կարևոր
697 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-22 10:24
Հասարակություն

Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշել են ՀՀ անկախության օրը

Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշել են ՀՀ անկախության օրը

Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կեջնտրոնում նշել են ՀՀ անկախության օրը: Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից: 

«33 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ անկախությունն ընտրելով երկրի հետագա զարգացման ու կայացման միակ ճիշտ ուղի:

Այսօր Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում նշվեց Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 33-րդ տարեդարձը։

Միջոցառումն սկսվեց Վրաստանի և ՀՀ պետական օրհներգերով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի կողմից հարձակման հետևանքով Արցախի անմեղ զոհերի և 2020թ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը։

ԵԿ-ի պատասխանատու Կ․ Թադևոսյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության օրվա առիթով, խոսեց օրվա խորհրդի մասին, անդրադարձավ 2023թ․ այս օրերին Արցախում տիրող իրավիճակին, որին հետևեց Արցախը հայաթափումը։ Նա կարևորեց սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելը, որը գրավականն է հայրենիքի անկախությանն ու հզորացմանը նեցուկ կանգնելու համար։

Կենտրոնի Հայոց պատմության խմբակի աշակերտները ներկայացրին Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման մասին պատմական ակնարկ։ Միջոցառման գեղարվեստական մասում ԵԿ-ի սաները ներկայացան հայրենասիրական թեմայով բանաստեղծություններով, երգերով ու պարերով։ Նկարչության խմբակի սաները ներկայացրին օրվա խորհրդին համապատասխան նկարներ:

Միջոցառմանը ներկա էին հանրային դպրոցների և ԵԿ-ի մանկավարժներ, ծնողներ ու լրագրողներ»,- նշված է տեղեկատվության մեջ: