կարևոր
3280 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 19:50
Հասարակություն

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում մայրենիի օրվան նվիրաված միջոցառում է անցկացվել

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում մայրենիի օրվան նվիրաված միջոցառում է անցկացվել

Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում անցկացվեց «Մայրենին սրբություն սրբոց» խորագրով կլոր սեղան–քննարկում՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան։ Կլոր սեղան-քննարկմանը ներկայացված թեմաները վերաբերում էին հայ գրերի գյուտին, Մաշտոց-Հայերենի առաջին ուսուցչին։ Մայրենին որպես ազգային ինքնաճանաչման ու ինքնահաստատման գործոնի, անաղարտ պահելու համար անհատի պարտականության մասին և խորագրին համապատասխան այլ հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պաշտոնական էջից:   

«Կլոր սեղանին մասնակցում էն Ախալքալաքի և Նինոծմինդայի ԵԿ-ների Հայոց պատմության խմբակների ակտիվ սաներ, ինչպես նաև Ախալքալաքի շրջանի մի քանի հանրային դպրոցներից տասներկու լավագույն աշակերտներ։

Միջոցառումն սկսվեց Վրաստանի և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերով, որին հաջորդեց Ախալքալաքի ԵԿ-ի երգչախմբի կողմից «Հայր մեր» երգի կատարումը։ ԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը միջոցառման բացման խոսքում ողջունեց հյուրերին, կլոր սեղանի մասնակիցներին, բոլոր ներկա գտնվողներին։ Նա ներկայացրեց Մայրենիի միջազգային օրվա խորհուրդը, կազմակերպված կլոր սեղան-քննարկման նպատակը՝ հայ երեխային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում մայրենի լեզվի, գրականության, հայոց պատմության խորը ուսումնասիրման դերի բարձրացումը, նպաստել նրանց գիտելիքների ստուգմանը, աշխարհընկալմանը, բանավոր խոսքի զարգացմանը։ Միջոցառման ներկաներին իր ողջույնի և Մայրենիի նկատմամբ մեծ սիրո և հոգատարության խորհրդի խոսքը հղեց Ախալքալաքի Սուրբ/Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։ Քննարկումն անցավ մասնակիցների շատ ակտիվ, խելացի, տարաբնույթ մտքերի արտահայտման, մեկնաբանության մթնոլորտում։ Նրանք անկաշկանդ ու ազատ էին իրենց կարծիքներն արտահայտելու և դիմացինի կարծիքը չընդունելու, քննադատելու գործում։ Շատ հարցերի մեկնաբանությանը մասնակցում էին նաև տարբեր դպրոցներից ժամանած Հայոց լեզվի մանկավարժները։ Կլոր –սեղանի քննարկումը վարում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի ԵԿ-ների Հայոց պատմության ուսուցչուհիները՝ Նարինե Բդոյանը և Սյուզան Այվազյանը։

Միջոցառման ընթացքը թարմացվում էր Ախալքալաքի ու Նինոծմինդայի երգի ու պարի խմբակների սաների ելույթներով՝ նվիրված Մայրենիին։ Ներկաները յուրօրինակ գնահատանքով վայելեցին ԱԵԿ-ի «ՀԱՅՔ» պարային համույթի մենապարուհի Ռոզա Մուկանյանի հեզաճկուն պարը (պարուսույց՝ Ռիտա Կարապետյան)։

ԱԵԿ-ի Հայոց պատմության նախկին մանկավարժ, պատմաբան Վաչագան Ռստակյանը, որը արդեն պատվավոր հյուրերից էր այս միջոցառմանը, իր հպարտությունը հայտնեց ներկա մատաց սերնդի հզոր մտքի, սեփական կարծիքի արտահայտման, իր Մայրենի լեզվի անաղարտ պահելուն նվիրվածության համար։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և կարևորեց նման թեմաներով քննարկումները առավել լայնածավալ ու հաճախ անցկացնելը։ Դպրոցների մանկավարժները ևս իրենց շնորհակալալան խոսքում արժևորում ու կարևորում էին նմանատիպ միջոցառումները։

ԵԿ-ի պատասխանատու Կ․ Թադևոսյանը իր եզրափակիչ ելույթում հայտնեց գոհունակությունը կլոր սեղան-քննարկման ընթացքին, որը ծառայելով իր նպատակին, տվեց իր ցանկալի արդյունքը։ Նա շնորհալաություն հայտնեց հյուրերին, բոլոր ներկաներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար»,- նշված է տեղեկատվության մեջ: