Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 6-ին «Seven Visions, The Dvin Resort»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները։ Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ակտիվ ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում հնչել է ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։
Շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, դիմելով երիտասարդներին, նշել է մի քանի կարևոր ուղենիշներ, որոնք նրանք պետք է դնեն իրենց առջև նպատակներին հասնելու համար։
«Հարգելի′ երիտասարդներ,
սիրով ողջունում եմ ձեզ «Միասնություն» համազգային շարժման» միջոցառմանը։ Կարող եմ փաստել, որ այստեղ ներկա է մեր երիտասարդության ամենաակտիվ, ամենաինտելեկտուալ և «ամենաթասիբով» հատվածը։ Համոզված եղեք, որ եթե այս տարիքից ձեր կյանքում դնեք ճիշտ ուղենիշներ, շփվեք ճիշտ մարդկանց հետ, ունենաք գաղափարական մոտեցումներ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը, ապա կյանքում կհասնեք ամեն ինչի։ Համոզված եմ՝ այստեղ ներկաներից շատերը ապագայում լինելու են մշակութային փայլուն գործիչներ, տնտեսագետներ, բանիմաց իրավաբաններ, պատգամավորներ, նախարարներ, նաև երկրի ղեկավարներ»։
Շարժման առաջնորդը հորդորել է երիտասարդներին երբեք չսահմանափակել ցանկությունները, առողջ ամբիցիաները․
«Անկախ նրանից՝ որտեղ կլինեք, սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և ամեն ձեր քայլով փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը։ Եթե ամեն մարդ փորձի այդպես անել, ապա մի քանի տարում մենք կունենանք լրիվ այլ երկիր։
Կարևոր կոմպոնենտ է նաև հավատքը․ եղեք միշտ Հայ Առաքելական եկեղեցու կողքին, մի′ մոռացեք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյաներն ենք, որ եղել ենք առաջին ազգը, որը հավատքի համար պատերազմել է։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է այն լուսավոր կետը, որին ձգտել է մեր ազգը։
Եղեք նաև բանակի կողքին, հիշե′ք, որ բանակը մեր համար մեկ գերատեսչությունն է, այն մեր սրբությունն է։ Միայն հզոր բանակ ունենալու դեպքում մենք կարող ենք ունենալ անվտանգ երկիր, և միայն այդպիսի երկրում կարող են զարգանալ կրթությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, տնտեսությունը։
Շատ կարևորում եմ նաև կրթական համակարգը։ Ստացեք ֆունդամենտալ կրթություն, մի′ անցկացրեք ձեր ժամերը անիմաստ գործերին տրվելով, երբ փոխարենը կարող եք սովորել նոր բան»,-ասել է Արման Վարդանյանն ու երիտասարդներին կոչ արել փոխել երկրի արժեքային համակարգը՝ նշելով, որ ՀՀ-ում անհրաժեշտ է գաղափարական սերնդափոխություն։
Երիտասարդների հետ հանդիպումն անցել է ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որի ավարտին տեղի է ունեցել նաև հարցուպատասխան․ ներկաները իրենց հուզող հարցերն են ուղղել «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանին։ Վերջինիս առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարք ունենալ ու համատեղ իրականացման համար ներկայացնել երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության, հայրենասիրական, ազգային, հավատքի, բանակային թեմաներին վերաբերող տարբեր նախագծեր։
Շարժման առաջնորդը վստահեցրել է՝ կաջակցի դրանց իրականացմանը։