կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 17:23
Հասարակություն

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նոր մասնաշենք ունի

ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի կողմից ստեղծված` Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնին կից «Համո Օհանջանյան» մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 18-ին: Բացմանը ներկա էին Սփյուռքից ժամանած հյուրեր, Հայաստանի և Վրաստանի տարբեր բնագավառների, Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հոգևոր հայրեր, մշակույթի գործիչներ, դպրոցների տնօրեններ և այլ հրավիրյալներ:

Մասնաշենքի բացման համար ժապավենը կտրելու և Համո Օհանջանյանի պատկերը կրող ցուցատախտակի բացման պատիվը տրվեց Համազգային հայ կրթական ու մշակութային միության ԿՎ-ի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին և ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանին:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՕՄ-ի ՋՕԾՀ-ի ատենապետ Բագրատ Սարգսյանը: Նա ներկայացրեց ՀՕՄ- ՋՕԾՀ-ի` Ջավախքում ԵԿ-ներ բացելու նախաձեռնությունները, որոնց թիվը գնալով ավելանում է տարածաշրջանում: Նա կարևորեց ԵԿ-ների դերը երիտասարդության գաղափարական դաստիարակության ու հայապահպանման գործում: Նաև շնորհակալական խոսք հղեց աշխարհասփյուռ հայ բարերարներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ու շարունակում են ունենալ այս կենտրոնների ստեղծման գործում:

Համազգային հայ կրթական ու մշակութային միության ԿՎ-ի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ մանավանդ, որ այստեղ կգտնվինք բացումը կատարելու Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենքին՝ Համազգայինի գլխավոր հիմնադիրներեն մեկուն ծննդավայրին մեջ: Համո Օհանջանյանի կյանքն ինքնին հրապուրիչ դասագիրք է նոր սերունդներուն համար»: 

Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյան և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի շրջանից պատգամավոր Սամվել Պետրոսյանը նույնպես ողջույնի խոսքերում շնորհակալական խոսքեր հղեցին ծնունդով ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Համո Օհանջանյանի անունը կրող մասնաշենքի բացման հովանավորներին, բարերարներին:

Այնուհետև Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ տեր Բաբգեն վրդ. Սալբիյանի ձեռամբ կատարվեց նոր մասնաշենքի օրհնման արարողություն: 

Ներկաները նաև տեղեկացան, որ Ախալցխայի ԵԿ-ն բացվել է 2006թ. Ախալքալաքի ԵԿ-ն՝ 2007թ. Նինոծմինդայի ԵԿ- ն՝ 2014թ: Այս կենտրոններում գործում են հայերեն, վրացերեն, ռեւսերեն ու անգլերեն լեզուների, հայ ժողովրդի պատմության, նկարչության, հմուտ ձեռքերի, շախմատի, համակարգչային, ազգային երգ եւ պարի, թատերական, ինպես նաև գորգագործության խմբակներ: Կենտրոններ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելացել է և այս տարի հասել 200-250-ի: