կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 16:05
Քաղաքական

Թուրքիայի այսրոպեական շահն է Հայաստանին զրկել ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն լինելուց․ թուրքագետ

Թուրքիայի այսրոպեական շահն է Հայաստանին զրկել ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն լինելուց․ թուրքագետ

Yerkir.am-ի զրուցակիցն է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Թեման հայ-թուրքական գործող վարչախմբերի «սիրախաղն» է եւ հայկական շահը թուրքական օրակարգում։

-Հայկական կողմը ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Անթալիայում առաջիկանում կայանալիք ֆորումից, որին մասնակցելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Հայաստանը պե՞տք է ընդուներ թուրքական կողմի հրավերը:

-Կառավարությունը փորձում է Թուրքիայի հետ երկխոսություն սկսել այն պարզ պատճառով, որ այդ երկխոսությունը պարտադրված է Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Ներկայիս բանակցությունները չեն ընթանում հայկական օրակարգով, հավասար պայմաններում: Դրանք թելադրված են առաջին հերթին թշնամական կողմից: Այս գործընթացներից որեւէ ակնկալիք ունենալը միամտություն է: Եթե հաստատվի այդ երկու մարդկանց մեկնելը եւ մասնակցությունն այդ ֆորումին, ապա կարող ենք ասել, որ այնտեղ եւս շարունակվելու է հասարակությունից եւ քաղաքական ինստիտուտներից գաղտնի տարվող բանակցությունների տրամաբանությունը, որտեղ Հայաստանը, վստահաբար, շարունակելու է կատարել այն բոլոր նախապայմանները, որոնք ոչ հանրային դրվում են այս ղեկավարության առջեւ: Թուրքական կողմից ասում են՝ որեւէ նախապայման չկա, քանի որ արդեն բոլոր նախապայամաններին ՀՀ ղեկավարությունն իր համաձայնությունը տվել է:

-Հայ-թուրքական հարաբերությունների թվացյալ կարգավորման ֆոնին՝ թուրքական կողմից ի՞նչ ազդակներ եք տեսնում, ո՞րն է թուրքերի իրական վերաբերումունքը՝ պետական այրերի եւ հասարակ քաղաքացու մակարդակով:

-Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տարբեր առիթներով, այդ թվում՝ պատերազմից առաջ եւ անմիջապես հետո, պարբերաբար հանդես է եկել ծավալուն ծրագրային ելույթներով, որոնցում արձանագրվել է նրանց վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի հետ հարաբերությունների մասով: Այդ ծրագրային ելույթներով տվել են այն հիմնական ուրվագծերը, որոնք սահմանում են, թե ինչպիսի քաղաքականություն է վարվելու Հայաստան պետության եւ հայության հանդեպ՝ ընդհանրապես: Դրանք են՝ հնարավորինս նվազեցնել Հայաստանի՝ որպես ինքնուրույն աշխարհաքաղաքական կամ քաղաքական գործոն լինելը տարածաշրջանում՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Երկրորդ՝ հնարավորություն չտալ Հայաստանին եւ հայկական քաղաքական միավորներին, օրինակ՝ Արցախին, վերականգնելու իրենց ինքնուրույնությունը եւ քաղաքական կարողությունը։ Նպատակ ունեն հասնել նրան, որ այդպիսի ուժերի հայտնվելն անհնարին լինի, այն ուժերի մասին է խոսքը, որոնք իրենց օրակարգում կունենան Հայաստանի ռազմական կարողությունների վերականգնումը։ Երրորդ հիմնական ուրվագիծը տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա Թուրքիայի ազդեցությունը հնարավորինս մեծացնեն է։

-Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ, հումանիտար տեսանկյունից, անընդունելի է ադրբեջանական զինվորների մարմինների վերադարձը ինչ-որ նախապայմաններով: Դեռեւս առաջին պատերազմից մնացած ադրբեջանցի զինվորականների մարմինների մասին է խոսքը: Հայկական կողմից գնում են զիջումներ, կորուստներ, հումանիտար կեղծ քարոզներ, թշնամու կողմից չկա փոխադարձ մոտեցում: Այս համատեքստում ի՞նչ դիտարկում կարող եք անել:

-Քանի որ գործ ունենք կապիտուլյացիոն կառավարության հետ, ապա այդ կառավարությունը եւ դրա ղեկավարը անելու են այն ամենը, ինչ իրենցից պահանջեն: Հայաստանի մի քանի տասնյակ զինծառայողներ շարունակում են մնալ ադրբեջանական գերության մեջ: Ողջ մարդկանց գերության մեջ պահելը հումանիզմի սահմաններում է, բայց ադրբեջանցի զինվորների մասունքները ինչ-որ նախապայմանով վերադանձնելը հումանիզմ չէ: Արդեն մեկ տարի ու կես է՝ մեր տղերքը գերության մեջ են, ընդ որում՝ նրանցից ոմանք արդեն կտտանքներից մահացել են: Նրանց վերադարձի համար այս պահին որեւէ երաշխիք չկա, անգամ՝ երբ վերադարձը արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել է մեր կապիտուլյացիոն իշխանությունը: Հումանիզմ բառով կոծկվում է Հայաստանի ղեկավարի հանդեպ ադրբեջանական հերթական պահանջի կատարումը:

-Ասում եք՝ մենք բանակցում ենք թուրքական օրակարգի շուրջ: Ո՞րն է Թուրքիայի շահը, այս փուլում է՞լ ինչ զիջումների է գնալու գործող վարչախումբը:

-Թուրքիայի շահն է Հայաստանի Հանրապետությանը զրկել ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն լինելուց, եւ երկրորդ՝ Հայաստանը տնտեսական եւ քաղաքական, նաեւ ռազմական միջոցներով նվաճել, որպեսզի Թուրքիան դոմինանտ դեր ստանձնելու հնարավորություն ունենա Հարավային Կովկասում եւ դառնա գերտերություն:

-Եթե այս ենթատեքստում դիտարկենք՝ հետագայում Թուրքիան արդյո՞ք կլանման քաղաքականություն չի վարի Ադրբեջանի նկատմամբ, ինչը կհանգեցնի Ադրբեջանի՝ որպես աշխարհաքաղաքական միավորի ոչնչացման:

-Չեմ կարծում, որ դա հիմնավոր կարծիք է: Ադրբեջանը պետություն է, ընդ որում՝ Թուրքիայի համար քաղաքական կարեւորագույն նշանակություն ունեցող պետություն, որը շարունակելու է գոյատեւել այնքան, որքան Թուրքիայի Հանրապետությունը: Նույնիսկ, եթե Ադրբեջանի անունը փոխվի, դառնա  Վայրագների հանրապետություն, դրանից ոչինչ չի փոխվում: Ադրբեջանի քաղաքական նպատակը ձեւակերպվել է 100 տարի առաջ եւ իրականացվել է Օսմանյան բանակի, ապա Թուրքիայի Հանրապետության օժանդակությամբ: Հիմա էլ է շարունակվում այդ օրակարգ:

Լիանա Սարգսյան