Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շարունակում է հանդիպել դպրոցների տնօրենների հետ` օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում: Այսօր ԿԳ նախարարը օգոստոսյան քննարկումներ անցկացրեց Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ զրույցում Մարգարյանը նշեց, որ քաղաքապետարանի հանրակրթության և սոցիալական վարչության ուշադրության կենտրոնում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, և իրենք հոգում են բոլոր պայմանները, որ բոլոր երեխաներն անպայման դպրոց հաճախեն: «Մենք գրենական պիտույքներ, հագուստ ենք տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին, որ մյուս երեխաներին հավասար կարողանան դպրոց հաճախել: Օրինակ` հուլիս ամսին մանկապարտեզների ավարտական միջոցառումների ժամանակ 10 000 երեխայի պայուսակ և գրենական պիտույքներ նվիրեցինք, որպեսզի կարողանանք մի փոքր թեթևացնել ծնողների բեռը»,- ասաց քաղաքապետը:
Հարցին, թե ինչո՞ւ են 65 տարեկանը լրացած տնօրեններին աշխատանքից հեռացնում, այն դեպքում, երբ նրանց հետ նոր է պայմանագիր կնքվել, Մարգարյանը պատասխանեց, որ ոչ բոլորին են հեռացնում աշխատանքից, այլ միայն նրանց, ովքեր տասնյակ տարիներ եղել են տնօրեն, և 65 տարեկանը լրանալուն պես` նոր պայմանագիր չի կնքվել: «Դա նորմալ է, մենք նրանց հնարավորություն ենք տալիս այլ դպրոցներում իրենց մանկավարժական աշխատանքը շարունակելու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի դպրոցի տնօրենի պաշտոնը մայրերից «ժառանգաբար» չփոխանցվի դուստրերին, Մարգարյանը պատասխանեց, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի նման քայլեր չկատարվեն, քանի որ իրենց համար էլ ընդունելի երևույթ չէ: «Այո, մայրերը տնօրեններ են եղել, և նրանց երեխաները կարող են, իրոք, արժանի տնօրեն լինել, բայց, բնականաբար, ոչ նույն դպրոցում: Դրա համար էլ մենք նրանց պետք է հնարավորություն տանք այլ դպրոցներում մրցույթի մասնակցելու»,- ասաց նա: