասցեով հաշվառման կանգնելով։ Խստացումներ են նախատեսվում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմում գտնվող երկրների քաղաքացիների համար էլ։ Որոշ խստացումներ հնարավոր է նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներ համար։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը, քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղում։ Դրանից բացի, նախագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են ունենալ օտարերկրացի աշխատողներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստրներ։
Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։