կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 12:33
Հասարակություն

ԱԺ տարածքում կառուցվելիք նոր մասնաշենքը կնպաստի ԱԺ կարողությունների հզորացմանը. Տիգրան Գալստյան

ԱԺ տարածքում կառուցվելիք նոր մասնաշենքը կնպաստի ԱԺ կարողությունների հզորացմանը. Տիգրան Գալստյան

Ազգային ժողովի տարածքում  կառուցվելիք նոր մասնաշենքը Ազգային ժողովի մաս է կազմելու. Yerkir.am-ի թղթակցին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։

«ԱԺ մասնաշենք է լինելու, որն Ազգային ժողովի գործառույթների իրականացմանը պետք է նպաստի»,- նշեց նա։

Թե ի՞նչ գործառույթների է ծառայելու շենքը, Գալստյանը պատասխանեց, որ, կախված նախագծման մրցույթի հաղթողից, այս մասով որոշակի մոտեցումներ կարող են փոխվել, բայց շենքը կնպաստի ԱԺ կարողությունների հզորացմանը։

«Ե′վ աշխատակազմի, և′ Ազգային ժողովի կարողությունների հզորացում պետք է լինի։ Դա պարզապես ֆիզիկական տարածք չէ, այն գործառույթների ավելացում է ենթադրելու»,- ընդգծեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը։  

Թե ե՞րբ է նախատեսվում սկսել շենքի շինարարությունը, դեռ հստակ չէ:․ «Չեմ կարող նշել, որովհետև նախագծման գործընթացները նախատեսում ենք վեց ամսից ոչ շուտ, միայն նախագծումը հաջորդ տարի կավարտվի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա այս մասով Գալստյանն ընդգծեց․ «Մինչև նախագիծ-նախահաշիվը չլինի, չենք կարող ասել։ Կառուցման գումարը նախահաշվով է որոշվում։ Մենք նախ ուզում ենք հասկանալ, թե ինչ կարժենա և ինչ ֆունկցիաների կբավարարի, ինչ տեսք, ինժեներական հանգույցներ կունենա։ Հիմա այդ փուլում ենք։ Այսինքն՝ խոսքն այս պահին նախագծերի ստեղծման մասին է, ոչ թե՝ շինության»։

Ավելի վաղ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը հայտնել էր, որ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կառուցելու նպատակով հայտարարվել է նախագծման մրցույթ։