Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամի ելույթում «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արմենուհի Կյուրեղյանը անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ու դրա սահմանադրականության մասին։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի հայրենակիցներ, ես այսօր նորից խոսելու եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի, նաև նրա սահմանադրականության մասին:
Նախ 2021թ-ին սկսվում է «կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացման հնարավորություն» գեղեցիկ ձևակերպումով փաթեթավորված մի գործընթաց: Նշեմ, որ այդ ժամանակ ոչ մի խոսք չի հնչել դրա արդյունքում համապատասխան միավոր չկուտակելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորության մասին:
Այնուհետև, 2022թ փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ կամավոր ատեստավորումը դառնում է արդեն ուսուցչի գիտելիքի ստուգման կամավոր-պարտադիր գործընթաց:
2022թ-ի ապրիլին, և ապա 2023թ-ին կառավարության որոշումներով նախ վերաատեստավորման հնարավորություն է տռրվում 50-59 միավոր հավաքածներին, և ապա 3-րդ անգամ վերաատեստավորման հնարավորություն՝ այն ուսուցիչներին, ովքեր 2-րդի ժամանակ հավաքել են 50-59 միավոր կամ 1-ինից 2-րդի անցման ժամանակ գրանցել են 15 միավոր աճ:
Փաստորեն, եթե ուսուցիչը առաջին անգամ հավաքել է 1 միավոր, իսկ 2-րդ անգամ՝ 16, ապա նա ստանում է վերաատեստավորման 3-րդ փորձի հնարավորություն, իսկ համապատասխանաբար՝ ասենք 40 և 49, չի ստանում:
Այսինքն 16 միավոր հավաքածը ունի 3-րդ հնարավորության իրավունք, իսկ 49 միավոր հավաքածը՝ ոչ: Սա մեկ անտրամաբանական որոշում:
Հաջորդը. Փաստորեն այս որոշման արդյունքում աշխատանքից ազատման վտանգի առաջ են կանգնում նրանք, ովքեր համարձակություն են ունեցել մասնակցելու այդ քննությանը:
Բայց եկեք հասկանանք, արագ խնդիր լուծելը դեռ լավ մանկավարժ լինելու երաշխիք չէ: Ի վերջո, մանկավարժի խնդիրը, գիտելիքի հաղորդումից բացի, աշակերտի մոտ մտածողություն ձևավորելն է, առարկայի նկատմամբ սեր առաջացնելը:
Եվ արդյունքում՝ աշխատանքային պայմանագրի լուծման խնդրի առաջ կանգնում են իրենց առարկան համեմատաբար լավ տիրապետողները և հատկապես մարզային, գյուղական բնակավայրերի դպրոցների առարկայական, շատ դեպքերում, միակ ուսուցիչները:
Այժմ 3-րդ նկատառումը միջին մասնագիտական կրթություն ունեցողների՝ աշխատանքից ազատելու մասին:
Մի կողմից, նրանց, իհարիկե, 10 տարի հնարավորություն է տրվել համապատասխան բարձրագույն կրթություն ստանալու, ինչի առկայությունը ես անհրաժեշտ եմ համարում,
բայց մյուս կողմից չեմ հասկանում օրենքի այն փոփոխությունը, որով օրենքի մակարդակում դպրոցները բաժանվում են գյուղական բնակավայրերի և ոչ գյուղական բնակավայրերի դպրոցների և 1-ին դեպքում որպես ուսուցիչ աշխատելու հնարավորություն են ստանում 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր դեռևս մանկավարժական պրակտիկա չեն էլ անցել:
Փաստորեն 25-30 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցողին ազատում են աշխատանքից, իսկ 4-րդ կուրսեցուն ընդունում են աշխատանքի, բայց գյուղական բնակավայրում:
Այժմ ամենակարևորը.
Այս տարբերակումները՝ կամավոր ատեստավորմանը դիմողին աշխատանքից ազատելու հնարավորությունը, գյուղական բնավայրի դպրոցներին ոչ բարձրագույն կրթությամբ ուսուցիչներով համալրելը արդյոք սահմանադրության 28-րդ հոդվածի խախտում չէ, որը պահանջում է օրենքի առաջ բոլորի հավասարություն:
Եվ հետո էլ ասում եք, թե խեղճ հարիֆն ինչ անի, իր թիմն անկարող է:
Նրանք անկարող չեն:
Հարիֆն իր թիմի հետ երկիրը կործանելու հստակ ծրագիր է իրականացնում»։
Մանրամասն՝ տեսանյութում