կարևոր
10117 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 20:03
Հասարակություն

«Ակադեմքաղաք» ծրագրի այսրոպեական քաղաքական և 10 քողարկված նպատակները. Արմեն Այվազյան

«Ակադեմքաղաք» ծրագրի այսրոպեական  քաղաքական և 10 քողարկված նպատակները. Արմեն Այվազյան

ՀՀ-ում Ակադեմիական քաղաքի հիմնումն օտար, թշնամական ծրագիր է, որի իրական նպատակներից ստորև նշում եմ միայն 10 հիմնականը.

1. Տարիներով խաթարել հայկական ԲՈՒՀ-երի բնականոն գործունեությունը՝ հետագայում ընդմիշտ բացառելով Հայաստանում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։

2. Մոռացության տալ բարձրագույն կրթության հայկական օջախների նախորդ նվաճումները, ջնջել նրանց պատերի ներքո գործած գիտության ու մշակույթի մեծ գործիչների մասին ինստիտուցիոնալ հիշողությունը, արմատախիլ անել ԲՈՒՀ-երի տեղայնացված մշակութային ավանդույթները։

3. Խզել հայ ուսանողության կապը ավագ սերնդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ՝ հասցնելով կրթության որակին ուժգին հարված։

4. Հեռու պահել հայ ուսանողությանը մայրաքաղաքում ծավալվող քաղաքական գործընթացներից՝ այդպիսով առավելագույնս ապաքաղաքականացնելով և հեշտությամբ վերահսկելով հայ երիտասարդության այդ սերուցքային հատվածը։

5. Կտրել երևանաբնակ ուսանողներին իրենց ընտանիքներից, ստեղծված «նպաստավոր պայմաններում» բոլոր հայ ուսանողներին դյուրորեն օտար բարքեր ներարկել։

6. Հեռացնել հայ ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին մայրաքաղաքային գիտական ու մշակութային կյանքից՝ նաև այդպես նվազեցնելով ուսուցման գիտակրթական մակարդակը։

7. Առնվազն մասամբ հայաթափել Հայաստանի մայրաքաղաքի սիրտը՝ Երևանի կենտրոնը, ապա այն հանձնել օտարներին։

8. Խեղել Երևանի կենտրոնի թամանյանական ամբողջ դիմագիծը՝ նախկին ԲՈՒՀ-երի շենքերը քանդելով ու նրանց փոխարեն ազգային ճարտարապետության հետ աղերս չունեցող այլանդակ երկնաքերեր կառուցել։

9. Ապամշակութացնել, մտավորապես գավառամտացնել, ծերացնել և առավելագույնս հայազերծել Երևանը։

10. ԲՌՆԱԳԱՂԹԵՑՆԵԼ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆԸ, ԹՇՆԱՄՈՒ ՀԱՄԱՐ ԴՅՈՒՐԻՆ ԹԻՐԱԽ ԴԱՐՁՆԵԼ, ԱՊԱ ՀԱՐՄԱՐ ՊԱՀԻՆ ՄԵԿ ՀԱՐՎԱԾՈՎ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԴ ՍԵՐՈՒՑՔԸ։

Հնարավոր է, սակայն, որ ժողովրդի դիմադրության շնորհիվ Ակադեմքաղաքն այդպես էլ չի կառուցվի ու կմնա թղթի վրա։ Անգամ այդ դեպքում փաշինյանական իշխանությունը, շրջանառելով ու գովազդելով այդ օտարածին ծրագիրը, այսօր իսկ ու մոտակա հեռանկարում լուծում է մի շարք հակաժողովրդական ու հակահայկական խնդիրներ, որոնցից ստորև նշում եմ հիմնականները և ամբողջացնում նախորդ վերլուծությունը.

1. «Ակադեմքաղաք» ծրագիրը շեղում է հայ հասարակության ուշադրությունը Հայաստանի ռազմական անվտանգությունն ապահովելու կենսականորեն կարևոր հրատապ խնդիրներից, այն էլ՝ Ադրբեջանի հնարավոր խոշոր հարձակման նախաշեմին։

Քաղաքական մեծ շոու բեմադրելով՝ Փաշինյանը պարպում է հասարակության մտավոր հատվածի սուղ ռեսուրսները մի նոր, արհեստականորեն ստեղծված ուղղությամբ, ստիպում է մարդկանց մտածել սեփական ճակատագրի առջև ծառացած նոր, անհեթեթ, բայց վտանգավոր մարտահրավերների մասին։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանն ու իր թիմն ազատություն են ստանում հերթական տարածքային զիջումներով Ադրբեջանի պահանջները բավարարելու և սեփական իշխանությունը երկարաձգելու համար։

2. «Ակադեմքաղաք» ծրագրի անպատեհ և հանկարծակի առաջմղումով փաշինյանական իշխանությունը հրահրում է բուռն հասարակական քննարկումներ ու այդպիսով բաժանարար նոր գծեր անցկացնում՝ փորձելով միմյանց դեմ հանել պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ սերունդների ներկայացուցիչներին, ավանդական և ազատական հայացքներ ունեցող ուսանողներին, մայրաքաղաքի կենտրոնի և ծայրամասերի բնակիչներին, երևանցիներին և մյուս հայաստանցիներին առհասարակ։ Այդպիսի նենգ միջոցներով իշխանությունն ուժեղանում է, իսկ հասարակությունը՝ ավելի ու ավելի թուլանում։ Արդյունքում՝ մեծապես վնասվում ու վտանգվում են Հայաստանի պետության և ժողովրդի կենսական շահերը։

3. «Ակադեմքաղաք» ծրագրի միջոցով փաշինյանական իշխանությունը ստուգում-ընտրում է համալսարանական և ակադեմիական միջավայրում իրեն կուրորեն ենթարկվող, առավելագույնս հարմարվողական տարրերին՝ նրանց հետագայում ղեկավար պաշտոնների նշանակելու, իսկ «անհնազանդներին» բոլոր պաշտոններից զրկելու նպատակով՝ բնականաբար, հաշվի չառնելով ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների մասնագիտական ու բարոյական հատկանիշները։

4. Ակադեմքաղաք ծրագրի դեմ հանդես եկող հայրենասեր ու սկզբունքային գիտնականներին ու դասախոսներին պատժելով ու մյուսներին «դաս տալով»՝ փաշինյանական իշխանությունը փորձելու է ամբողջական վերահսկողություն հաստատել հայոց մտքի ու մտավոր աշխատանքի կառույցների վրա։

5. «Ակադեմքաղաքի» ծրագրի շրջանառումը լուրջ անհանգստություններ ու անվստահություն է սերմանում գիտնականների և ուսանողների միջավայրում, համընդհանուր փլուզման ու վախճանի մթնոլորտ ստեղծում, որը ստիպում է շատերին մտածել երկրից արտագաղթելու մասին։ Հայաստանի մտավոր ռեսուրսների հետագա արտահոսքն ու դուրս մղումն իրենց հերթին նպաստելու են ՀՀ դրածո իշխանությունների քաղաքական կյանքի «կայունությանն» ու երկրի կամայական ու ապաշնորհ կառավարմանը։

6. Փակվելիք ԲՈՒՀ-երի շուրջը վերջին տասնամյակներում ձևավորված մանր ու միջին բիզնեսներն ու տնտեսությունները մեծ վնասներ են կրելու, շատերը սնանկանալու են։ Իսկ ԲՈՒՀ-երում և նրանց շրջակայքում աշխատող բանվորներն ու ծառայողները՝ գործազուրկ են դառնալու։ Դա ևս արտագաղթի լայն դուռ է բացելու։

7. Փոխարենը՝ պետական բյուրոկրատիան լայն հնարավորություններ է ստանալու կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու և իր համար հանցավոր գերշահույթներ ապահովելու՝ մեծ շինարարության ապագա գործարքները, տենդերներն ու այլ կարգի ֆինանսական ռեսուրսները («համեղ պատառները») բաշխելու և վերաբաշխելու միջոցով։

8. Փորձ է արվում նաև Փաշինյանի քաղաքական կերպարին գոնե ինչ-որ դրական գծեր հաղորդել՝ շինարարական մեգածրագրերի մասին խոսակցություններով կոծկել կամ առնվազն մեղմել նրա պետական դավաճանությունն ու ահռելի ձախողումները։

Կարճ ասած՝ եթե նույնիսկ իշխանությունում հայտնված դրածոները չկարողանան լուծել իրենց առջև դրված «մաքսիմում ծրագիրը»՝ հայկական ԲՈՒՀ-երի ապամոնտաժումն ու տեղափոխումը Երևանից դուրս կառուցվելիք Ակադեմքաղաք, այդ անհեթեթ ու վնասակար գաղափարի շրջանառումն արդեն իսկ Հայաստանին ու հայությանը սկսել է մեծ վնասներ պատճառել:

Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր