Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվել է Թարգմանչաց տոնը:
«Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց
Ամեն ժողովուրդ իր ազգային եկեղեցական տոներն ունի։ Հայ ժողովուրդն այն եզակիներից է, որն այլ տոների շարքում ունի իր լեզվի ու մշակույթի տոնը։ Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է։
Աստված խոսեց հայերեն, իսկ հայը կարողացավ խոսել Տիրոջ հետ մայրենի լեզվով: Այս ամենը տեղի ունեցավ ոսկեդարի թարգմանիչների շնորհիվ, որոնց հիշատակը Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։
Հոկտեմբերի 13-ին Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեծ շուքով նշվեց Թարգմանչաց տոնը, որին մասնակցում էին նաև Նինոծմինգայի ԵԿ-ի և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները (ղեկավարությամբ կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի և տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանի)։
Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերից հետո, Ախալքալաքի ԵԿ-ի երգի խմբակի սաների կատարմամբ միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Ախալքալաքի ԵԿ-ի տնօրեն տիկին Կարինե Թադևոսյանը ողջունեց հյուրերին, միջոցառման մասնակիցներին, հանդիսատեսին։ Նա խոսեց Թարգմանչաց տոնի խորհրդի մասին։ Միջոցառումը վարում էին Ախալքալաքի ԵԿ-ի Հայոց պատմության ուսուցչուհի Սյուզաննա Այվազյանն ու Գյումրիի «Ընտանիք» Կենտրոնի գեղմասվար Էլիզա Ֆրանգուլյանը։ Նրանք ներկայացրին փոքր պատմական ակնարկ գրերի ստեղծման անհրաժեշտության, մաշտոցյան գրերի ստեղծումից հետո թարգմանչական արվեստի կարևորության մասին։ Օրվա թեմային նվիրված վիկտորինային մասնակցում էին Գյումրիի Ընտանիք կենտրոնի, Ախալքալաքի ու Նինոծմինդայի ԵԿ-ների, ինչպես նաև մի քանի հանրային դպրոցների աշակերտներ։ Վիկտորինան անցավ սաների ակտիվ մասնակցությամբ։ Միջոցառման գեղարվեստական մասում, որին մասնակցում էին երեք կենտրոնների համապատասխան խմբերը, ընդգրկված էր թատերական ներկայացում՝ նվիրված հայոց գրերի գյուտին (Գյումրիի Կենտրոնի թատերական խումբ), օրվա խորհրդին համահունչ ասմունք, երգ ու պար։ Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն աշուղ Ալիք-Ջավախքը, Ախալքալաքի երաժշտական դպրոցի շրջանի մի քանի հանրային դպրոցների, Նինոծմինդայի ԵԿ-ի մանկավարժներ, Ախալքալաքի գավառագիտական թանգարանի տնօրեն՝ տիկին Սեդա Հակոբյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և բազմաթիվ ծնողներ։
Հավարտ միջոցառման, շնորհավորանքի ու գոհունակության խոսքով հանդես եկավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։ Նա կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ հայ երեխային ազգային ոգով դաստիարակելու համար և բարի երթ մաղթեց Եկ-ի գործունեությանը։ Օրվա խորհրդի մասին խոսեց նաև Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը։ Նա կարևորեց Ջավախք-Գյումրի կենտրոնների համագործակցությունը, հաջողություն մաղթեց Ախալքալաքի ԵԿ-ի գործունեությանը և շնորհակալություն՝ համատեղ միջոցառման նախաձեռնության համար։ Եղան նաև այլոց շնորհակալական խոսքեր՝ ուղղված միջոցառման կազմակերպիչներին։
Տոնական օրն ավարտվեց Ախալքալաքի ԵԿ-ի բակում կազմակերպված շուրջպարով»,- նշված է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։