Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ, նախագահի հանձնարարությամբ և վարչապետի որոշմամբ, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է Տուլայի շրջանում վթարի հետևանքով առաջացած խնդիրների լուծմամբ,: Տուլա են գործուղվել տրանսպորտի ու առողջապահության նախարարները:
Այսօր տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողներին հայտնեց, որ վիրավորների համար կազմակերպվել է բուժօգնություն, և այսօր արդեն հատուկ չվերթով ինքնաթիռը 20:00-ին կժամանի Հայաստան, այն տեղափոխում է զոհերի աճյուններն ու վիրավորներին: Վիրավորներից 12-ը մնալու են ՌԴ-ում՝ բուժումը շարունակելու:
Ինչ վերաբերում է ողբերգական պատահարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, փոխնախարարը նշեց, որ դեռ հետաքննություն է ընթանում, և միայն հետաքննությունը կտա պատճառների մասին պատկերացում, որից հետո կարվեն համապատասխան հետևություններ:
Նա նաև տեղեկացրեց, որ հանձնարարություն կա՝ փոփոխություններ կատարել ուղևորափոխադրումների ոլորտում: Այս պահին շրջանառության մեջ է ուղևորափոխադրումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծը, որը ենթադրում է ավելի մեծ վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ:
«Ազատականացված է օրենսդրությունը, այս պահի դրությամբ՝ վերահսկողություն տակ, որովհետև թույլ են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային տրանսպորտի ու կապի նախարարությանը վերահսկողություն սահմանել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ, այսինքն՝ հանված են թույլտվության լիզենզիայի մեխանիզմները»,- ասաց Արթուր Առաքելյանը:
Մեր հարցին՝ խոսքը պարտադիր լիցենզավորման մասի՞ն է, փոխնախարարը պատասխանեց, որ խոսքը ոչ թե պարտադիր լիցենզավորման, այլ մրցութային արդյունքներով ուղևորափոխադրում իրականացնելու մասին է: «Մինչ այդ մենք շարժվել էինք ավելի լիբերալ կանոններով, բայց մինչև դեկտեմբեր պետք է մի քիչ ուժեղացնենք վերահսկողությունը,- ասաց նա:
Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք նման ողբերգական դեպք պետք է տեղի ունենար, որ նախարարությունը որոշեր ուժեղացնել վերահսկողությունը, համապատասխան օրենք ընդուներ, Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Երբ ուժեղանում է վերահսկողությունը, մեծանում է ճնշումը բիզնեսի վրա, բողոքները այդտեղից են սկսվում: Ուստի պետք է ընտրենք բալանսավորված տարբերակ, և այդ տարբերակն արդեն շրջանառվում է»:
Նա ներկայացրեց իրավիճակը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասով՝ տոմսը վաճառվում է, ուղևորը նստում է մեքենան ու ուղևորվում: Մինչդեռ՝ կանոնավոր ուղևորափոխադրումները սկսվում են ավտոկայանից, ուր գործում են համապատասխան ենթակառուցվածքներ, վարորդները պարտադիր բժշկական ստուգում են անցնում, կա կանոնավոր չվացուցակ, և ուղևորը գիտի, թե որտեղ և քանիսն են լինելու կանգառները, թե երբ է ինքը հասնելու իր ուզած վայրը, և ուղևորվելուց հետո ամբողջ ընթացքում վերահսկողություն է լինում, թե չվերթն ինչ վիճակում է, կամ ինչ խնդիրներ կան:
Ըստ էության՝ փոխնախարարի խոսքից պարզ է դառնում, որ տրանսպորտի նախարարությունը չունի վերահսկողություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ այն պատճառով, որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս: