Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովը քննարկում է կենսաթոշակային համակարգում առաջարկվող փոփոխության հերթական նախագիծը: Նպատակն օբյեկտիվ է և արդարացի՝ կենսաթոշակառուների շրջանում պիտի վերանա ծայրահեղ աղքատությունը: Սակայն իրականում նախատեսվում է կենսաթոշակառուների ընդամենը 15 տոկոսի (շուրջ 80 հազար քաղաքացու) կենսաթոշակի չափի բարձրացում՝ ամսական միջինը 800 դրամով: Փաստորեն, կառավարության` 7-8 ամիս տևած քննարկումների արդյունքում առաջարկվում է լուծում, որն ի սկզբանե դժվար է համարել առաջնային և համակարգային` առնվազն գոնե դրված կարևոր նպատակի առումով: Մասնավորապես` նախատեսվում է, որ 25500 դրամից պակաս ստացող կենսաթոշակառուներ մեր երկրում չեն լինելու, իսկ այսօր նրանց թիվը 80 հազար է:
Իհարկե, 30 տոկոս աղքատության պարագայում պետության կողմից սոցիալական վճարների ցանկացած չափի բարձրացում լավ է, քան այն անփոփոխ թողնելը: Կոնկրետ այս փոփոխության համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի ընդամենը 800 միլիոն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ բոլոր կենսաթոշակառուների թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 5 միլիարդ դրամ:
Նպատակի տեսանկյունից իրական ազդեցությունը պատկերացնելու համար հատկանշական են նաև ստորև ներկայացված ցուցանիշներն ու փաստերը:
Մասնավորապես` մեկ անձի հաշվով, ամսական կտրվածքով, պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմում է 37 հազար դրամ, որը հաշվարկվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող սննդամթերքի նվազագույն կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի հիման վրա: Եվ սա է այն գումարը, որը, պատկերավոր ասած, ամսական անհրաժեշտ է մարդուն՝ սովամահ չլինելու համար: Փաստորեն, կենսաթոշակների համար առաջարկվող նվազագույն չափը՝ 25500 դրամը, շուրջ 45 տոկոսով ցածր է պարենային նվազագույն զամբյուղի արժեքից:
Այս նույն մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 60 հազար դրամ, որի մեջ մտնում են նաև նվազագույն անհրաժեշտ ոչ պարենային ապրանքները՝ հագուստ, հիգիենայի պարագաներ, կոմունալ վճարներ և այլն: Եվ սա էլ այն գումարն է, որն ամսական անհրաժեշտ է մարդուն՝ իր նվազագույն կենսական կարիքները հոգալու համար: Փաստորեն, կենսաթոշակների համար առաջարկվող նվազագույն չափը՝ 25500 դրամը, շուրջ 2,4 անգամ ցածր է պարենային նվազագույն զամբյուղի արժեքից:
Մյուս կողմից` հնչեցված պաշտոնական տեսակետների համաձայն՝ 25500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների ոչ էական մասն են կազմում ծայրահեղ աղքատները, և այդ չափից բարձր կենսաթոշակ ստացողների մեջ նույնպես կան մեծ թվով կենսաթոշակառուներ, որոնք ապրում են ծայրահեղ աղքատ ընտանիքներում, և նրանց կենսաթոշակը չի բարձրանալու: Օբյեկտիվ է նաև այն հաստատումը, որ կենսաթոշակառուների շրջանում էապես բարձր է ծայրահեղ աղքատության և աղքատության ռիսկը: Օրինակ՝ ակնհայտ է, որ 25500 դրամից մինչև 60 հազար դրամ կենսաթոշակ ստացող միայնակ կենսաթոշակառուները ևս աղքատ են, իսկ նրանց համար որևէ դրական փոփոխություն չի լինելու:
Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչը նվազեցվում է: Մասնավորապես՝ աշխատանքային ստաժ չունեցող և մինչև 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները կստանան նույնչափ կենսաթոշակներ՝ 25500 դրամ:
Փաստորեն, այս փոփոխության հնարավոր սոցիալական ազդեցությունը մանրամասն դիտարկելու պարագայում հանգում ենք, ժողովրդական լեզվով ասած, հետևյալ ընդհանուր եզրակացությանը՝ «փիղը երկնեց և մուկ ծնեց»:
Աստիճանաբար պարզ է դառնում նաև, որ կենսաթոշակային համակարգում ևս նախատեսվում են դրվագային փոփոխություններ՝ համակարգային օբյետիվ փոփոխությունների փոխարեն:
Այսպիսով` անխուսափելիորեն և քողարկված կերպով արմատավորվելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը:
Իսկ գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխություն և դրանով իսկ՝ անհրաժեշտ համակարգային փոփոխությունների հետաձգման հիմավորումները էլ ավելի են խորացնելու առկա խնդիրները:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ