Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կառավարության որոշմամբ, արդեն հունվարի 1-ից օտարերկրացիներին արգելվել է վաճառող աշխատել շուկաներում, կրպակներում եւ դեղատներում: Նույն որոշմամբ, այդ աշխատատեղերը պետք է զբաղեցնեն բացառապես Ռուսաստանի քաղաքացիները: Նշենք, որ Ռուսաստանում նման սահմանափակումներ մտցվել են տնտեսության այլ ճյուղերում, եւ եթե 2007-ին Ռուսաստանի կառավարությունը աշխատանքի թույլտվություն էր տվել շուրջ 6 մլն ներգաղթյալի, ապա այս տարի այդ ցուցանիշը հասցվել է 1.5 մլն-ի:
Հիշեցնենք, որ մեկ այլ որոշմամբ, Մոսկվայի քաղաքային դումայի տրանսպորտի բաժինն այս տարվա հունվարի 1-ից արգելել է նաեւ Մոսկվայում տաքսիստ միգրանտ վարորդների աշխատանքը: Վիճակագրական տվյալներով, Մոսկվայում երթուղային տաքսիների վարորդների ավելի քան 10 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են: Որոշումն, ըստ պատկան մարմինների, ինքնանպատակ չէ եւ միտված է հասարակական տրանսպորտից օգտվող ռուս քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ միգրանտ վարորդների մեծ մասը ծանոթ չեն քաղաքին, լավ չեն խոսում ռուսերեն եւ մեգապոլիսում մեծ դժվարությամբ են հարմարվում երթեւեկությանը:
Վիճակագրության համաձայն, Ռուսաստանում աշխատանքային միգրանտների ընդհանուր թվով առաջատար են Ուկրաինայի, այնուհետեւ` Ղազախստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ղրղըզստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները: Այսինքն` Ռուսաստանում գտնվող աշխատանքային միգրանտների թվով Հայաստանը զգալիորեն ետ է ԱՊՀ մյուս երկրներից:
Ռուսների հիմնական մտահոգությունն այն է, որ ներգաղթյալները հիմնականում կենտրոնանում են խոշոր քաղաքներում` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, եւ հաճախ առաջացնում են ժողովրդագրական լուրջ փոփոխություններ: