կարևոր
4297 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 21:16
Հասարակություն

Թումանյանի 155-ամյակին նվիրված միջոցառում` Ախալքալաքի ԵԿ-ում. այն վարել է թումանյանագետ Անի Եղիազարյանը

Թումանյանի 155-ամյակին նվիրված միջոցառում` Ախալքալաքի ԵԿ-ում. այն  վարել է թումանյանագետ Անի Եղիազարյանը

Ախալքալաքի ԵԿ-ում անցկացվեց, Հովհ․Թումանյանի ծննդյան 155- ամյակին նվիրված միջոցառումների շարքից, դասախոսություն՝ «Հանճարեղ Թումանյանը» թեմայով։ Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի պաշտոնական էջը։

«Դասախոսությունը, որին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի ԵԿ-ների, հանրային դպրոցների բազմաթիվ աշակերտներ, ԵԿ-ների, դպրոցների մանկավարժներ, Երևանից հեռավար ձևաչափով, վարում էր թումանյանագետ Անի Եղիազարյանը։

Բանախոսը ներկայացնելով Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Թումանյանի կյանքն ու գրական - հասարակական գործունեությունը, սալիկաշարժով ցուցադրեց և պատմեց Թումանյանի 70-ամյա թանգարանի ստեղծման պատմությունը։

Նա սիրով պատասխանեց աշակերտների հղած հարցերին: Աշակերտներից մի քանիսը արտասանեցին Թումանյանի քառյակներից ու բանաստեղծություններից։

Հեռավար հանդիպումը բանախոս Անի Եղիազարյանի հետ այնքան ջերմ էր ու անմիջական, որ վերացել էր իրար կապող հեռավորությունն ու «Ամպի տակից ջուր է գալիս» հանրածանոթ երգը թևածեց դահլիճում ներկաների ու թումանյանագետի համատեղ կատարմամբ, (դաշնամուրային նվագակցությյունը Ախալքալաքի ԵԿ-ի երգարվեստի ուսուցչուհի Նազիկ Հակոբյաննին էր)։

Ներկաներից բանասեր - մանկավարժ Անահիտ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նման հանդիպում-դասախոսություն նախաձեռնելու, իսկ բանախոսին՝ լսարանին թումանյանական շունչ հաղորդելու, Թումանյանի կյանքից բազում հետաքրքիր դրվագներ ներկայացնելու համար։ Հավարտ հանդիպում-դասախոսության, Ախալքալաքի ԵԿ-ի տնօրեն Կարինե Թադևոսյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց օրվա բանախոս Անի Եղիազարյանին՝ առաջարկն ընդունելու և բովանդակալից, ուսուցանող դասախոսություն ներկայացնելու, համար, հնչեցված բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխանելու համար։ Թումանյանական հաջորդ միջոցառմանը մասնակցելու նպատակով,նա թումանյանագետին հրավիրեց Ջավախք․․․․․․․

Բանախոսը,իր հերթին, շնորհակալ եղավ կազմակերպիչներին՝ թումանյանական թեմայով դասախոսությունը վարելու առաջարկի համար և խոստացավ, որ հաջորդ հանդիպումը կլինի ոչ հեռավար՝ այլ Ջավախքում, գուցե, Թումանյանի սիրած վայրերից մեկում՝ Փարվանա լճի ափին կամ Գանձայում՝ Վահան Տերյանի տուն- թանգարանում․․․․․․»,-նշված է տեղեկատվության մեջ: