կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 09:53
Քաղաքական

Միլլերի այցի քողարկված նպատակը. «Ժամանակ»

Միլլերի այցի քողարկված նպատակը. «Ժամանակ»

«Երեկ Երևան է եկել ռուսական գազային այդ հսկայի նախագահ Ալեքսեյ Միլլերը, այսինքն՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ըստ էության նախկին ղեկավարը: Ինչի համար մենք հիշատակեցինք այս այցը համանախագահների այցելության ֆոնին: Բանն այն է, որ ղարաբաղյան կարգավորման թեմայով տեղի ունեցած այս այցելությունն իր քաղաքական կշռով, ըստ էության, երևի թե առնվազն որևէ գրամով ավելի չէ, քան Միլլերի այցն իր քաղաքական նշանակությամբ, թեև քննարկվող հարցերը վերաբերել են ընդամենը էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությանը: Եվ այս համեմատությունը խոսում է այն անհամարժեքության մասին, որն այսօր բնորոշում է Հայաստանի թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքական իրողությունները:

«Գազպրոմի» ղեկավարի այցը այսօր Հայաստանում, Հայաստանի համար ունի շատ ավելի մեծ քաղաքական նշանակություն, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը: Կամ առնվազն իր քաղաքական նշանակությամբ չի զիջում նրանց:

 Միլլերի այցն իհարկե ստուգայցի է վերածում ոչ թե այն հանգամանքը, որ նրա նախկին ենթականերից մեկը այսօր Հայաստանի վարչապետ է նշանակվել, այլ այն հանգամանքը, որ կոչվում է հայ-ռուսական գազային պայմանագիր, և որը կնքվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Պուտինի հայտնի այցի ժամանակ, երբ նա առաջին հաստատությունը, որտեղից սկսեց պետական այցը Հայաստան՝ ընտրել էր Հայաստանում Գյումրիի ռուսական ռազմակայանը:

Իսկ «Գազպրոմի» հետ գազային այդ համաձայնագրով, Հայաստանն ըստ էության «Գազպրոմի» համար ձևակերպվում է որպես մի մեծ պարտք: Եվ հենց այդ համաձայնագիրն է, որ Հայաստանի ռազմավարական նշանակության ոլորտում առաջացնում է այնպիսի կախվածություն «Գազպրոմից», որը քաղաքական լծակ է դառնում արդեն ըստ էության գրեթե ցանկացած ոլորտի համար: Միլլերի այցը բնականաբար շատ շատերին է առիթ տալու կրկնել Կարեն Կարապետյանի նշանակումից ի վեր բազմաթիվ անգամներ հնչող միտքը, որ նա Ռուսաստանից նշանակված վարչապետ է, և Հայաստանում ըստ էության հաստատվում է գազպրոմյան կառավարում:

Սակայն, հենց այն պայմանագրի առկայությունը, որի մասին հիշատակեցինք, արդեն իսկ բավարար է՝ եզրակացնելու համար, որ Հայաստանում գազպրոմյան կառավարում է առնվազն 2013 թվականի դեկտեմբերից և ունենալով այդ պայմանագիրը՝ «Գազպրոմը» Հայաստանում վարչապետի կարիք չունի: Այլ հարց է, որ վարչապետը կարող է «Գազպրոմի» կարիք ունենալ: Այդ տեսանկյունից դժվար է ասել՝ Միլլերը եկել է, որովհետև Կարեն Կարապետյանը զգացել է դրա կարիքը, թե՞ եկել է, որ առաջիկա ժամանակահատվածում Կարապետյանը դրա կարիքը չզգա: Սակայն մյուս կողմից պետք չէ բացառել և այն, որ Միլլերը եկել է Սերժ Սարգսյանից Կարեն Կարապետյանի տրանսֆերի գինն ուզելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։